로그인

출애굽기 24장 Eastern (Genesis Exodus Gospels)

Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 18절

  1. 1 Աստուած ասաց Մովսէսին. «Բարձրացէ՛ք Տիրոջ մօտ դու, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու Իսրայէլի ծերերից եօթանասուն տղամարդ: Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռուից:
  2. 2 Աստծուն թող մօտենայ միայն Մովսէսը, իսկ միւսները թող չմօտենան: Ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանայ»:
  3. 3 Մովսէսն եկաւ ու ժողովրդին յայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները: Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տուեց ու ասաց. «Կը կատարենք բոլոր այն պատգամները, որ տուել է Տէրը, կ՚ենթարկուենք դրանց»:
  4. 4 Մովսէսը գրի առաւ Տիրոջ բոլոր պատգամները: Մովսէսն առաւօտեան վեր կենալով՝ զոհասեղան կառուցեց լերան ստորոտին եւ տասներկու վէմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի:
  5. 5 Նա ուղարկեց իսրայէլացի երիտասարդներ, որոնք ողջակէզներ մատուցեցին, փրկութեան համար Աստծուն հորթեր զոհաբերեցին:
  6. 6 Մովսէսն առնելով զոհերի արեան կէսը՝ լցրեց ամանների մէջ, իսկ արեան միւս կէսը հեղեց զոհասեղանի առաջ:
  7. 7 Նա, վերցնելով ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի: Ժողովուրդն ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Տէրը, կը կատարենք, կ՚ենթարկուենք»:
  8. 8 Մովսէսը, վերցնելով արիւնը, շաղ տուեց ժողովրդի վրայ ու ասաց. «Սա այն ուխտի արիւնն է, որ կնքեց Տէրը ձեզ հետ, որպէսզի կատարէք նրա բոլոր պատգամները»:
  9. 9 Մովսէսը, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու իսրայէլացի ծերերից եօթանասուն տղամարդ բարձրացան
  10. 10 եւ տեսան այն տեղը, ուր կանգնել էր Իսրայէլի Աստուածը: Նրա կանգնած տեղը կարծես շափիւղայի աղիւսներով էր զարդարուած, եւ դա ջինջ երկնքի նմանութիւնն ունէր:
  11. 11 Իսրայէլացի ընտրեալներից ոչ մէկը չմեռաւ: Նրանք յայտնուեցին այնտեղ, ուր գտնւում էր Աստուած: Եւ կերան ու խմեցին:
  12. 12 Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր ինձ մօտ՝ լեռը, այնտեղ եղի՛ր, եւ քեզ պիտի տամ քարէ այն տախտակները, որոնց վրայ գրելու եմ իմ օրէնքներն ու պատուիրանները: Դրանք նրանց համար օրէնսդրութիւն պիտի լինեն»:
  13. 13 Մովսէսն ու նրա սպասաւոր Յեսուն բարձրացան Աստծու լեռը:
  14. 14 Մովսէսն ասաց ծերերին. «Հանգստացէ՛ք այստեղ, մինչեւ որ մենք վերադառնանք ձեզ մօտ: Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են: Եթէ որեւէ մէկը վէճ ունենայ, թող գնայ նրանց մօտ»:
  15. 15 Մովսէսը բարձրացաւ լեռը, եւ ամպը ծածկեց լեռը:
  16. 16 Տիրոջ փառքն իջաւ Սինա լերան վրայ, եւ ամպն այն ծածկեց վեց օր: Տէրը եօթներորդ օրը Մովսէսին կանչեց ամպի միջից:
  17. 17 Տիրոջ փառքի տեսիլքը բորբոքուած կրակի նման իջաւ Իսրայէլի որդիների առաջ, լերան գագաթը:
  18. 18 Մովսէսը մտաւ ամպի մէջ ու բարձրացաւ լեռը: Մովսէսը լերան վրայ մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր:

Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗