요한복음 1장 Western NT
Western NT · 아르메니아어 · 요한복음 (John) · 51절
- 1 Սկիզբէն էր Խօսքը, ու Խօսքը Աստուծոյ քով էր, եւ Խօսքը Աստուած էր.
- 2 ան սկիզբէն Աստուծոյ քով էր:
- 3 Ամէն ինչ եղաւ անո՛վ. եղածներէն ո՛չ մէկը եղաւ առանց անոր:
- 4 Կեանքը անով էր, ու կեանքը մարդոց լոյսն էր.
- 5 լոյսը կը փայլէր խաւարի մէջ, բայց խաւարը չճանչցաւ զայն:
- 6 Աստուծմէ ղրկուած մարդ մը կար՝ որուն անունը Յովհաննէս էր:
- 7 Ասիկա եկաւ վկայութեան համար՝ որ վկայէ Լոյսին մասին, որպէսզի բոլորը հաւատան անոր միջոցով:
- 8 Ինք չէր այդ Լոյսը, հապա եկաւ՝ որպէսզի վկայէ Լոյսին մասին:
- 9 Ճշմարիտ Լոյսը ա՛ն էր՝ որ կը լուսաւորէ աշխարհ եկող՝՝ ամէն մարդ:
- 10 Ինք աշխարհի մէջ էր, եւ աշխարհը եղաւ իրմով, բայց աշխարհը չճանչցաւ զինք:
- 11 Իրեններուն եկաւ, սակայն իրենները չընդունեցին զինք:
- 12 Բայց անոնց՝ որ ընդունեցին զինք - անոնց՝ որ կը հաւատան իր անունին - իրաւասութիւն տուաւ Աստուծոյ զաւակներ ըլլալու:
- 13 Անոնք ո՛չ արիւնէն եւ ո՛չ մարմինի կամքէն ծնան, ո՛չ ալ մարդու կամքէն, հապա՝ Աստուծմէ:
- 14 Եւ Խօսքը մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ, (եւ դիտեցինք անոր փառքը՝ Հօրը միածինի փառքին պէս,) շնորհքով ու ճշմարտութեամբ լեցուն:
- 15 Յովհաննէս վկայեց անոր մասին, եւ աղաղակեց. «Ասիկա՛ է ան՝ որուն մասին կ՚ըսէի. “Ան որ իմ ետեւէս կու գայ՝ իմ առջեւս եղաւ, որովհետեւ ինձմէ առաջ էր”:
- 16 Եւ անոր լիութենէն մենք բոլորս ստացանք շնորհք շնորհքի վրայ:
- 17 Որովհետեւ Օրէնքը տրուեցաւ Մովսէսի միջոցով, բայց շնորհքն ու ճշմարտութիւնը եղան Յիսուս Քրիստոսի միջոցով:
- 18 Ո՛չ մէկը երբե՛ք տեսած է Աստուած. բայց միածին Որդին՝ որ Հօրը ծոցն է, ի՛նք պատմեց անոր մասին»:
- 19 Սա՛ է Յովհաննէսի վկայութիւնը, երբ Հրեաները Երուսաղէմէն ղրկեցին քահանաներ ու Ղեւտացիներ, որպէսզի հարցնեն անոր. «Դուն ո՞վ ես»:
- 20 Ան խոստովանեցաւ ու չուրացաւ, հապա յայտարարեց. «Ես Քրիստոսը չեմ»:
- 21 Հարցուցին անոր. «Հապա ո՞վ. Եղիա՞ն ես»: Ըսաւ. «Չեմ»: Հարցուցին. «Այն մարգարէ՞ն ես»: Պատասխանեց. «Ո՛չ»:
- 22 Ուրեմն ըսին անոր. «Դուն ո՞վ ես. ըսէ՛ մեզի, որպէսզի պատասխան մը տանինք մեզ ղրկողներուն. ի՞նչ կ՚ըսես քու մասիդ»:
- 23 Ըսաւ. «Ես անոր ձայնն եմ՝ որ կը գոչէ անապատին մէջ. “Շտկեցէ՛ք Տէրոջ ճամբան”, ինչպէս Եսայի մարգարէն ըսաւ»:
- 24 Այդ ղրկուածները Փարիսեցիներէն էին,
- 25 ու հարցուցին իրեն. «Հապա ինչո՞ւ կը մկրտես, եթէ դուն ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան, ո՛չ ալ մարգարէն»:
- 26 Յովհաննէս պատասխանեց անոնց. «Ես ջուրո՛վ կը մկրտեմ, բայց մէկը կայ ձեր մէջ՝ որ դուք չէք ճանչնար.
- 27 ի՛նք է իմ ետեւէս եկողը՝ որ իմ առջեւս եղաւ, որուն կօշիկին կապը քակելու արժանի չեմ»:
- 28 Այս բաները պատահեցան Բեթաբարայի մէջ՝ Յորդանանի միւս կողմը, ուր Յովհաննէս կը կենար ու կը մկրտէր:
- 29 Հետեւեալ օրը Յովհաննէս տեսաւ Յիսուսը՝ որ իրեն կու գար, եւ ըսաւ. «Ահա՛ Աստուծոյ Գառը՝ որ կը քաւէ աշխարհի մեղքը:
- 30 Ասիկա՛ է ան՝ որուն մասին կ՚ըսէի. “Իմ ետեւէս մարդ մը կու գայ՝ որ իմ առջեւս եղաւ, որովհետեւ ինձմէ առաջ էր”:
- 31 Ես չէի ճանչնար զայն. բայց եկայ ջուրով մկրտելու, որպէսզի ան յայտնուի Իսրայէլի»:
- 32 Ու Յովհաննէս վկայելով ըսաւ. «Տեսայ Հոգին, որ աղաւնիի պէս կ՚իջնէր երկինքէն եւ կը մնար անոր վրայ:
- 33 Ես չէի ճանչնար զայն, բայց ա՛ն որ ղրկեց զիս ջուրով մկրտելու, ի՛նք ըսաւ ինծի. “Որո՛ւն վրայ որ տեսնես թէ Հոգին կ՚իջնէ ու կը մնայ, անիկա՛ է՝ որ Սուրբ Հոգիո՛վ կը մկրտէ”:
- 34 Ես ալ տեսայ, եւ վկայեցի թէ ա՛յս է Աստուծոյ Որդին»:
- 35 Հետեւեալ օրը Յովհաննէս դարձեալ կայնած էր, եւ իր աշակերտներէն երկուքը:
- 36 Նայելով Յիսուսի՝ որ կը քալէր, ըսաւ. «Ահա՛ Աստուծոյ Գառը»:
- 37 Երկու աշակերտները լսեցին անկէ՝ երբ կը խօսէր, ու հետեւեցան Յիսուսի:
- 38 Երբ Յիսուս դարձաւ եւ տեսաւ թէ անոնք կը հետեւէին իրեն, ըսաւ անոնց. «Ի՞նչ կը փնտռէք»: Անոնք ալ ըսին իրեն. «Ռաբբի՛, (որ թարգմանուելով՝ վարդապետ ըսել է,) ո՞ւր կը բնակիս»:
- 39 Ըսաւ անոնց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Գացին ու տեսան թէ ո՛ւր կը բնակէր. եւ այդ օրը մնացին անոր քով, որովհետեւ գրեթէ տասներորդ ժամն՝՝ էր:
- 40 Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդրէաս մէկն էր այն երկուքէն, որ լսեցին Յովհաննէսէ ու հետեւեցան անոր:
- 41 Ան նախ գտաւ իր եղբայրը՝ Սիմոնը, եւ ըսաւ անոր. «Գտա՛նք Մեսիան» (որ կը թարգմանուի՝ Քրիստոս).
- 42 ապա տարաւ զայն Յիսուսի քով: Յիսուս նայելով անոր՝ ըսաւ. «Դուն Սիմոնն ես, Յովնանի որդին. դուն Կեփաս պիտի կոչուիս», որ կը թարգմանուի՝ Պետրոս:
- 43 Հետեւեալ օրը՝ Յիսուս ուզեց Գալիլեա երթալ, եւ գտնելով Փիլիպպոսը՝ ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»:
- 44 Փիլիպպոս Բեթսայիդայէն էր. Անդրէասի ու Պետրոսի քաղաքէն:
- 45 Փիլիպպոս գտաւ Նաթանայէլը եւ ըսաւ անոր. «Գտա՛նք ան՝ որուն մասին Մովսէս գրեց Օրէնքին մէջ, ու մարգարէներն ալ, այսինքն՝ Յիսուս Նազովրեցին, Յովսէփի որդին»:
- 46 Նաթանայէլ ըսաւ անոր. «Կարելի՞ է որ Նազարէթէն բարի բան մը ելլէ»: Փիլիպպոս ըսաւ անոր. «Եկո՛ւր ու տե՛ս»:
- 47 Յիսուս, երբ տեսաւ Նաթանայէլը՝ որ իրեն կու գար, ըսաւ անոր մասին. «Ահա՛ ճշմա՛րտապէս Իսրայելացի մը՝ որուն ներսը նենգութիւն չկայ»:
- 48 Նաթանայէլ ըսաւ անոր. «Ուրկէ՞ կը ճանչնաս զիս»: Յիսուս պատասխանեց անոր. «Դեռ Փիլիպպոս քեզ չկանչած, դուն՝ որ թզենիին տակն էիր, ես տեսայ քեզ»:
- 49 Նաթանայէլ պատասխանեց անոր. «Ռաբբի՛, դո՛ւն ես Աստուծոյ Որդին, դո՛ւն ես Իսրայէլի թագաւորը»:
- 50 Յիսուս պատասխանեց անոր. «Կը հաւատա՞ս՝ քանի որ ըսի քեզի թէ տեսայ քեզ թզենիին ներքեւ: Ասկէ աւելի՛ մեծ բաներ պիտի տեսնես»:
- 51 Նաեւ ըսաւ անոր. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ասկէ ետք պիտի տեսնէք երկինքը բացուած, եւ Աստուծոյ հրեշտակները՝ որ կ՚ելլեն ու կ՚իջնեն մարդու Որդիին վրայ”»:
Western NT — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗