창세기 8장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 22절
- 1 Աստուած յիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնուող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին: Աստուած հողմ բարձրացրեց երկրի վրայ, եւ անձրեւը դադարեց:
- 2 Փակուեցին ստորգետնեայ աղբիւրներն ու երկնքի սահանքները, դադարեց նաեւ երկնքից թափուող անձրեւը:
- 3 Ջուրը գնալով իջնում, քաշւում էր երկրի վրայից, եւ հարիւր յիսուն օր անց այն նուազեց:
- 4 Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ:
- 5 Ջուրը մինչեւ տասներորդ ամիսը քաշւում էր, նուազում: Տասնմէկերորդ ամսի առաջին օրը երեւացին լեռների գագաթները:
- 6 Քառասուն օր յետոյ Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը:
- 7 Նա արձակեց մի ագռաւ, որը գնաց, բայց չվերադարձաւ, մինչեւ որ ջուրը ցամաքէր երկրի վրայից:
- 8 Յետոյ նա արձակեց մի աղաւնի՝ տեսնելու, թէ ջրերը քաշուե՞լ են երկրի երեսից:
- 9 Աղաւնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձաւ նրա մօտ՝ տապան, որովհետեւ ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը: Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան եւ բերեց իր մօտ՝ տապան:
- 10 Նա սպասեց եւս եօթը օր ու տապանից դարձեալ արձակեց աղաւնուն:
- 11 Աղաւնին նրա մօտ վերադարձաւ երեկոյեան: Նրա կտուցին ձիթենու մի շիւղ կար: Նոյը դրանից հասկացաւ, որ ջրերը քաշուել են երկրի վրայից:
- 12 Նոյն սպասեց եւս եօթը օր ու նորից արձակեց աղաւնուն, որն այլեւս նրա մօտ չվերադարձաւ:
- 13 Նոյի կեանքի վեցհարիւրմէկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշուեցին երկրի վրայից: Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը եւ տեսաւ, որ ջուրը քաշուել է երկրի երեսից:
- 14 Երկրորդ ամսի քսանեօթներորդ օրը երկիրը ցամաքեց:
- 15 Տէր Աստուած Նոյին ասաց.
- 16 «Դո՛ւրս եկէք այդ տապանից դու, քո կինը, քո որդիները եւ քո որդիների կանայք,
- 17 նաեւ քեզ հետ եղող բոլոր գազանները, բոլոր էակները՝ թռչուններից մինչեւ անասունները: Դո՛ւրս հանիր քեզ հետ նաեւ երկրի վրայ սողացող բոլոր սողուններին, նրանք թող սողան երկրի վրայ: Աճեցէ՛ք եւ բազմացէ՛ք երկրի վրայ»:
- 18 Դուրս ելան Նոյը, նրա հետ նաեւ իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք:
- 19 Երկրի բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ իրենց տեսակներով, դուրս ելան տապանից:
- 20 Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար: Նա առաւ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից եւ ողջակիզեց զոհասեղանի վրայ:
- 21 Եւ Տէր Աստուած հոտոտեց անուշ բոյրը: Տէր Աստուած իր մտքում ասաց. «Մարդկանց չար արարքների համար ես երկիրն այլեւս չեմ անիծի, որովհետեւ մարդկանց միտքը մանկուց չարի ծառայութեան մէջ է: Ես այլեւս ոչ մի կենդանի էակի չեմ պատուհասի, ինչպէս արեցի:
- 22 Այսուհետեւ, քանի դեռ կայ երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տօթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗