출애굽기 25장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 39절
- 1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
- 2 «Իսրայէլի որդիներին կ՚ասես, որ առնեն ինձ սահմանուած ընծաները: Թող առնեն նրանցից, ում սրտից են բխում:
- 3 Սրանք են այն ընծաները, որ դուք կ՚առնէք նրանցից. ոսկի, արծաթ, պղինձ,
- 4 կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւ, նրբահիւս բեհեզ, այծի մազ,
- 5 խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ եւ կարծր փայտեր,
- 6 լոյսի համար ձէթ եւ օծութեան իւղի ու խնկի համար բաղադրանիւթեր,
- 7 սարդիոնի քարեր, վակասի վրայ ագուցուելու քարեր եւ պատմուճան:
- 8 Ինձ համար սրբարան կը կառուցես, եւ ես կ՚երեւամ ձեզ:
- 9 Դու խորանն ու նրա ամբողջ սպասքը ինձ համար կը պատրաստես ըստ այն օրինակի, որ լերան վրայ ցոյց կը տամ քեզ: Այսպէս կը պատրաստես.
- 10 Վկայութեան տապանակ կը պատրաստես կարծր փայտից: Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը:
- 11 Այն կը պատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կ՚ոսկեզօծես այն: Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ:
- 12 Դրա համար չորս ոսկէ օղակներ կը ձուլես եւ կը դնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից, եւ երկու օղակները՝ միւս կողմից:
- 13 Կարծր փայտից լծակներ կը պատրաստես եւ դրանք կը պատես ոսկով:
- 14 Լծակները կ՚անցկացնես տապանակի կողքերին ամրացուած օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն տապանակը:
- 15 Լծակները վկայութեան տապանակի օղակների մէջ թող մնան՝ լինեն դրան ամրացուած:
- 16 Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ:
- 17 Քաւութեան խնկամանի կափարիչը կը պատրաստես մաքուր ոսկուց: Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը:
- 18 Կոփածոյ երկու ոսկեայ քերովբէներ կը պատրաստես եւ դրանք կը դնես կափարիչի երկու ծայրերին:
- 19 Քերովբէներից մէկը թող լինի կափարիչի մի ծայրին, իսկ միւսը՝ միւս ծայրին:
- 20 Երկու քերովբէներ կը դնես դրա երկու ծայրերին. թող քերովբէները դէպի վեր տարածեն իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի անեն կափարիչի վրայ: Նրանց գլուխները թող լինեն միմեանց յանդիման, որպէսզի քերովբէների երեսները նայեն կափարիչին: Կափարիչը կը դնես տապանակի վրայ՝ վերեւի կողմից:
- 21 Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ:
- 22 Ես քեզ կը յայտնուեմ այնտեղ եւ վկայութեան տապանակի կափարիչի վրայ գտնուող երկու քերովբէների արանքից քեզ հետ կը խօսեմ այն ամենի մասին, ինչ պատուիրելու եմ քեզ Իսրայէլի որդիների վերաբերեալ»:
- 23 «Սեղան կը պատրաստես կարծր փայտից: Երկու կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկ կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը:
- 24 Այն կը պատես մաքուր ոսկով: Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ:
- 25 Դրա չորս կողմը մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ կը դնես եւ այն չորս կողմից կը պատիս ոսկով:
- 26 Եւ չորս ոսկէ օղակներ կը պատրաստես եւ օղակները կը դնես չորս անկիւններին, ուր, պսակից ներքեւ, դրա չորս ոտքերն են:
- 27 Օղակները կը ծառայեն այն բանին, որ լծակները դրանց մէջ անցկացնելով՝ կը բարձրացնեն սեղանը:
- 28 Լծակները կը պատրաստես չփչացող փայտից եւ դրանք կը պատես մաքուր ոսկով: Դրանցից բռնելով՝ կը բարձրացուի սեղանը:
- 29 Կը պատրաստես դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի պիտի մատուցես: Մաքուր ոսկուց կը պատրաստես դրանք:
- 30 Սեղանի վրայ, իմ առաջ, մշտապէս կը դնես առաջաւորութեան հաց»:
- 31 «Մաքուր ոսկուց աշտանակ կը պատրաստես: Քանդակազարդ կ՚անես աշտանակը եւ այնպէս, որ բունը, ճիւղերը, սկահակները, գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ լինեն:
- 32 Վեց ճիւղեր պէտք է տարածուեն նրա կողքերից. աշտանակի երեք ճիւղերը պէտք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի միւս երեք ճիւղերը՝ միւս կողմից:
- 33 Ամէն մի ճիւղ պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ: Միւս ճիւղերն էլ պէտք է ունենան գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ: Այսպէս թող լինեն աշտանակի կողքերից դուրս եկած վեց ստեղները.
- 34 աշտանակի բունը պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած չորս սկահակներ:
- 35 Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու ճիւղերի տակ պէտք է լինի մի գնդիկ: Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու միւս ճիւղերի տակ նոյնպէս պէտք է լինի մի գնդիկ: Նոյն ձեւով կը պատրաստես աշտանակի կողքերից դուրս եկած վեց ճիւղերը,
- 36 այնպէս, որ նրանց գնդիկներն ու ճիւղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջութեամբ քանդակազարդ, մէկ կտոր մաքուր ոսկուց:
- 37 Դրա համար կը պատրաստես եօթը կանթեղ եւ կանթեղները կը դնես աշտանակի վրայ այնպէս, որ դրանք լուսաւորեն դէմից:
- 38 Դրա ունելիներն ու պատուանդանը կը պատրաստես մաքուր ոսկուց: Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կը պատրաստես: Դրա ունելիներն ու պատուանդանը կը պատրաստես մաքուր ոսկուց: Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կը պատրաստես:
- 39 Ուշադի՛ր եղիր, կ՚անես ըստ այն օրինակի, որ քեզ ցոյց տրուեց լերան վրայ»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗