출애굽기 39장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 43절
- 1 Պատրաստեց ծիսական զգեստներ, որպէսզի սրբարանում դրանցով պաշտամունք կատարեն: Պատրաստեց նաեւ սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
- 2 Վակասը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով:
- 3 Ոսկու թերթերը թել-թել կտրում էին, որպէսզի դրանք կապեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէնով եւ նրբահիւս բեհեզով: Նկարազարդ վակասի համար պատրաստեցին փոկեր,
- 4 որպէսզի այն ամրացնեն երկու կողմից:
- 5 Նոյն ձեւով՝ ոսկով եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով պատրաստեցին թիկնոցը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
- 6 Ոսկով ժապաւինուած եւ ընդելուզուած զմրուխտէ երկու ակնաքարերի վրայ փորագրեցին Իսրայէլի որդիների անուններն այնպէս, ինչպէս կնիքներն են փորագրում, եւ դրանք ամրացրեցին վակասի վրայ:
- 7 Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը ամրացրին վակասի ուսին, ինչպէս որ հրամայել էր Տէրը Մովսէսին:
- 8 Լանջապանակը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով, բանուածքով, այնպէս, ինչպէս վակասն էին պատրաստել:
- 9 Քառակուսի եւ կրկնածալ արեցին լանջապանակը. այն ունէր մի թզաչափ երկարութիւն եւ մի թզաչափ լայնութիւն:
- 10 Դրա վրայ կար ակնաքարերի չորս շարք: Առաջին շարքի վրայ կային սարդիոն, տպազիոն եւ զմրուխտ: Դա առաջին շարքն էր:
- 11 Երկրորդ շարքը նռնաքար էր, շափիւղայ եւ յասպիս:
- 12 Երրորդ շարքը սուտակ էր, մեղեսիկ եւ ագատ:
- 13 Չորրորդ շարքը ոսկեքար էր, եղնգաքար եւ բիւրեղ՝ ոսկով պատուած եւ ընդելուզուած:
- 14 Ակնաքարերն ըստ Իսրայէլի որդիների անունների էին: Նրանց տասներկու անունները գրուած եւ փորագրուած էին ըստ տասներկու ցեղերից իւրաքանչիւրի անունների:
- 15 Լանջապանակի երկու օղակների վրայ ամրացրին մաքուր ոսկուց պատրաստուած հիւսկէն շղթաներ:
- 16 Պատրաստեցին ոսկէ երկու կոճակներ եւ ոսկէ երկու օղակներ. ոսկէ երկու օղակներն ամրացրին լանջապանակի վերին երկու ծայրերին:
- 17 Հիւսկէն շղթաները լանջապանակի երկու կողմերից ամրացրին երկու օղակների մէջ, իսկ երկու շղթաների ծայրերը մտցրին երկու անցքերի մէջ: Լանջապանակը դրեցին վակասի ուսերին՝ երեսի կողմից իրար դէմ դիմաց:
- 18 Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ լանջապանակի ներսի կողմից ամրացրին վակասին կցուած մասի երկու ծայրերին: Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ դրեցին վակասի երկու ուսերին՝ ներսի կողմից՝ վակասի առջեւի միացման տեղում:
- 19 Լանջապանակի օղակների ու վակասի օղակների միջով կապոյտ ժապաւէն անցկացնելով՝ այդ երկուսը միացրին իրար այնպէս, որ լանջապանակն ու վակասը միմեանցից չառանձնանան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
- 20 Վակասից բացի ամբողջութեամբ կապոյտ ժապաւէններով հիւսուած կտաւից ներքին պատմուճաններ պատրաստեցին:
- 21 Դրանց օձիքը հիւսածոյ գործուածքի ճիշտ մէջտեղից էր, օձիքի բացուածքը շուրջանակի չքանդուող եզերք ունէր:
- 22 Դրանց քղանցքներին մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ գործեցին:
- 23 Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին եւ զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, դրեցին նռնազարդերի միջեւ:
- 24 Նռնազարդերն ու զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, յաջորդում էին միմեանց: Քահանաները պաշտամունք կատարելիս այդ զգեստները պէտք է հագնէին, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
- 25 Նրանք բեհեզէ հիւսածոյ զգեստներ պատրաստեցին Ահարոնի ու նրա որդիների համար,
- 26 ինչպէս նաեւ բեհեզէ ապարօշներ, բեհեզէ խոյր,
- 27 բեհեզէ անդրավարտիք:
- 28 Նրանց համար պատրաստեցին բեհեզից եւ մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով հիւսուած գօտիներ՝ զարդանախշ մի գործ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
- 29 Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց եւ դրա վրայ փորագրեցին «Սրբութիւն Տեառն»:
- 30 Այն կապեցին կապոյտ մի ժապաւէնով, որպէսզի վերեւի կողմից ամրացնեն խոյրի վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
- 31 Աւարտուեց վկայութեան խորանի ամբողջ գործը: Իսրայէլի որդիներն արեցին ամէն ինչ. ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին, այդպէս էլ արեցին: Նուէրներից աւելացած ոսկին նրանք վերածեցին սպասքի, որոնցով Տիրոջ առաջ պաշտամունք են կատարում:
- 32 Մովսէսի մօտ, խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա մոյթերը, վերջինիս խարիսխները,
- 33 խոյերի կարմիր ներկուած, մշակուած եւ անմշակ մորթիները, կապոյտ վարագոյրները,
- 34 կտակարանների տապանակը ծածկող վարագոյրը,
- 35 լծակները, կափարիչը, առաջաւորութեան սեղանն ու դրա ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը,
- 36 սուրբ աշտանակն ու դրա ճրագամանները, կանթեղներն ու դրա բոլոր մասերը, լուսաւորութեան ձէթը,
- 37 ոսկէ սեղանը, օծութեան իւղը, խնկերի համեմունքները,
- 38 վրանի դռան վարագոյրը, վրանը,
- 39 պղնձէ զոհասեղանը, դրա լծակներն ու ամբողջ սպասքը, աւազանն ու դրա պատուանդանը, բակի առագաստը, դրա սիւներն ու խարիսխները,
- 40 վրանի դռան եւ բակի դռան վարագոյրները, պարաններն ու ցցերը, վկայութեան խորանի ամբողջ սպասքը,
- 41 սրբարանում պաշտամունք կատարելու սրբազան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների քահանայութեան համար նախատեսուած զգեստները:
- 42 Ինչ Տէրը պատուիրել էր Մովսէսին, Իսրայէլի որդիներն այդ ամէնը կատարեցին:
- 43 Մովսէսը տեսաւ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: Նրանք ճիշտ նոյն ձեւով էին կատարել: Եւ Մովսէսն օրհնեց նրանց:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗