출애굽기 23장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 33절
- 1 «Ականջ մի՛ դիր սուտ լուրերին:Յանձն մի՛ առ յօգուտ անիրաւի անիրաւ վկայ լինել:
- 2 Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի՛ ընկիր: Բազմութեանը մի՛ խառնուիր՝ անիրաւութիւն գործելու համար նրան ենթարկուելով,
- 3 եւ դատի տակ ընկածին յանիրաւի մի՛ խղճա դատաստանի ժամանակ:
- 4 Եթէ հանդիպես քո թշնամու մոլորուած եզան կամ էշին, դրան կը դարձնես ու կը հասցնես իր տիրոջը:
- 5 Եթէ տեսնես, որ մէկի գրաստը բեռան ծանրութեան տակ ընկել է, նրա կողքից անտարբեր մի՛ անցիր, այլ նրան օգնելով բարձրացրո՛ւ այն:
- 6 Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթէ նոյնիսկ դատուողը քո ծանօթն է:
- 7 Հեռու կը մնաս ամէն տեսակ անիրաւ գործերից: Մահուան չդատապարտես անպարտին ու արդարին: Մեղաւորին կաշառուելով չարդարացնես:
- 8 Կաշառք չվերցնես, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ աւերում արդար գործերը:
- 9 Պանդուխտին մի՛ ճնշիր. դուք գիտէք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում»:
- 10 «Վեց տարի կը մշակես քո հողը եւ կը հաւաքես դրա բերքը:
- 11 Եօթներորդ տարում չես մշակի այն եւ կը թողնես, որ հանգստանայ: Քո ցեղի աղքատները թող ուտեն ինքնաբոյս բերքը, իսկ դրանից աւելացածները թող ուտեն վայրի գազանները: Այդպէս կը վարուես քո այգու եւ քո ձիթաստանի հետ:
- 12 Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը թողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաեւ քո աղախնու եւ օտարականի որդիները:
- 13 Ինչ որ ասացի ձեզ, կը կատարէք: Օտար աստուածներ մի՛ պաշտէք, նրանց անունները ձեր բերանից չլսուեն»:
- 14 «Տարուայ մէջ երեք անգամ ինձ համար տօն կը կատարէք:
- 15 Բաղարջակերաց տօնը կը պահէք: Նոր բերքի ամսին եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, ինչպէս պատուիրել եմ ձեզ, որովհետեւ դուք ա՛յդ ժամանակ ելաք Եգիպտացիների երկրից: Իմ առաջ դատարկաձեռն չերեւաս:
- 16 Ինչ էլ որ ցանած լինես քո հանդում, կը կատարես ամառուայ քո առաջին բերքը քաղելու տօնը: Տօն կը կատարես նաեւ տարուայ վերջում, երբ հանդից հաւաքած կը լինես քո բերքը:
- 17 Քո ժողովրդի բոլոր արու զաւակները տարուայ մէջ երեք անգամ պէտք է ներկայանան տէր Աստծուն:
- 18 Քո արած զոհաբերութեան արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ իմ տօնին արուած զոհաբերութեան ճարպը մինչեւ առաւօտ չպահես:
- 19 Քո առաջին բերքի արդիւնքը կը բերես քո տէր Աստծու տունը: Գառը իր մօր կաթի մէջ չեփես»:
- 20 «Եւ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մօտ, որպէսզի նա քո առաջից գնալով՝ քեզ պահպանի ճանապարհին ու տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար:
- 21 Զգո՛յշ եղիր անձիդ նկատմամբ, լսի՛ր ու հնազանդուի՛ր նրան, որպէսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է գործելու:
- 22 Եթէ ուշադիր լսես իմ խօսքը եւ կատարես այն ամէնը, ինչ ասել եմ քեզ, ես կը լինեմ քո թշնամիների թշնամին եւ կը դառնամ քո հակառակորդների հակառակորդը,
- 23 որովհետեւ իմ հրեշտակը քեզ առաջնորդ կը լինի, քեզ կը տանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, գերգեսացիների, խեւացիների ու յեբուսացիների մօտ, որոնց ես կոտորելու եմ:
- 24 Չերկրպագես նրանց աստուածներին, չպաշտես նրանց եւ չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք եւ ջարդիր փշրի՛ր նրանց յուշարձանները:
- 25 Պաշտի՛ր քո տէր Աստծուն, եւ ես կ՚օրհնեմ քո հացն ու ջուրը եւ ձեզնից կը վանեմ հիւանդութիւնները:
- 26 Քո երկրում անսեռունակ տղամարդ եւ ամուլ կին չեն լինելու: Ես աւելացնելու եմ քո կեանքի տարիները:
- 27 Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ դա առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը ոտք պիտի դնես: Քո բոլոր հակառակորդներին փախուստի պիտի մատնեմ:
- 28 Քո առաջից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խեւացիներին, քանանացիներին ու քետացիներին:
- 29 Մի տարուայ ընթացքում չէ, որ պիտի հեռացնեմ նրանց քեզնից, որպէսզի երկիրը անապատի չվերածուի, եւ քո շրջակայքում չբազմանան երկրի գազանները:
- 30 Կամաց-կամաց պիտի հեռացնեմ դրանց քեզնից, մինչեւ որ բազմանաս ու ժառանգես երկիրը:
- 31 Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատից մինչեւ Եփրատ մեծ գետը: Ձեր ձեռքը պիտի յանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից:
- 32 Դու նրանց ու նրանց չաստուածների հետ ուխտ չդնես:
- 33 Նրանք քո երկրում չպիտի բնակուեն, որպէսզի իմ նկատմամբ յանցանքի չմղեն քեզ, որովհետեւ, եթէ ծառայես նրանց չաստուածներին, նրանք գայթակղութիւն կը լինեն քեզ համար»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗