로그인

출애굽기 27장 Eastern (Genesis Exodus Gospels)

Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 21절

  1. 1 «Կարծր փայտից զոհասեղան կը պատրաստես: Հինգ կանգուն թող լինի դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը: Քառակուսի թող լինի զոհասեղանը: Երեք կանգուն թող լինի դրա բարձրութիւնը:
  2. 2 Դրա չորս անկիւնների վրայ եղջիւրներ կ՚անես այնպէս, որ դրանք միաձոյլ լինեն զոհասեղանի հետ: Դրանք կը պատես պղնձով:
  3. 3 Զոհասեղանի համար շրջանակ կը պատրաստես: Դրա խուփը, տաշտերը, մեծ պատառաքաղները, կրակարանները եւ ամբողջ սպասքը պղնձից կը պատրաստես:
  4. 4 Դրա համար պղնձից վանդակաւոր կասկարայ կը պատրաստես: Կասկարայի համար չորս կողմից չորս պղնձէ օղակներ կը պատրաստես:
  5. 5 Դրանք կը դնես զոհասեղանի կասկարայի տակ՝ ներքեւի մասում: Կասկարան թող հասնի մինչեւ զոհասեղանի մէջտեղը:
  6. 6 Զոհասեղանի համար լծակներ կը պատրաստես՝ լծակներ կարծր փայտից, եւ դրանք կը պատես պղնձով:
  7. 7 Լծակները կը մտցնես օղակների մէջ: Լծակները թող լինեն զոհասեղանի երկու կողմերից, որպէսզի հնարաւոր լինի այն բարձրացնել:
  8. 8 Փայտեայ շինուածքների մէջը դատարկ թող լինի: Կը պատրաստես ըստ այն օրինակի, որ ցոյց է տրուել քեզ լերան վրայ: Այդպէս կը պատրաստես այն»:
  9. 9 «Վրանի առաջ բակ կը շինես, բակի հարաւային կողմում՝ նրբահիւս բեհեզից պատրաստուած առագաստ: Հարիւր կանգուն թող լինի բակի մի կողմի երկարութիւնը:
  10. 10 Մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն:
  11. 11 Նոյն ձեւով հիւսիսային կողմում առագաստների երկարութիւնը թող լինի հարիւր կանգուն: Դրանց պղնձէ մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Դրանց գալարազարդերը, մոյթերը եւ խարիսխները թող լինեն արծաթապատ:
  12. 12 Ծովահայեաց բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ:
  13. 13 Արեւելեան կողմի առաջին բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ:
  14. 14 Առագաստների մի կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն երեք, դրանց խարիսխները՝ երեք:
  15. 15 Առագաստների միւս կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն երեք հատ, դրանց խարիսխները՝ երեք հատ:
  16. 16 Բակի դռան վարագոյրի բարձրութիւնը թող լինի քսան կանգուն: Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից պատրաստուած թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործութեամբ: Դրանց մոյթերը թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ:
  17. 17 Բակի շրջակայ բոլոր մոյթերը արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից:
  18. 18 Բակի երկարութիւնը հարիւր կանգուն թող լինի, լայնութիւնը՝ յիսուն, իսկ բարձրութիւնը՝ տասնհինգ կանգուն: Առագաստը նրբահիւս բեհեզից թող լինի: Դրանց խարիսխները պղնձից թող լինեն:
  19. 19 Վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները եւ բակի բոլոր ցիցերը պղնձից թող լինեն»:
  20. 20 «Իսրայէլացիներին կարգադրի՛ր, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծուած ձիթապտղի ձէթ բերեն լոյսի համար,
  21. 21 որպէսզի մշտավառ ճրագ լինի վկայութեան խորանում, ուխտի վարագոյրից դուրս: Եւ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ թող այն վառեն Տիրոջ առաջ: Դա Իսրայէլի որդիների կողմից հաստատուած յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ»:

Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗