요한복음 2장 Western NT
Western NT · 아르메니아어 · 요한복음 (John) · 25절
- 1 Երրորդ օրը հարսանիք մը կար Գալիլեայի Կանա քաղաքը, եւ Յիսուսի մայրը հոն էր:
- 2 Յիսուս ալ հրաւիրուեցաւ այդ հարսանիքին, նաեւ՝ իր աշակերտները:
- 3 Երբ գինին պակսեցաւ, Յիսուսի մայրը ըսաւ անոր. «Գինի չունին»:
- 4 Յիսուս ըսաւ անոր. «Կի՛ն, դուն ի՞նչ ունիս ինծի հետ. իմ ժամս դեռ հասած չէ»:
- 5 Իր մայրը ըսաւ սպասարկուներուն. «Ի՛նչ որ ըսէ ձեզի՝ ըրէ՛ք»:
- 6 Հոն վեց քարէ կարաս դրուած էր՝ Հրեաներուն մաքրուելու սովորութեան համաձայն. իւրաքանչիւրը կը պարունակէր երկու կամ երեք մար:
- 7 Յիսուս ըսաւ անոնց. «Լեցուցէ՛ք այդ կարասները ջուրով». ու լեցուցին զանոնք՝ մինչեւ բերանը:
- 8 Եւ ըսաւ անոնց. «Հիմա հանեցէ՛ք ու տարէ՛ք սեղանապետին». անոնք ալ տարին:
- 9 Երբ սեղանապետը համտեսեց գինի դարձած ջուրը՝ չէր գիտեր ուրկէ՛ ըլլալը (բայց սպասարկուները՝ որոնք հաներ էին ջուրը՝ գիտէին): Սեղանապետը կանչեց փեսան
- 10 եւ ըսաւ անոր. «Ամէն մարդ նախ կը մատուցանէ լաւ գինին, ու երբ արբեցած ըլլան՝ ա՛յն ատեն ցածորակը. բայց դուն լաւ գինին պահեցիր մինչեւ հիմա»:
- 11 Յիսուս իր նշաններուն սկիզբը ըրաւ ասիկա՝ Գալիլեայի Կանա քաղաքին մէջ, եւ ցոյց տուաւ իր փառքը. ու իր աշակերտները հաւատացին իրեն:
- 12 Յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ, ինք, իր մայրն ու իր եղբայրները, եւ իր աշակերտները. բայց շատ օրեր չմնացին հոն:
- 13 Հրեաներուն Զատիկը մօտ էր, ուստի Յիսուս բարձրացաւ Երուսաղէմ:
- 14 Տաճարին մէջ գտաւ արջառ, ոչխար եւ աղաւնի ծախողներ, նաեւ լումայափոխներ՝ որոնք նստած էին:
- 15 Եւ չուանէ խարազան մը շինելով՝ տաճարէն դուրս հանեց բոլորը, ոչխարներն ու արջառներն ալ. թափեց լումայափոխներուն լումաները, տապալեց սեղանները,
- 16 եւ ըսաւ աղաւնի ծախողներուն. «Վերցուցէ՛ք ատոնք ասկէ. առեւտուրի տուն մի՛ ընէք իմ Հօրս տունը»:
- 17 Եւ իր աշակերտները յիշեցին՝ որ գրուած է. «Քու տանդ նախանձախնդրութիւնը կլանեց զիս»:
- 18 Հետեւաբար Հրեաները ըսին անոր. «Ի՞նչ նշան ցոյց կու տաս մեզի՝ քանի կ՚ընես այդ բաները»:
- 19 Յիսուս պատասխանեց անոնց. «Քակեցէ՛ք այս տաճարը, ու երեք օրուան մէջ պիտի կանգնեցնեմ զայն»:
- 20 Իսկ Հրեաները ըսին. «Քառասունվեց տարուան մէջ շինուեցաւ այս տաճարը, եւ դուն երե՞ք օրուան մէջ պիտի կանգնեցնես զայն»:
- 21 Բայց ինք կը խօսէր իր մարմինի՛ն տաճարին մասին:
- 22 Ուստի երբ ինք մեռելներէն յարութիւն առաւ, իր աշակերտները յիշեցին թէ ըսած էր ասիկա, ու հաւատացին Գիրքին եւ Յիսուսի ըսած խօսքին:
- 23 Երբ Զատիկի տօնին ատենը Երուսաղէմ էր, շատ մարդիկ հաւատացին անոր անունին՝ տեսնելով անոր ըրած նշանները:
- 24 Բայց ինք՝ Յիսուս՝ չէր հաւատար անոնց, որովհետեւ կը ճանչնար ամէն մարդ.
- 25 պէտք չունէր՝ որ մէկը ուրիշ մարդու մասին վկայէր իրեն, քանի որ ինք գիտէր թէ ի՛նչ կայ մարդուն մէջ:
Western NT — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗