로그인

창세기 7장 Eastern (Genesis Exodus Gospels)

Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 24절

  1. 1 Տէր Աստուած ասաց Նոյին. «Դու եւ քո ողջ ընտանիքը մտէ՛ք տապան, որովհետեւ մարդկային ցեղի մէջ միայն քե՛զ գտայ արդար իմ հանդէպ:
  2. 2 Անպիղծ բոլոր կենդանիներից եօթը-եօթը՝ արու եւ էգ, կը մտցնես քեզ հետ, իսկ պիղծ բոլոր կենդանիներից երկու-երկու՝ արու եւ էգ,
  3. 3 նաեւ երկնքի անպիղծ թռչուններից եօթը-եօթը՝ արու եւ էգ, իսկ պիղծ թռչուններից երկու-երկու՝ արու եւ էգ, որ սերունդ պահպանուի ողջ երկրի վրայ:
  4. 4 Եօթը օր յետոյ ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրեւ պիտի թափեմ երկրի վրայ եւ երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամէն մի էակ»:
  5. 5 Նոյն արեց այն ամէնը, ինչ պատուիրեց Տէր Աստուած:
  6. 6 Նոյը վեց հարիւր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղաւ երկրի վրայ:
  7. 7 Ջրհեղեղի պատճառով Նոյի հետ տապան մտան նրա որդիները, նրա կինն ու նրա որդիների կանայք:
  8. 8 Անպիղծ թռչուններից ու պիղծ թռչուններից, երկրի վրայ սողացող բոլոր սողուններից
  9. 9 երկու-երկու՝ արու եւ էգ, Նոյի հետ մտան տապան, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած:
  10. 10 Եօթը օր յետոյ երկրի վրայ ջրհեղեղ եղաւ:
  11. 11 Նոյի կեանքի վեցհարիւրերորդ տարում, երկրորդ ամսի քսանեօթին ժայթքեցին ստորգետնեայ բազում աղբիւրներ, բացուեցին երկնքի ջրվէժները:
  12. 12 Երկրի վրայ անձրեւ թափուեց քառասուն օր ու քառասուն գիշեր:
  13. 13 Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սէմը, Քամը, Յաբէթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը եւ նրա որդիների երեք կանայք:
  14. 14 Նրանք եւ ամէն տեսակ գազան, ամէն տեսակ անասուն, երկրի վրայ սողացող ամէն տեսակ սողուն եւ ամէն տեսակ թռչուն
  15. 15 մտան տապան՝ Նոյի մօտ, երկու-երկու բոլոր այն էակներից, որոնց մէջ կենդանութեան շունչ կար:
  16. 16 Տապան մտնող էակները արու եւ էգ էին, ինչպէս պատուիրել էր Աստուած Նոյին: Տէր Աստուած նրա ետեւից փակեց տապանը:
  17. 17 Երկրի վրայ քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղաւ: Յորդացաւ ջուրն ու բարձրացրեց տապանը, եւ տապանը կտրուեց գետնից:
  18. 18 Ջուրն աւելի ու աւելի վարարեց, ողողեց երկիրը, եւ տապանը լողաց ջրերի վրայ:
  19. 19 Ջուրն այնքան սաստկացաւ երկրի վրայ, որ ծածկեց երկնքի տակ գտնուող բոլոր բարձրաբերձ լեռները:
  20. 20 Տասնհինգ կանգուն աւելի վեր բարձրացաւ ջուրը եւ ծածկեց բոլոր լեռները:
  21. 21 Մեռան երկրի վրայ շարժուող բոլոր կենդանի էակները՝ թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրայ սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ:
  22. 22 Ցամաքի վրայ եղած ամէն բան, որ կենդանի շունչ ունէր իր ռունգերի մէջ, ոչնչացաւ:
  23. 23 Աստուած բնաջնջեց երկրի երեսին գտնուող ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն, սողուններից մինչեւ երկնքի թռչունները: Նրանք վերացան երկրի երեսից: Կենդանի մնաց միայն Նոյը, նաեւ նրանք, որ նրա հետ տապանում էին:
  24. 24 Ջուրը հարիւր յիսուն օր ողողեց երկիրը:

Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗