출애굽기 28장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 43절
- 1 «Դու Իսրայէլի որդիներից քեզ մօտ կը բերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաեւ նրա որդիներին՝ Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն:
- 2 Ի պատիւ եւ ի փառս քո եղբայր Ահարոնի սրբազան զգեստներ կը պատրաստես:
- 3 Դու կը խօսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստութեան ոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնին սրբազան զգեստներ պատրաստեն սրբութեան համար, որոնցով էլ նա քահանայութեան պաշտօն է կատարելու ինձ համար:
- 4 Սրանք են այն զգեստները, որ նրանք պիտի պատրաստեն. մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն զգեստ, ուսի ու լանջի վակասներ, բեհեզէ պատմուճան, խոյր եւ գօտի: Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն:
- 5 Նրանք թող վերցնեն ոսկի, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ:
- 6 Վակասը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր նրբահիւս բեհեզից՝ այն զարդարելով նուրբ ասեղնագործութեամբ:
- 7 Երկու վակասները թող իրար միանան՝ երկու կողմերից իրար կապուելով:
- 8 Վակասի վերեւի մասը նոյն ձեւով պէտք է պատրաստուած լինի՝ մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից:
- 9 Զմրուխտէ երկու ակնաքար կ՚առնես եւ դրանց վրայ կը փորագրես Իսրայէլի որդիների անունները. նրանցից վեցի անունները կը փորագրես մի ակնաքարի վրայ եւ միւս վեցինը՝ երկրորդ ակնաքարի վրայ, ըստ իրենց ցեղերի:
- 10 Դա ակնագործների արուեստին վայել մի գործ պէտք է լինի:
- 11 Իսրայէլի որդիների անունները կը քանդակես երկու ակնաքարերի վրայ այնպէս, ինչպէս կնիքներն են քանդակում: Դրանց շուրջը ոսկով կը զարդարես:
- 12 Երկու ակնաքարերը կը զետեղես ուսի վրայ դրուող վակասի վրայ, որպէսզի դրանք Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը լինեն: Ահարոնը, ի յիշատակ նրանց, Աստծու առաջ իր երկու ուսերի վրայ պէտք է կրի Իսրայէլի որդիների անունները:
- 13 Օղակ ու ճարմանդ կը պատրաստես մաքուր ոսկուց:
- 14 Մաքուր ոսկուց կը պատրաստես այդ երկու կապիչները, որոնք ծաղկազարդ մանուածքով հիւսկէններ պէտք է լինեն: Կապիչները կ՚ամրացնես ուսանոցի երկու օղակներին՝
- 15 նրանց վտաւակների մօտ, առջեւի կողմից»:
- 16 «Դատաստանի լանջապանակը նկարազարդ կտորից կը պատրաստես. վակասի նման՝ ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից:
- 17 Քառակուսի կը պատրաստես այն՝ մէկ թիզ երկարութեամբ եւ մէկ թիզ լայնութեամբ:
- 18 Դրա վրայ ակնաքարերը կը շարես չորս շարք ընդելուզուածքով: Ակնաքարերի շարքերը այսպէս թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն եւ տպազիոն՝ մէկ շարք:
- 19 Երկրորդ շարքը՝ նռնաքար, շափիւղայ եւ յասպիս:
- 20 Երրորդ շարքը՝ գոճազմ, ագատ եւ սուտակ:
- 21 Չորրորդ շարքը՝ յակինթ, բիւրեղ եւ եղնգաքար: Դրանք թող դասաւորուեն ըստ իրենց նշուած շարքերի՝ ընդելուզուած, ոսկով ամրացուած:
- 22 Իսրայէլի որդիների անուններով փորագրուած ակնաքարերը թող լինեն թուով տասներկու՝ ըստ նրանց անունների թուի: Իւրաքանչիւրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենայ իր անունը:
- 23 Լանջապանակի վրայ մաքուր ոսկուց շինուած ոլորուն շղթայ կը պատրաստես:
- 24 Լանջապանակի վրայ երկու ոսկէ օղակներ կը պատրաստես եւ երկու օղակներ կ՚ամրացնես լանջապանակի երկու ծայրերին:
- 25 Երկու ոսկէ շղթաներ կ՚անցկացնես լանջապանակի ծայրին գտնուող երկու օղակների մէջ:
- 26 Երկու շղթաների երկու ծայրերը կը մտցնես երկու օղակների մէջ եւ վակասի առջեւի կողմից տանելով՝ կ՚անցկացնես վակասի ետեւի կողմը:
- 27 Երկու ոսկէ օղակներ էլ կը պատրաստես եւ դրանք կ՚ամրացնես լանջապանակի ներքեւի երկու ծայրերին, վակասին կցուած եզրերին:
- 28 Երկու ոսկէ այլ օղակներ կը պատրաստես եւ դրանք կ՚անցկացնես վակասի երկու ուսերին, ներքեւի կողմից, միմեանց դէմ դիմաց: Դրա կոճակները թող լինեն վակասի գօտու վրայ:
- 29 Լանջապանակի ու վակասի օղակների միջով կապոյտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացուեն իրար այնպէս, որ լանջապանակը լինի վակասի գօտու վրայ եւ վակասից չառանձնանայ:
- 30 Երբ Ահարոնը սրբարան կը մտնի, նա իր կրծքի վրայ թող կրի Իսրայէլի որդիների անուններով քանդակուած դատաստանի լանջապանակը, որպէսզի Աստծու առաջ յաւիտենապէս պահպանի նրանց յիշատակը:
- 31 Դատաստանի լանջապանակին կ՚ամրացնես շղթաների ծայրերը եւ լանջապանակի երկու կողմերից կը կապես: Երկու վահանաձեւ կոճակ կը դնես վակասի երկու ուսերին, առջեւի կողմից եւ ներքեւից: Դատաստանի լանջապանակի վրայ կը դնես յանդիմանութիւնն ու ճշմարտութիւնը: Դա թող լինի Ահարոնի կրծքի վրայ« »րբ նա սրբարան մտն»լով՝ ն»րկայանայ Տիրոջը: Եւ Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրայ միշտ թող կրի Իսրայէլի որդիների դատաստանի լանջապանակը»:
- 32 «Պճղնաւոր ներքին պատմուճան կը պատրաստես ամբողջութեամբ կապոյտ թելով հիւսուած կտաւից:
- 33 Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացուածք կը թողնես: Միացման տեղերը ամբողջական՝ մէկ կտոր թող լինեն, որպէսզի այդ զգեստը չպատռուի:
- 34 Ներքին պատմուճանների քղանցքներին, ներքեւի մասում մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր թելերով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կը գործես: Դրանք կը գործես ներքին պատմուճանների քղանցքների շուրջբոլորը: Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձեւը, եւ դրանց միջ»ւ շուրջանակի ոսկէ զանգակն»ր թող լին»ն:
- 35 Ոսկէ զանգակներն ու նռան ծաղկաբողբոջները շուրջանակի թող զարդարեն ներքին պատմուճանների քղանցքները:
- 36 Դա թող հագնի Ահարոնը, որպէսզի, երբ պաշտամունք է կատարում, Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու ելնելիս լսուեն դրանց արձակած ձայները, եւ Ահարոնը չմեռնի:
- 37 Մաքուր ոսկուց թիթեղ կը պատրաստես եւ դրա վրայ, ինչպէս կնիքի վրայ են փորագրում, «Սրբութիւն Տեառն» կը փորագրես:
- 38 Այն կ՚ամրացնես նրբահիւս կապոյտ ժապաւէնի վրայ:
- 39 Դա կը կապես Ահարոնի գլխին դրուող խոյրի վրայ՝ ճակատի կողմից: Ահարոնը պէտք է կրի Իսրայէլի որդիների նուիրած բոլոր ընծաները, եթէ նոյնիսկ նրանք անօրէնութիւններ գործած լինեն դրանք նուիրելիս: Դա միշտ Ահարոնի ճակատին պէտք է լինի, որպէսզի այդ ընծաները ընդունելի լին»ն Տիրոջը:
- 40 Մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն պատուճանը բեհեզից կը պատրաստես: Բեհեզից կը պատրաստես նաեւ ապարօշն ու նախշազարդ գօտին:
- 41 Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գօտիներ եւ խոյրեր կը պատրաստես պատուի եւ փառքի համար:
- 42 Դրանք կը հագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին: Կ՚օծես նրանց, կ՚օրհնես ու կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն:
- 43 Նրանց համար կտաւից անդրավարտիքներ կը պատրաստես, որպէսզի դրանք նրանց մէջքից մինչեւ սրունքները հասնելով՝ ծածկեն նրանց ամօթոյքը: Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն վկայութեան խորանը, կամ երբ պաշտամունք կատարելու համար մօտենան սուրբ սեղանին: Նրանք մեղք թող չգործեն, որպէսզի չմեռնեն: Դա թող լինի յաւիտենական օրէնք իր եւ իրեն յաջորդող սերնդի համար»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗