출애굽기 38장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 31절
- 1 Զոհասեղանը պղնձապատեց այն բուրվառների պղնձով, որոնք Կորխի ժողովրդի հետ ապստամբած մարդկանց ձեռքին էին: Կարծր փայտից պատրաստեց այն: Զոհասեղանը քառակուսի էր. հինգ կանգուն էր դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը, իսկ երեք կանգուն՝ բարձրութիւնը:
- 2 Զոհասեղանի չորս կողմը պատրաստեց եղջիւրաւոր անկիւններ, որոնք զոհասեղանի հետ միաձոյլ էին: Նա դրանք պատեց պղնձով:
- 3 Նա պատրաստեց զոհասեղանի ամբողջ սպասքը՝ խարիսխները, կափարիչը, տաշտերը, մեծ պատառաքաղներն ու բուրվառները: Դրա ամբողջ սպասքը պատրաստեց պղնձից:
- 4 Նա բուրվառներից պատրաստեց զոհասեղանի ցանցաւոր կասկարաները, որոնք շրջանակի տակից հասնում էին մինչեւ զոհասեղանի մէջտեղը:
- 5 Զոհասեղանի կասկարայի չորս կողմերին ամրացրեց պղնձէ չորս օղակներ, որպէսզի լծակներն անցկացնեն այդ օղակների մէջ:
- 6 Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց պղնձով:
- 7 Լծակներն անցկացրին զոհասեղանի կողքերին գտնուող օղակների մէջ, որպէսզի զոհասեղանը դրանցով բարձրացնեն: Այն ամբողջովին պատրաստուած էր տախտակներով:
- 8 Պղնձէ աւազանն ու դրա պղնձէ պատուանդանը պատրաստեց ուխտաւոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփած օրը վկայութեան խորանի դռան մօտ էին հաւաքուել:
- 9 Կառուցեց մի բակ, որ դէպի հարաւ էր նայում: Բակի առագաստները նրբահիւս բեհեզից էին՝ հարիւր կանգուն երկարութեամբ:
- 10 Դրանց սիւները քսան հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին:
- 11 Հիւսիսային կողմի առագաստն ունէր հարիւր կանգուն երկարութիւն: Դրա սիւները քսան հատ էին, պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին:
- 12 Ծովահայեաց բակի առագաստները յիսուն կանգուն էին: Դրանց սիւները տասը հատ էին, խարիսխները՝ տասը հատ: Սիւների խարիսխներն ու խոյակները արծաթից էին:
- 13 Արեւելեան կողմի բակի առագաստը յիսուն կանգուն էր,
- 14 յետեւի կողմի բակի առագաստները տասնհինգ կանգուն էին: Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ:
- 15 Բակի դռան միւս կողմի առագաստները տասնհինգ կանգուն էին: Դրանց սիւները երեք հատ էին, խարիսխները՝ երեք հատ:
- 16 Խորանի չորս կողմերի բոլոր առագաստները նրբահիւս բեհեզից էին:
- 17 Սիւների խարիսխները պղնձից էին, սիւների դրուագներն ու դրանց գալարազարդերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ, բակի բոլոր սիւները՝ արծաթապատ:
- 18 Բակի դռան վարագոյրները կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից էին եւ նրբահիւս բեհեզով զարդարուած: Քսան կանգուն էր դրանց երկարութիւնը, տասնհինգ կանգուն՝ բարձրութիւնը: Դրանց լայնութիւնը հաւասար էր բակի առագաստների լայնութեանը:
- 19 Դրանց մոյթերը չորս հատ էին, դրանց պղնձէ խարիսխները՝ չորս հատ: Դրանց գալարազարդերը արծաթից էին, իսկ դրանց խոյակները՝ արծաթապատ:
- 20 Բակի ու խորանի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին:
- 21 Ահա վկայութեան խորանի կառուցման պայմանը. կառուցել այնպէս, ինչպէս Աստուած հրամայել էր Մովսէսին, որպէսզի ղեւտացիները Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով այնտեղ պաշտամունք կատարեն:
- 22 Յուդայի ցեղից Բեսելիէլը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին:
- 23 Բեսելիէլին օգնում էր Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբը, որը կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ գործածելով՝ կատարում էր ոստայնանկութեանը, ասեղնագործութեանն ու նկարչութեանը վերաբերող աշխատանքներ:
- 24 Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործուած ոսկու կշիռը, որը գոյացած էր նուէրներից, եղաւ քսանինը տաղանդ եւ եօթը հարիւր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի:
- 25 Մարդկանցից հաւաքուած արծաթէ նուէրները կշռում էին հարիւր տաղանդ եւ հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի. մարդագլուխ մի դրամ՝ սրբարանի սիկղի հետ համեմատած կէս սիկղ: Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող մարդիկ, ովքեր անցնում էին մարդահամարից, վ»ց հարիւր »ր»ք հազար հինգ հարիւր յիսուն հոգի էին:
- 26 Հարիւր տաղանդ արծաթ ձուլուեց խորանի հարիւր խոյակների եւ վարագոյրի խոյակների համար.
- 27 հարիւր տաղանդ հարիւր խոյակի համար, մէկ տաղանդ ամէն մի խոյակի համար:
- 28 Հազար եօթը հարիւր եօթանասունհինգ սիկղը գործածուեց մոյթերի գալարազարդերի համար, ոսկով պատուեցին դրանց խոյակները եւ զարդարուեցին:
- 29 Նուիրուած պղինձը եօթանասուն տաղանդ եւ երկու հազար չորս հարիւր սիկղ էր:
- 30 Դրանով պատրաստուեցին վկայութեան խորանի դռան խարիսխները, պղնձէ զոհասեղանը, պղնձէ զոհասեղանի կասկարան, զոհասեղանի ամբողջ սպասքը, բակի չորս կողմերի խարիսխները, բակի դռան խարիսխները,
- 31 խորանի բոլոր ցցերը, բակի չորս կողմի բոլոր ցցերը, եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից ու նրբահիւս բեհեզից հիւսուած պարանների ծայրերի օղերը:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗