창세기 6장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 22절
- 1 Երբ սկսեցին մարդիկ բազմանալ երկրի վրայ եւ դուստրեր ունեցան,
- 2 Աստծու որդիները, տեսնելով որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, կին առան նրանց, ում ընտրեցին:
- 3 Տէր Աստուած ասաց. «Իմ ոգին յաւիտեան թող չմնայ այդ մարդկանց մէջ, որովհետեւ նրանք մարմնաւոր են: Նրանց կեանքի սահմանը թող լինի հարիւր քսան տարի»:
- 4 Այդ օրերին հսկաներ էին ապրում երկրի վրայ: Երբ Աստծու որդիները մարդկանց դուստրերի հետ պառկեցին, իրենց համար որդիներ ծնեցին: Նրանք այն հսկաներն էին, որոնք հնուց ի վեր անուանի մարդիկ էին:
- 5 Երբ Տէր Աստուած տեսաւ, որ մարդկանց չարագործութիւնները բազմանում են երկրի վրայ, եւ ամէն ոք իր մտքում ամէն օր խնամքով չարագործութիւններ է նիւթում,
- 6 զղջաց Աստուած, որ մարդ է ստեղծել երկրի վրայ, եւ տրտմեց իր հոգու խորքում:
- 7 Տէր Աստուած ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ իմ ստեղծած ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն եւ սողուններից մինչեւ երկնքի թռչունները, որովհետեւ զղջացել եմ, որ ստեղծել եմ նրանց»:
- 8 Նոյը, սակայն, արժանացել էր Տէր Աստծու սիրուն:
- 9 Այս է Նոյի պատմութիւնը: Նոյը կատարեալ եւ արդար մարդ էր իր ազգի մէջ: Նոյը սիրելի եղաւ Աստծուն:
- 10 Նոյը ծնեց երեք որդի. Սէմին, Քամին, Յաբէթին:
- 11 Ապականուեց երկիրն Աստծու առաջ, աշխարհը լցուեց անարդարութեամբ:
- 12 Տէր Աստուած տեսաւ, որ երկիրն ապականուած է, որովհետեւ երկրի վրայ ամէն էակ ապականել էր իր ճանապարհը:
- 13 Տէր Աստուած ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց վերջը հասել է, որովհետեւ երկիրը լցուել է նրանց անիրաւութիւններով: Ես կ՚ոչնչացնեմ նրանց ու երկիրը:
- 14 Արդ, դու քեզ համար քառակուսի փայտից տապան կը շինես: Տապանը բաժանմունքներով կը պատրաստես եւ ներսից ու դրսից կուպրով կը ծեփես:
- 15 Տապանն այսպէս կը շինես. թող երեք հարիւր կանգուն լինի տապանի երկարութիւնը, յիսուն կանգուն՝ լայնութիւնը, եւ երեսուն կանգուն՝ բարձրութիւնը:
- 16 Տապանն աստիճանաբար նեղացնելով կը շինես, այնպէս, որ նրա ծածկը մի կանգուն լինի: Տապանի դուռը կողքից կ՚անես. ներքնայարկ, միջնայարկ ու վերնայարկ թող ունենայ տապանը:
- 17 Իսկ ես, ահա, ջրով կը հեղեղեմ երկիրը՝ ոչնչացնելու համար երկնքի տակ գտնուող ամէն մի շնչաւոր էակ. եւ այն ամէնը, ինչ կայ երկրի վրայ, կ՚ոչնչանայ:
- 18 Ես իմ ուխտը կը հաստատեմ քեզ հետ, եւ տապան կը մտնես դու, քեզ հետ նաեւ՝ քո որդիները, քո կինը եւ քո որդիների կանայք:
- 19 Բոլոր կենդանիներից, բոլոր գազաններից ու բոլոր էակներից երկու-երկու կը մտցնես տապան, որ նրանք կերակրուեն քեզ հետ: Թող դրանք արու եւ էգ լինեն:
- 20 Ամէն տեսակ թռչուններից, ամէն տեսակ կենդանիներից, երկրի ամէն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու, արու եւ էգ, թող մտնեն քեզ հետ, որ կերակրուեն քեզ հետ:
- 21 Եւ դու կը վերցնես բոլոր այն ուտելիքներից, որոնցով պիտի սնուէք: Դրանք կը կուտակես քեզ մօտ, որպէսզի քեզ ու նրանց համար կերակուր լինեն»:
- 22 Եւ Նոյն արեց այն ամէնը, ինչ պատուիրեց նրան Տէր Աստուած: Նա այդպէս էլ արեց:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗