출애굽기 9장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 35절
- 1 Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ փարաւոնի մօտ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ:
- 2 Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին եւ դեռ պահես նրան,
- 3 Տիրոջ ձեռքը, ահա, կ՚իջնի դաշտում գտնուող քո անասունների հօտերի՝ ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրայ, եւ շատ մեծ կոտորած կը լինի:
- 4 Ես զարմանահրաշ գործեր կ՚անեմ՝ եգիպտացիների հօտերը եւ իսրայէլացիների հօտերը կը զատորոշեմ, եւ ոչ մի իսրայէլացու անասուն չի կորչի»:
- 5 Եւ Աստուած ժամկէտ նշանակեց ու ասաց. «Վաղն իսկ Տէրը կ՚իրագործի այդ բանը երկրի վրայ»:
- 6 Եւ Տէրը յաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ իսրայէլացիների ոչ մի անասուն չոչնչացաւ:
- 7 Երբ փարաւոնը տեսաւ, որ իսրայէլացիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացաւ նրա սիրտը, եւ նա ժողովրդին չարձակեց:
- 8 Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Լիքը ձեռքով հնոցի մոխիր վերցրէ՛ք, Մովսէսը փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ այն թող շաղ տայ դէպի երկինք:
- 9 Մոխիրը թող թափուի Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: Խոցեր թող առաջանան մարդկանց ու անասունների վրայ եւ ուռուցքներ՝ Եգիպտացիների ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրայ»:
- 10 Նրանք վերցրին հնոցի մոխիրը, եւ Մովսէսը փարաւոնի առաջ այն շաղ տուեց դէպի երկինք: Մարդկանց ու անասունների վրայ խոցեր եւ ուռուցքներ առաջացան:
- 11 Մոգերը խոցերի պատճառով չէին կարողանում Մովսէսի առաջ կանգնել, որովհետեւ խոցեր առաջացան նաեւ մոգերի ու Եգիպտացիների ամբողջ երկրի մարդկանց վրայ:
- 12 Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, փարաւոնը չլսեց նրանց:
- 13 Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, կանգնի՛ր փարաւոնի առաջ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ,
- 14 այլապէս այս անգամ ամէն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաեւ քեզ, քո պաշտօնեաներին ու քո ժողովրդին, որպէսզի իմանաս, որ ամբողջ աշխարհում ինձ նման ուրիշ մէկը չկայ:
- 15 Որովհետեւ իմ ձեռքը մեկնելով՝ մահացու հարուած պիտի հասցնեմ քեզ ու քո ժողովրդին, եւ դու պիտի վերանաս երկրի երեսից:
- 16 Ես քեզ խնայեցի այն նպատակով, որ քեզ ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունը յայտնի լինի ողջ երկրում,
- 17 բայց դու դեռեւս ձեռքիդ տակ ես պահում իմ ժողովրդին եւ չարչարում նրան:
- 18 Ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին այնպիսի սաստիկ կարկուտ տեղացնեմ, որպիսին դեռեւս չի եղել Եգիպտոսում իր գոյութեան օրուանից մինչեւ այսօր:
- 19 Արդ, շտապի՛ր հաւաքել քո անասունները եւ այն ամէնը, ինչ ունես դաշտում, որովհետեւ դաշտում գտնուող ու դեռեւս տուն չմտած մարդկանց ու անասունների վրայ կարկուտ է թափուելու եւ ոչնչացնելու է նրանց»:
- 20 Փարաւոնի պաշտօնեաներից նա, ով մի անգամ տեսել էր Տիրոջ սարսափը, իր ծառաներին ու անասունները հաւաքեց տան մէջ,
- 21 իսկ ով չանսաց Տիրոջ խօսքերին, դաշտում թողեց իր ծառաներին ու անասունները:
- 22 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ թող կարկուտ թափուի Եգիպտացիների երկրի վրայ, ինչպէս նաեւ մարդկանց ու անասունների եւ Եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բոյսերի վրայ»:
- 23 Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, Տէրը որոտ ու կարկուտ ուղարկեց, եւ երկրի վրայ սկսեց կրակ թափուել: Տէրը կարկուտ տեղացրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ:
- 24 Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար: Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ ազգի առաջացումից ի վեր:
- 25 Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչեւ անասուն: Կարկուտը հարուած հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականութեանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը:
- 26 Իսրայէլացիների ապրած Գեսեմ երկրում, սակայն, կարկուտ չտեղաց:
- 27 Փարաւոնը մարդ ուղարկելով՝ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Մեղք եմ գործել: Այսուհետեւ Տէրն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը ամբարիշտներ ենք:
- 28 Ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն մեզ վրայ թափուելուց: Ես ձեզ կ՚արձակեմ, այլեւս դուք այստեղ չէք մնայ»:
- 29 Մովսէսն ասաց նրան. «Երբ դուրս կը գամ այս քաղաքից, ձեռքս կը մեկնեմ առ Աստուած, եւ ձայները կը դադարեն, կարկուտ ու անձրեւ այլեւս չեն տեղայ, որպէսզի դու համոզուես, որ երկիրը Տիրոջն է պատկանում:
- 30 Բայց գիտեմ, որ դու եւ քո պաշտօնեաները դեռեւս չէք վախենում տէր Աստծուց»:
- 31 Կտաւատն ու գարին կարկտահարուեցին, որովհետեւ գարին հասած էր, կտաւատը՝ սերմնակալած,
- 32 իսկ ցորենն ու հաճարը կարկտահար չեղան, որովհետեւ դեռ չէին հասունացած:
- 33 Մովսէսը փարաւոնի մօտից ելաւ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, եւ ձայներն ու կարկուտը դադարեցին, անձրեւ այլեւս չտեղաց երկրի վրայ:
- 34 Երբ փարաւոնը տեսաւ, որ անձրեւը, կարկուտն ու ձայները դադարել են, դարձեալ մեղք գործեց. նա կարծրացրեց իր ու իր պաշտօնեաների սիրտը:
- 35 Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա իսրայէլացիներին չարձակեց, ինչպէս որ յայտնել էր Տէրը Մովսէսի միջոցով:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗