출애굽기 36장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 38절
- 1 Բեսելիէլը, Եղիաբն ու ընդունակ բոլոր տղամարդիկ, որոնց Տէրը գործի մէջ խելամուտ լինելու համար իմաստութիւն եւ գիտութիւն էր պարգեւել, ըստ ամենայնի կատարեցին սրբարանը հանդերձաւորելու աշխատանքները այնպէս, ինչպէս հրամայել էր Տէրը:
- 2 Մովսէսը կանչեց Բեսելիէլին, Եղիաբին ու բոլոր նրանց, ովքեր ընդունակ էին գործ անելու, եւ որոնց Աստուած իմաստութեան ոգի էր պարգեւել, բոլորին, ովքեր յօժար կամքով ուզում էին ձեռնարկել ու աւարտել այդ գործը:
- 3 Նրանք Մովսէսից ստացան այն բոլոր նուէրները, որ իսրայէլացիները բերել էին սրբարանը հանդերձաւորելու համար: Ամէն առաւօտ նրանք ընդունում էին նաեւ նուիրատուների բերած նուէրները:
- 4 Գալիս էին սրբարանի գործերը կատարող բոլոր վարպետները, որպէսզի իւրաքանչիւրն ըստ իր մասնագիտութեան գործադրի իր վարպետութիւնը:
- 5 Նրանք խօսեցին Մովսէսի հետ ու ասացին. «Ժողովուրդը շատ աւելին է բերում, քան անհրաժեշտ է Աստծու հրամայած գործը կատարելու համար»:
- 6 Մովսէսը կարգադրեց բանակատեղիում յայտարարութիւն անել եւ ասել. «Տղամարդ լինի թէ կին, սրբարանի համար այլեւս նուէրներ չպատրաստի»: Դրանից յետոյ ժողովրդին արգելեցին նուէրներ բերել:
- 7 Բերում էին միայն իրենց արդէն իսկ գործածները, որպէսզի աւարտեն բոլոր գործերը: Եւ մարդիկ դադարեցին բերելուց:
- 8 Գործի ընդունակ բոլոր մարդիկ արհեստաւորների հետ նրբահիւս բեհեզից, կապոյտ, ծիրանի ու կրկնակի կարմիր կտաւից պատրաստեցին տասշերտանի խորանը, այն զարդարեցին ասեղնագործ քերովբէներով:
- 9 Մէկ շերտի երկարութիւնը քսանութ կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Բոլոր շերտերի չափսը նոյնն էր:
- 10 Հինգ շերտերը միացուած էին միւս հինգ շերտերին, իսկ միւս հինգ շերտերն էլ միացուած էին միւս հնգին:
- 11 Նա կապոյտ ճարմանդներ դրեց մի շերտի եզրին՝ միացման տեղում:
- 12 Նոյնն արեց միացուող երկրորդ շերտի արտաքին կցուածքի վրայ:
- 13 Յիսուն ճարմանդ դրեց մի շերտի եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի կողմից, որպէսզի ճարմանդներից իւրաքանչիւրը միանայ միւսին: Պատրաստեց ոսկէ յիսուն օղակներ եւ դրանցով շերտերը միացրեց միմեանց: Ստացուեց մի խորան:
- 14 Խորանի համար այծի մազից հիւսուած ծածկեր պատրաստեց. տասնմէկ շերտից շինեց դրանք:
- 15 Մէկ շերտի երկարութիւնը երեսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ չորս կանգուն: Տասնմէկ շերտերի չափսը նոյնն էր:
- 16 Հինգ շերտերը միացրեց առանձին, եւ վեց շերտերն էլ՝ առանձին:
- 17 Միացման տեղում, շերտերի եզրին դրեց յիսուն ճարմանդ եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի եզրին:
- 18 Պատրաստեց յիսուն պղնձէ օղակներ, եւ դրանք իրար կցեց, որ վրանը միակտուր դառնայ:
- 19 Խորանի ծածկը պատրաստեց խոյերի կարմիր ներկուած մորթիներից, իսկ կապոյտ մորթուց պատրաստուած ծածկը դրեց վերին կողմից:
- 20 Խորանի երկու մոյթերը պատրաստեց կարծր փայտից եւ դրեց ուղղահայեաց դիրքով:
- 21 Մէկ մոյթի երկարութիւնը տասը կանգուն էր, իսկ հաստութիւնն ու լայնութիւնը՝ մէկուկէս կանգուն:
- 22 Ամէն մի մոյթի վրայ դրեց իրար ագուցուած երկու ծղնի: Այդպէս պատրաստեց նաեւ խորանի բոլոր մոյթերը:
- 23 Խորանի համար մոյթեր պատրաստեց. քսան մոյթ դրեց հարաւային կողմում եւ այդ քսան մոյթերի համար պատրաստեց քառասուն խարիսխ.
- 24 մէկ մոյթի երկու կողմերի համար՝ երկու խարիսխ եւ միւս մոյթի երկու կողմերի համար էլ՝ երկու խարիսխ:
- 25 Վրանի երկրորդ՝ հիւսիսային կողմի համար պատրաստեց քսան մոյթ
- 26 եւ արծաթէ քառասուն խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ միւս մոյթի համար էլ՝ երկու խարիսխ:
- 27 Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում դրեց վեց մոյթ
- 28 եւ երկու մոյթ էլ դրեց վրանի անկիւններին՝ յետեւի կողմից:
- 29 Ներքեւի կողմից նրանք իրար հաւասար էին: Նոյն ձեւով հաւասար էին գլխի՝ իրար միացուած կողմից: Նոյն ձեւով շինեց նաեւ երկու անկիւնների մոյթերը:
- 30 Այսպիսով ստացուեց ութ մոյթ: Դրանց խարիսխներն արծաթից էին, ընդամէնը տասնվեց խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար:
- 31 Կարծր փայտից նիգեր պատրաստեց. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մի մոյթի համար,
- 32 հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար, եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար:
- 33 Մէջտեղի նիգը մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացնելով՝ միացրեց իրար:
- 34 Երկու մոյթերը պատեց ոսկով: Ոսկուց պատրաստեց նրանց երկու օղակները, որոնց մէջ մտնում էին նիգերը: Նիգերը պատեց ոսկով:
- 35 Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր պատրաստեց: Այն զարդարեց ասեղնագործուած քերովբէով
- 36 եւ ամրացրեց կարծր փայտից շինուած չորս մոյթերի վրայ: Դրանց խոյակները ոսկուց էին, իսկ չորս խարիսխները՝ արծաթից:
- 37 Վկայութեան խորանի դռան առագաստը պատրաստեց կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից՝ վրան ասեղնագործուած քերովբէ:
- 38 Շինեց խորանի հինգ մոյթերն ու դրանց օղակները, դրանց խոյակները պատեց ոսկով: Դրանց պղնձէ խարիսխները հինգն էին:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗