요한복음 7장 Western NT
Western NT · 아르메니아어 · 요한복음 (John) · 53절
- 1 Ասկէ ետք Յիսուս կը շրջէր Գալիլեայի մէջ, քանի որ չէր ուզեր շրջիլ Հրէաստանի մէջ, որովհետեւ Հրեաները կը ջանային սպաննել զինք:
- 2 Հրեաներուն Տաղաւարներու տօնը մօտ էր.
- 3 ուստի իր եղբայրները ըսին իրեն. «Մեկնէ՛ ասկէ ու գնա՛ Հրէաստան, որպէսզի աշակերտնե՛րդ ալ տեսնեն քու գործերդ՝ որ կ՚ընես:
- 4 Որովհետեւ ո՛չ մէկը գաղտնի կ՚ընէ որեւէ բան, երբ կը ջանայ բացորոշապէս ճանչցնել ինքզինք. եթէ կ՚ընես այդ բաները, դուն քեզ բացայայտէ՛ աշխարհի»:
- 5 Քանի որ իր եղբայրներն ալ չէին հաւատար իրեն:
- 6 Յիսուս ըսաւ անոնց. «Իմ ժամանակս դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը պատրաստ է ամէն ատեն:
- 7 Աշխարհը չի կրնար ատել ձեզ, բայց կ՚ատէ զիս, որովհետեւ ես կը վկայեմ անոր մասին թէ իր գործերը չար են:
- 8 Դո՛ւք բարձրացէք այս տօնին. ես (դեռ) չեմ բարձրանար այս տօնին, որովհետեւ ժամանակս դեռ լրացած չէ»:
- 9 Ասիկա ըսելով անոնց՝ ինք մնաց Գալիլեա:
- 10 Բայց երբ իր եղբայրները բարձրացան, ի՛նքն ալ բարձրացաւ տօնին. ո՛չ թէ բացայայտօրէն, հապա՝ գաղտնի:
- 11 Իսկ Հրեաները կը փնտռէին զինք տօնին ատենը, ու կ՚ըսէին. «Ո՞ւր է ան»:
- 12 Բազմութեան մէջ շատ տրտունջ կար անոր մասին: Ոմանք կ՚ըսէին. «Բարի մարդ է»: Ուրիշներ կ՚ըսէին. «Ո՛չ, այլ ընդհակառակը՝ բազմութի՛ւնը կը մոլորեցնէ»:
- 13 Սակայն ո՛չ մէկը բացորոշապէս կը խօսէր անոր մասին՝ Հրեաներու վախէն:
- 14 Իսկ երբ տօնը կէս եղաւ՝ Յիսուս բարձրացաւ տաճարը, եւ կը սորվեցնէր:
- 15 Հրեաները կը զարմանային ու կ՚ըսէին. «Ի՞նչպէս ասիկա գիտէ Գիրքերը, քանի բնա՛ւ սորված չէ զանոնք»:
- 16 Յիսուս պատասխանեց անոնց. «Իմ ուսուցումս՝ ի՛մս չէ, հապա զիս ղրկողի՛նն է:
- 17 Եթէ մէկը ուզէ գործադրել անոր կամքը, պիտի գիտնայ թէ այս ուսուցումը Աստուծմէ՛ է, թէ ես ինձմէ կը խօսիմ:
- 18 Ա՛ն որ կը խօսի ինքնիրմէ՝ կը փնտռէ ի՛ր իսկ փառքը, բայց ա՛ն որ կը փնտռէ զինք ղրկողին փառքը՝ անիկա՛ ճշմարտախօս է, եւ անոր քով անիրաւութիւն չկայ:
- 19 Մովսէս չտուա՞ւ ձեզի Օրէնքը. բայց ձեզմէ ո՛չ մէկը կը գործադրէ Օրէնքը:
- 20 Ինչո՞ւ կը ջանաք սպաննել զիս»: Բազմութիւնը պատասխանեց. «Դե՛ւ կայ քու ներսդ. ո՞վ կը ջանայ սպաննել քեզ»:
- 21 Յիսուս պատասխանեց անոնց. «Գործ մը ըրի, եւ բոլորդ ալ կը զարմանաք:
- 22 Մովսէս տուաւ ձեզի թլփատութիւնը, (որ ո՛չ թէ Մովսէսէ էր՝ հապա նախնիքներէն,) ու մարդ կը թլփատէք Շաբաթ օրը:
- 23 Եթէ մարդ կը թլփատուի Շաբաթ օրը՝ որպէսզի Մովսէսի Օրէնքը չլուծուի, կը դառնանա՞ք ինծի դէմ՝ որ ամբողջ մարդ մը բժշկեցի Շաբաթ օրը:
- 24 Մի՛ դատէք երեւոյթին համեմատ, հապա դատեցէք արդարութեա՛մբ»:
- 25 Ուստի Երուսաղեմացիներէն ոմանք կ՚ըսէին. «Ասիկա չէ՞ ան՝ որ կը ջանան սպաննել:
- 26 Ահա՛ համարձակօրէն կը խօսի, ու ոչինչ կ՚ըսեն անոր. միթէ պետերը գիտցա՞ն թէ ճշմա՛րտապէս ա՛յս է Քրիստոսը:
- 27 Սակայն մենք գիտե՛նք թէ ասիկա ուրկէ՛ է. բայց երբ Քրիստոս գայ, ո՛չ մէկը պիտի գիտնայ անոր ուրկէ՛ ըլլալը»:
- 28 Իսկ Յիսուս՝ սորվեցնելու ատեն՝ տաճարին մէջ աղաղակեց. «Զի՛ս ալ կը ճանչնաք, եւ ուրկէ՛ ըլլալս ալ գիտէք: Ես ինձմէ եկած չեմ, հապա ա՛ն որ ղրկեց զիս՝ ճշմարիտ է: Դուք չէք ճանչնար զայն.
- 29 բայց ես կը ճանչնամ զայն, որովհետեւ ես անկէ եմ, եւ ա՛ն ղրկեց զիս»:
- 30 Ուստի կը ջանային ձերբակալել զինք. բայց ո՛չ մէկը ձեռք բարձրացուց իր վրայ, որովհետեւ իր ժամը դեռ հասած չէր:
- 31 Բազմութենէն շատեր հաւատացին իրեն, ու կ՚ըսէին. «Երբ Քրիստոս գայ, միթէ աւելի՞ նշաններ պիտի ընէ՝ քան անոնք որ ասիկա ըրաւ»:
- 32 Փարիսեցիները լսեցին բազմութեան այս տրտունջը անոր մասին. եւ Փարիսեցիներն ու քահանայապետները սպասաւորներ ղրկեցին՝ որպէսզի ձերբակալեն զայն:
- 33 Իսկ Յիսուս ըսաւ. «Քիչ մը ժամանակ ալ ձեզի հետ եմ, ապա կ՚երթամ անոր՝ որ ղրկեց զիս:
- 34 Դուք պիտի փնտռէք զիս՝ բայց պիտի չգտնէք, եւ չէք կրնար գալ իմ եղած տեղս»:
- 35 Ուրեմն Հրեաները ըսին իրարու. «Ո՞ւր պիտի երթայ, որ մենք պիտի չգտնենք զինք. միթէ հեթանոսներուն մէջ ցրուածներո՞ւն պիտի երթայ, եւ հեթանոսներո՞ւն պիտի սորվեցնէ:
- 36 Ի՞նչ է այն խօսքը՝ որ ըսաւ. “Դուք պիտի փնտռէք զիս բայց պիտի չգտնէք, եւ չէք կրնար գալ իմ եղած տեղս”»:
- 37 Տօնին վերջին մեծ օրը՝ Յիսուս կայնած էր ու կ՚աղաղակէր. «Եթէ մէկը ծարաւ է, թող գայ ինծի եւ խմէ:
- 38 Ա՛ն որ հաւատայ ինծի, կենարար ջուրի գետեր պիտի բխին անոր փորէն, ինչպէս Գիրքը կ՚ըսէ»:
- 39 Ասիկա ըսաւ Հոգիին մասին՝ որ իրեն հաւատացողները պիտի ընդունէին. որովհետեւ Սուրբ Հոգին տրուած չէր տակաւին, քանի որ Յիսուս փառաւորուած չէր տակաւին:
- 40 Բազմութենէն շատեր՝ երբ լսեցին այս խօսքը՝ կ՚ըսէին. «Ճշմա՛րտապէս ա՛յս է մարգարէն»:
- 41 Ուրիշներ կ՚ըսէին. «Ա՛յս է Քրիստոսը»: Ուրիշներ ալ կ՚ըսէին. «Միթէ Քրիստոս Գալիլեայէ՞ն պիտի գայ:
- 42 Միթէ Գիրքը չ՚ը՞սեր թէ Քրիստոս պիտի գայ Դաւիթի զարմէն ու Դաւիթի եղած գիւղէն՝ Բեթլեհէմէն»:
- 43 Ուստի պառակտում եղաւ բազմութեան մէջ՝ անոր պատճառով:
- 44 Անոնցմէ ոմանք ուզեցին ձերբակալել զայն, բայց ո՛չ մէկը ձեռք բարձրացուց անոր վրայ:
- 45 Ուստի սպասաւորները եկան քահանայապետներուն եւ Փարիսեցիներուն քով, որոնք ըսին անոնց. «Ինչո՞ւ հոս չբերիք զայն»:
- 46 Սպասաւորները պատասխանեցին. «Ո՛չ մէկը երբե՛ք խօսած է այս մարդուն պէս»:
- 47 Ուստի Փարիսեցիները պատասխանեցին անոնց. «Միթէ դո՞ւք ալ մոլորեցաք:
- 48 Պետերէն կամ Փարիսեցիներէն մէ՛կը հաւատա՞ց անոր.
- 49 բայց այս բազմութիւնը՝ որ չի գիտեր Օրէնքը՝ անիծեալ է»:
- 50 Նիկոդեմոս ըսաւ անոնց, (որ նախապէս՝ գիշերուան մէջ գացեր էր իրեն, եւ անոնցմէ մէկն էր.)
- 51 «Միթէ մեր Օրէնքը կը դատէ՞ մարդ մը, եթէ նախապէս չլսէ զայն, եւ չգիտնայ թէ ի՛նչ կ՚ընէ»:
- 52 Պատասխանեցին անոր. «Միթէ դո՞ւն ալ Գալիլեայէն ես. զննէ՛ ու նայէ՛, որ Գալիլեայէն մարգարէ չ՚ելլեր»:
- 53 Ապա իւրաքանչիւրը գնաց իր տունը:
Western NT — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗