출애굽기 35장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 35절
- 1 Մովսէսը հաւաքեց ամբողջ իսրայէլացի ժողովրդին ու ասաց նրանց. «Ահա այն բաները, որ Տէրն ասաց, որ պէտք է անել.
- 2 «Վեց օր պիտի աշխատէք, իսկ եօթներորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջ հանգստեան օրը: Ով որ այդ օրն աշխատի, կը մեռնի:
- 3 Շաբաթ օրը ձեր բոլորի տներում կրակ չպիտի վառուի, որովհետեւ ե՛ս եմ Տէրը»:
- 4 Մովսէսը, դիմելով իսրայէլի ամբողջ ժողովրդին, ասաց. «Այս է այն պատգամը, որ պատուիրել է Տէրը՝ ասելով.
- 5 «Դուք ձեր մէջ տուրք հաւաքեցէ՛ք Տիրոջ համար: Ում սրտով ինչ անցնի, այն թող նուիրի Տիրոջը. ոսկի, արծաթ, պղինձ, կապոյտ,
- 6 ծիրանի եւ կրկնակի կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ,
- 7 խոյի կարմիր ներկուած մորթի, կապոյտ ներկուած մորթիներ, կարծր փայտեր,
- 8 լուսաւորութեան համար ձէթ, օծութեան իւղի համար համեմունքներ, խնկի բաղադրամասեր,
- 9 սարդիոն քարեր, զմրուխտ քարեր, վակասի եւ երկարաւուն պատմուճանի համար քարեր»:
- 10 «Ձեր միջի խելահասները թող գան ու անեն այն ամէնը, ինչ պատուիրել է Տէրը.
- 11 վրանն ու նրա ծածկը, նրա ծոպաւոր վարագոյրներն ու օղակները, նրա տախտակներն ու նիգերը, նրա մոյթերն ու խարիսխները,
- 12 վկայութեան տապանակը, նրա լծակները, կափարիչը, քօղը, բակի առագաստն ու նրա մոյթերը, զմրուխտ քարերը, խնկերը, օծութեան իւղը,
- 13 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, զոհասեղանի ամպհովանին, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը,
- 14 լոյսի աշտանակն ու նրա բոլոր մասերը, նրա կանթեղներն ու լուսաւորութեան ձէթը,
- 15 խնկարկութեան սեղանն ու նրա լծակները, օծութեան իւղը, խնկերի համեմունքները, վրանի դռան վարագոյրը,
- 16 ողջակէզների զոհասեղանն ու նրա պղնձէ կասկարան, նրա լծակներն ու ամբողջ սպասքը,
- 17 աւազանն ու նրա պատուանդանը, բակի առագաստը, նրա մոյթերն ու խարիսխները,
- 18 բակի դռան առագաստը, վրանի ցցերն ու բակի ցցերը, դրանց պարանները,
- 19 այն զգեստները, որոնցով սրբազան պաշտամունք պիտի կատարեն սրբարանում, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու Ահարոնի որդիների քահանայութեան զգեստները»:
- 20 Բոլոր իսրայէլացիները գնացին Մովսէսի մօտից,
- 21 եւ ամէն մէկը բերեց իր սրտից բխածը. նրանք Տիրոջն էին նուիրաբերում այն ամէնը, ինչ անհրաժեշտ էր վկայութեան խորանի, նրա կահաւորանքի, բոլոր սրբազան զգեստների համար:
- 22 Բոլոր տղամարդիկ, ում մտքով ինչ որ անցնում էր, բերեցին: Ոմանք՝ իրենց կանանց թանկագին քարերը, գինդերը, մատանիները, ծամակալները, մանեակներն ու ամէն տեսակ ոսկէ զարդեր: Բոլոր տղամարդիկ իրենց ունեցած ոսկէ իրերը նուիրաբերում էին Տիրոջը:
- 23 Ամէն տղամարդ, ում մօտ կային կապոյտ, ծիրանի եւ կարմիր գոյնի մանուած թելեր, նրբահիւս բեհեզ, այծի մազ, խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ, բերում էր:
- 24 Նուիրաբերողները արծաթէ ու պղնձէ նուէրներ էին բերում Տիրոջը: Ում մօտ կահոյքի համար պիտանի կարծր փայտ կար, բերում էր:
- 25 Բոլոր շնորհալի կանայք իրենց ձեռքով կապոյտ, ծիրանի ու կարմիր գոյնի թելեր ու բեհեզ էին հիւսում եւ նուէր բերում:
- 26 Բոլոր կանայք յօժարակամ այծերի մազ էին մանում հմտութեամբ:
- 27 Ցեղապետները բերում էին զմրուխտէ քարեր, վակասի ու լանջապանակի համար անհրաժեշտ քարեր,
- 28 խնկերի համար համեմունքներ, լուսաւորութեան համար ձէթ ու օծութեան իւղ:
- 29 Բոլոր տղամարդիկ ու կանայք յօժարակամ գալիս էին կատարելու այն բոլոր գործերը, որ Տէրը պատուիրել էր անել Մովսէսի միջոցով: Իսրայէլացիները նուէրներ էին մատուցում Տիրոջը:
- 30 Մովսէսն ասաց իսրայէլացիներին. «Տեսէ՛ք, Աստուած ընտրել է յատկապէս Յուդայի ցեղից Բեսելիէլին՝ Ուրիի որդուն, որը որդին էր Ովրի:
- 31 Աստուած նրան լցրել է ամէն ինչի համար անհրաժեշտ աստուածային իմաստութեան ոգով, հանճարով եւ գիտութեամբ,
- 32 որպէսզի նա ամէն մի գործ կատարի հմտութեամբ, մշակի ոսկին, արծաթն ու պղինձը,
- 33 տաշի թանկարժէք քարերը, մշակի փայտը եւ ամէն մի գործ կատարի վարպետօրէն, որովհետեւ Տէրը նրան իմաստութիւն է պարգեւել,
- 34 ինչպէս որ Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին,
- 35 որոնց իմաստուն միտք պարգեւեց, որպէսզի սրանք սովորեն ու կատարեն սուրբ գործի համար անհրաժեշտ ամէն տեսակ գործեր՝ ոստայնանկութիւն անեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ներկուած թելերով եւ բեհեզով, նկարեն, քանդակեն»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗