창세기 42장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 38절
- 1 Յակոբը իմանալով, որ ցորենի վաճառք կայ Եգիպտացիների երկրում, ասում է իր որդիներին. «Ինչո՞ւ էք յապաղում:
- 2 Իմացել եմ, որ Եգիպտոսում ցորեն կայ: Գնացէ՛ք այնտեղ եւ մեզ համար մի քիչ պարէն գնեցէ՛ք, որ ապրենք, սովամահ չլինենք»:
- 3 Յովսէփի տասը եղբայրները իջան Եգիպտոսից ցորեն գնելու:
- 4 Յակոբը Յովսէփի եղբայր Բենիամինին չթողեց, որ գնայ իր եղբայրների հետ, որովհետեւ ասում էր, թէ՝ «Գուցէ նա կը հիւանդանայ»:
- 5 Իսրայէլի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ Քանանացիների երկրում սով էր:
- 6 Յովսէփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում երկրի ողջ ժողովրդին: Յովսէփի եղբայրները, գալով, գլուխները խոնարհեցին մինչեւ գետին:
- 7 Երբ Յովսէփը տեսաւ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձեւացրեց իրեն, խստագոյնս խօսեց նրանց հետ եւ ասաց. «Որտեղի՞ց էք գալիս»: Նրանք պատասխանեցին. «Քանանացիների երկրից. եկել ենք պարէն գնելու»:
- 8 Յովսէփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն:
- 9 Յովսէփը յիշեց իր տեսած երազները եւ ասաց նրանց. «Դուք լրտեսներ էք եւ եկել էք երկիրը հետախուզելու»:
- 10 Նրանք ասացին. «Ո՛չ, տէ՛ր: Մենք՝ քո ծառաները, եկել ենք ցորեն գնելու:
- 11 Մենք ամէնքս մի մարդու զաւակներ ենք: Խաղաղասէր մարդիկ ենք մենք, քո ծառաները լրտեսներ չեն»:
- 12 Յովսէփն ասաց նրանց. «Ո՛չ, դուք եկել էք երկիրը հետախուզելու»:
- 13 Նրանք պատասխանեցին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ էինք, Քանանացիների երկրում մի մարդու որդիներ: Այս պահին մեր կրտսեր եղբայրն իր հօր մօտ է, իսկ միւսն այլեւս չկայ»:
- 14 Յովսէփն ասաց նրանց. «Ահա թէ ինչպիսի փորձի պիտի ենթարկուէք. հէնց դրա համար ասացի ձեզ՝ դուք լրտեսներ էք:
- 15 Երդւում եմ փարաւոնի արեւով, որ այստեղից դուրս չէք գայ, քանի ձեր կրտսեր եղբայրն այստեղ չի եկել:
- 16 Արդ, ձեզնից մէկին ուղարկեցէ՛ք, որ այստեղ բերի ձեր եղբօրը, իսկ դուք կը մնաք արգելարանում, մինչեւ որ պարզուի, թէ ճի՞շտ էք ասում, թէ՞ ոչ: Հակառակ դէպքում, երդւում եմ փարաւոնի արեւով, որ դուք լրտեսներ էք»:
- 17 Եւ երեք օր նրանց բանտարկեց:
- 18 Յովսէփը երրորդ օրն ասաց նրանց. «Այսպէս արէք, որպէսզի փրկուէք. ես ինքս էլ աստուածավախ մարդ եմ:
- 19 Եթէ խաղաղասէր մարդիկ էք, ձեր եղբայրներից մէկն այստեղ՝ բանտում կը մնայ, իսկ մնացածներդ կը տանէք ձեր գնած ցորենը:
- 20 Ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ կը բերէք, որ հաւատամ ձեր ասածներին, ապա թէ ոչ՝ մահուան կը դատապարտուէք»:
- 21 Նրանք այդպէս էլ արեցին: Նրանք՝ եղբայրները, միմեանց ասացին. «Այո՛, մենք մեր եղբօր նկատմամբ մեղաւոր ենք, որովհետեւ անտեսեցինք նրա հոգու մղձաւանջը, երբ նա մեզ աղաչում էր, իսկ մենք նրան չլսեցինք: Դրա համար էլ մեր գլխին է իջնում այս պատուհասը»:
- 22 Պատասխան տուեց Ռուբէնն ու ասաց նրանց. «Ես ձեզ չասացի՞, թէ՝ «Մեղք մի՛ գործէք պատանու դէմ», իսկ դուք ինձ չլսեցիք: Հիմա նրա արեան գինն է պահանջւում»:
- 23 Նրանք չգիտէին, որ Յովսէփը հասկանում էր նրանց, որովհետեւ թարգմանիչ ունէր: Եւ նրանցից մեկուսանալով՝ Յովսէփը լաց եղաւ:
- 24 Նա դարձեալ եկաւ նրանց մօտ եւ խօսեց նրանց հետ: Ապա նրանցից առանձնացնելով Շմաւոնին՝ նրանց ներկայութեամբ շղթայեց նրան:
- 25 Յովսէփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, իւրաքանչիւրի արծաթը դնեն իր պարկի մէջ եւ ճանապարհի պաշար տան: Այդպէս էլ արեցին:
- 26 Նրանք բարձելով իրենց էշերը՝ գնացին այնտեղից:
- 27 Նրանցից մէկը, իջեւանում իր գրաստին կեր տալու համար բացելով իր պարկը, տեսաւ, որ իր արծաթի քսակը դրուած է իր պարկի բերանին:
- 28 Այն ժամանակ նա ասաց իր եղբայրներին. «Դրամը վերադարձրել են ինձ, ահա իմ պարկի մէջ է»: Նրանք զարմացան, իրար անցան ու ասացին. «Այս ի՞նչ արեց մեզ Աստուած»:
- 29 Նրանք եկան իրենց հայր Յակոբի մօտ, Քանանի երկիրը, պատմեցին նրան այն ամէնը, ինչ պատահել էր իրենց հետ, եւ ասացին.
- 30 «Մարդը, որ երկրի տէրն էր, մեզ հետ շատ խիստ խօսեց եւ մեզ, իբրեւ այդ երկրի լրտեսներ, բանտ նետեց:
- 31 Մենք նրան ասացինք. «Մենք խաղաղասէր մարդիկ ենք, լրտեսներ չենք:
- 32 Մենք տասներկու եղբայրներ ենք՝ մեր հօր որդիները: Մէկը չկայ, իսկ կրտսերն այս պահին մեր հօր մօտ է՝ Քանանացիների երկրում»:
- 33 Երկրի տէրը մեզ ասաց. «Ձեր խաղաղասէր լինելը սրանով կ՚իմանամ, եթէ ձեր մի եղբօրն այստեղ՝ ինձ մօտ թողնէք, ձեր գնած ցորենը վերցնէք տանէք ձեր տուն
- 34 եւ ձեր կրտսեր եղբօրը բերէք ինձ մօտ: Այն ժամանակ ես կ՚իմանամ, որ դուք լրտեսներ չէք, այլ խաղաղասէր մարդիկ էք, եւ ձեր այս եղբօրն էլ կը վերադարձնեմ ձեզ, եւ դուք այս երկրում առեւտուր կ՚անէք»:
- 35 Երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, իւրաքանչիւրի արծաթի քսակը իր պարկում էր: Եւ երբ նրանք տեսան իրենց արծաթի քսակները, իրենք եւ իրենց հայրը խիստ վախեցան:
- 36 Նրանց հայրը՝ Յակոբը, ասաց նրանց. «Ինձ անզաւակ էք թողնում: Յովսէփը չկայ, Շմաւոնը չկայ, հիմա էլ Բենիամինի՞ն էք վերցնելու: Այս բոլորը իմ գլխին են թափւում»:
- 37 Ռուբէնը, դիմելով հօրը, ասաց. «Դու իմ երկու որդիներին կը սպանես, եթէ նրան չվերադարձնեմ քեզ: Դու Բենիամինին վստահիր ինձ, եւ ես նրան կը վերադարձնեմ քեզ»:
- 38 Նա ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետեւ սրա եղբայրը մեռաւ, եւ միայն սա է մնացել: Եթէ սա հիւանդանայ ձեր գնացած ճանապարհին, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կ՚իջեցնէք»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗