출애굽기 26장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 37절
- 1 «Նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւից տասշերտանի վարագոյրով խորան կը պատրաստես: Այն կը զարդարես ասեղնագործ քերովբէներով:
- 2 Վարագոյրի ամէն շերտի երկարութիւնը պէտք է լինի քսանութ կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնը պէտք է լինի:
- 3 Հինգ շերտերը պէտք է միացած լինեն իրար: Իրար պէտք է միացած լինեն նաեւ միւս հինգ շերտերը:
- 4 Շերտերի կցուածքի մի կողմից մէկ շերտի եզերքին կապոյտ ճարմանդներ պէտք է դնես: Նոյնը պէտք է անես նաեւ երկրորդ կցուածքի արտաքին շերտի եզերքին:
- 5 Յիսուն ճարմանդ կը դնես մի շերտի վրայ, յիսուն ճարմանդ էլ՝ կը դնես երկրորդ կցուածքի շերտի կողմից: Բոլոր ճարմանդները միմեանց դիմաց պէտք է լինեն:
- 6 Կը պատրաստես յիսուն ոսկէ օղակներ եւ շերտերը իրար կը միացնես կեռիկներով: Այսպիսով կը ստացուի մի խորան:
- 7 Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկոց կը պատրաստես: Տասնմէկ շերտերից թող բաղկացած լինի այն:
- 8 Ամէն մի շերտի երկարութիւնը պէտք է լինի երեսուն կանգուն, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Տասնմէկ շերտերի չափսը նոյնը պէտք է լինի:
- 9 Հինգ շերտերը իրար կը միացնես առանձին եւ վեց շերտերը՝ առանձին: Վեցերորդ շերտը իբրեւ կրկնակի ծածկոց թող կախուի խորանի ճակատի կողմից:
- 10 Յիսուն ճարմանդ կը պատրաստես կցուածքի ամէն շերտի եզերքին, յիսուն ճարմանդ էլ՝ երկրորդ կցուածքի շերտի եզերքին:
- 11 Կը պատրաստես յիսուն պղնձէ օղակներ եւ ճարմանդները օղակների մէջ անցկացնելով՝ իրար կը միացնես շերտերը: Կը ստացուի մի ամբողջութիւն:
- 12 Շերտերի աւելացած մասերը կը տեղաւորես վրանի տակ. շերտի այդ աւելացած մասի կէսով կը ծածկես վրանի ծայրամասերը՝ յետեւի կողմից:
- 13 Վրանի վարագոյրների երկարութեան աւելացած մասից մի կանգուն թող կախուի այս կողմից եւ մի կանգուն՝ այն կողմից: Վրանի ծայրերը թող ծածկուեն այս ու այն կողմից:
- 14 Վրանի ծածկը կը պատրաստես խոյերի շիկակարմիր մորթուց, իսկ դրա վրայ էլ մի ծածկ կը դնես կապոյտ մորթուց:
- 15 Վրանի ուղղահայեաց մոյթերը կը պատրաստես կարծր փայտից:
- 16 Ամէն մոյթի երկարութիւնը տասը կանգուն թող լինի, իսկ ամէն մոյթի հաստութիւնն ու լայնութիւնը մէկուկէս կանգուն թող լինի:
- 17 Ամէն մի մոյթ թող ունենայ իրար ագուցուած երկու ծղնի: Այդպէս կը պատրաստես վրանի բոլոր մոյթերը:
- 18 Վրանի հիւսիսային կողմում կը դնես քսան մոյթեր
- 19 եւ այդ քսան մոյթերի համար կը պատրաստես քառասուն արծաթէ խարիսխներ. երկու խարիսխ՝ վրանի մի մոյթի երկու կողմերի համար եւ երկու խարիսխ՝ մի մոյթի երկու կողմերի համար:
- 20 Վրանի միւս՝ հարաւային կողմում նոյնպէս կը դնես քսան մոյթեր իրենց քառասուն արծաթէ խարիսխներով:
- 21 Երկու խարիսխ՝ մի մոյթի երկու կողմերի համար:
- 22 Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում վեց մոյթ կը դնես:
- 23 Երկու մոյթ կը դնես խորանի անկիւններին՝ յետեւի կողմից:
- 24 Ներքեւի կողմից դրանք պէտք է իրար հաւասար լինեն: Նոյն ձեւով հաւասար թող լինեն դրա իրար ագուցուած զոյգ խոյակները: Նոյն ձեւով կը շինես երկու անկիւնների մոյթերը:
- 25 Այսպիսով կը ստացուի ութ մոյթ: Դրանց խարիսխները արծաթից թող լինեն. տասնվեց խարիսխ: Երկու խարիսխ՝ մի մոյթի համար նրա երկու կողմերից, եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար:
- 26 Կարծր փայտից նիգեր կը պատրաստես. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մոյթի համար,
- 27 հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար:
- 28 Մի նիգ էլ մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացուելով՝ դրանք թող միացնի իրար:
- 29 Մոյթերը կը պատես ոսկով: Կը պատրաստես ոսկէ օղակներ, որոնց մէջ կը հագցնես նիգերը: Նիգերը կը պատես ոսկով:
- 30 Վրանը կը կանգնեցնես այն ձեւով, որ ցոյց տրուեց քեզ լերան վրայ:
- 31 Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր կը պատրաստես: Այն կը զարդարես ասեղնագործուած քերովբէով:
- 32 Այն կ՚ամրացնես կարծր փայտից շինուած եւ ոսկով պատած չորս մոյթերի վրայ: Դրանց խոյակները թող լինեն ոսկուց, իսկ խարիսխները՝ արծաթից: Վարագոյրը կը ձգես մոյթից մոյթ:
- 33 Վկայութեան տապանակը կը տանես այնտեղ, վարագոյրի ներսի կողմը, եւ վարագոյրը ձեզ համար սրբութիւնը կ՚առանձնացնի սրբութիւնների սրբութիւնից:
- 34 Սրբութիւնների սրբութեան տեղում վկայութեան տապանակը կը ծածկես վարագոյրով:
- 35 Զոհասեղանը կը դնես վարագոյրի դրսի կողմը, իսկ աշտանակը՝ զոհասեղանի դիմաց, վրանի հարաւային կողմում: Զոհասեղանը կը դնես վրանի հիւսիսային կողմում:
- 36 Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից կը պատրաստես վրանի դռան առագաստը՝ նկարազարդ մի գործ:
- 37 Առագաստի համար կարծր փայտից հինգ մոյթ կը պատրաստես եւ դրանք կ՚ոսկեզօծես: Դրանց խոյակները թող լինեն ոսկուց: Դրանց համար հինգ պղնձէ խարիսխ կը ձուլես»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗