창세기 41장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 57절
- 1 Երկու տարի անց փարաւոնը երազ տեսաւ: Երազում ինքը կանգնած էր գետի եզերքին,
- 2 իսկ գետից դուրս էին գալիս տեսքով գեղեցիկ ու մարմնով պարարտ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում:
- 3 Դրանցից յետոյ գետից դուրս էին գալիս տեսքով տգեղ ու մարմնով նիհար եօթը այլ երինջներ եւ միւս երինջների հետ արածում գետի եզերքին:
- 4 Տեսքով տգեղ ու մարմնով նիհար եօթը երինջներն ուտում էին տեսքով գեղեցիկ ու պարարտ եօթը երինջներին: Զարթնեց փարաւոնը: Նորից քուն մտաւ:
- 5 Նա տեսաւ մի երկրորդ երազ. ահա մէկ ցօղունից բուսնում էին ընտիր ու գեղեցիկ եօթը հասկեր:
- 6 Ապա բուսան չորուկ ու խորշակահար եօթը այլ հասկեր,
- 7 եւ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը կուլ տուեցին ընտիր ու լի եօթը հասկերը:
- 8 Զարթնեց փարաւոնը եւ տեսաւ, որ երազ էր: Առաւօտեան խռովուեց նրա հոգին: Նա մարդ ուղարկեց, կանչել տուեց Եգիպտոսի բոլոր երազահաններին, երկրի բոլոր իմաստուններին եւ պատմեց իր երազները, բայց չգտնուեց մէկը, որ կարողանար մեկնել փարաւոնի երազները:
- 9 Տակառապետը, դիմելով փարաւոնին, ասաց. «Այսօր յիշեցնեմ իմ յանցանքը:
- 10 Երբ փարաւոնը բարկացել էր իր ծառաների վրայ, ինձ ու մատակարարին արգելափակել էր դահճապետի տանը:
- 11 Մենք երկուսս էլ երազ տեսանք միեւնոյն գիշերը. իւրաքանչիւրս տեսաւ ի՛ր երազը:
- 12 Այնտեղ մեզ հետ էր դահճապետի ծառայ եբրայեցի մի պատանի: Պատմեցինք նրան,
- 13 եւ նա մեկնեց մեզ մեր երազները՝ տալով իւրաքանչիւրիս իր երազի մեկնութիւնը: Եւ եղաւ, որ ինչպէս մեկնել էր մեզ, այնպէս էլ կատարուեց. ես եկայ հասայ իմ պաշտօնին, իսկ նրան կախեցին ծառից»:
- 14 Փարաւոնը մարդ ուղարկեց ու կանչել տուեց Յովսէփին: Հանեցին նրան բանտից, երեսն ածիլեցին, փոխեցին նրա պատմուճանը, եւ նա ներկայացաւ փարաւոնին:
- 15 Փարաւոնն ասաց Յովսէփին. «Երազ եմ տեսել, եւ չկայ մէկը, որ մեկնի այն: Ես լսել եմ քո մասին: Ասում են, որ եթէ երազները պատմեն քեզ, դու կը մեկնես դրանք»:
- 16 Պատասխան տալով՝ Յովսէփն ասաց փարաւոնին. «Առանց Աստծու օգնութեան փարաւոնի համար փրկարար ոչ մի պատասխան չի լինի»:
- 17 Փարաւոնը, դիմելով Յովսէփին, ասաց. «Երազումս ինձ թւում էր, թէ կանգնած էի գետի եզերքին,
- 18 եւ, իբրեւ թէ, գետից ելնում էին մարմնով պարարտ ու տեսքով գեղեցիկ եօթը երինջներ, որոնք արածում էին այնտեղ՝ ճահճուտում:
- 19 Ապա, դրանցից յետոյ գետից դուրս էին գալիս տեսքով շատ այլանդակ ու զզուելի եւ մարմնով նիհար եօթը երինջներ, որոնցից աւելի զզուելին չեմ տեսել ողջ Եգիպտացիների երկրում:
- 20 Յոթը նիհար ու զզուելի երինջներն ուտում էին գեղեցիկ ու պարարտ առաջին եօթը երինջներին:
- 21 Նրանք թէեւ կուլ էին տալիս վերջիններիս, բայց չէր երեւում, որ նրանք սրանց կուլ են տուել. նրանց տեսքը առաջուայ պէս զզուելի էր: Զարթնեցի ու նորից քնեցի:
- 22 Դարձեալ երազում տեսայ, որ, իբրեւ թէ, մէկ ցօղունից բուսնում էին լի ու գեղեցիկ եօթը հասկեր:
- 23 Նրանց կողքին բուսան բարակ, չորուկ ու խորշակահար եօթը այլ հասկեր,
- 24 եւ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը կուլ էին տալիս գեղեցիկ ու լի հասկերը: Երազներս պատմեցի երազահաններին, բայց ոչ մէկը չկար, որ դրանք մեկնէր ինձ»:
- 25 Յովսէփն ասաց փարաւոնին. «Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն. Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է:
- 26 Եօթը գեղեցիկ երինջները եօթը տարի են նշանակում, եւ եօթը գեղեցիկ հասկերը նոյնպէս եօթը տարի են նշանակում: Փարաւոնի տեսած երազները մէկ իմաստ ունեն:
- 27 Դրանցից յետոյ ելած տգեղ ու վտիտ եօթը երինջները եօթը տարի են նշանակում, իսկ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը նշանակում են, որ եօթը տարի սով է լինելու:
- 28 Փարաւոնին ասածիս իմաստն այն է, որ Աստուած փարաւոնին յայտնել է այն, ինչ անելու է:
- 29 Ահա ողջ Եգիպտացիների երկրում լինելու են բերքառատ եօթը տարիներ:
- 30 Դրանցից յետոյ կը գան սովի եօթը տարիներ, եւ կը մոռացուի երկրում եղած բերքի առատութիւնը:
- 31 Սովը կը սպառի երկիրը, եւ մարդիկ չեն իմանայ բերքի առատութիւնը դրան յաջորդող սովի պատճառով, քանի որ սովը շատ սաստիկ է լինելու:
- 32 Փարաւոնի երազի երկու անգամ կրկնուելը վկայում է, որ Աստծու խօսքը հաստատապէս կատարուելու է, եւ Աստուած չի յապաղի այն ի կատար ածելուց:
- 33 Արդ, տե՛ս, գտի՛ր խոհեմ ու իմաստուն մի մարդու, որ դառնայ փարաւոնի խորհրդականը, եւ նրան վերակացու նշանակի՛ր Եգիպտացիների երկրի վրայ:
- 34 Փարաւոնը երկրի վրայ նաեւ գործակալներ թող նշանակի, որ Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիների ընթացքում բերքի մէկ հինգերորդ մասը հարկ վերցնեն:
- 35 Նրանք թող հաւաքեն առաջին եօթը տարիների բերքի ամբողջ պաշարը, ցորենը թող դրուի փարաւոնի տրամադրութեան տակ, եւ պարէնը թող պահուի քաղաքներում:
- 36 Երկրի պարէնը թող պահուի Եգիպտացիների երկրի վրայ տարածուելիք սովի եօթը տարիների համար, որպէսզի երկիրը սովից չկոտորուի»:
- 37 Յովսէփի խօսքերը հաճելի թուացին փարաւոնին ու նրա բոլոր պաշտօնեաներին:
- 38 Փարաւոնն ասաց իր բոլոր պաշտօնեաներին. «Մի՞թէ կը գտնենք այսպիսի մի մարդ, որ իր անձի մէջ կրի Աստծու ոգին»:
- 39 Եւ փարաւոնն ասաց Յովսէփին. «Քանի որ Աստուած քեզ յայտնեց այդ ամէնը, ուրեմն քեզնից աւելի իմաստուն ու խելացի մարդ չկայ:
- 40 Դո՛ւ եղիր իմ տան վերակացուն, եւ քո հրամանին թող ենթարկուի իմ ամբողջ ժողովուրդը: Իմ գահո՛վ միայն ես քեզնից բարձր կը լինեմ»:
- 41 Փարաւոնն ասաց Յովսէփին. «Ահա այսօր քեզ վերակացու եմ կարգում Եգիպտացիների երկրի վրայ»:
- 42 Եւ փարաւոնը մատից հանելով իր մատանին՝ դրեց Յովսէփի մատին, նրան հագցրեց բեհեզեայ պատմուճան, ոսկէ մանեակ անցկացրեց նրա պարանոցին,
- 43 նրան նստեցրեց իր երկրորդ կառքը: Մունետիկը Յովսէփի առաջից գնալով՝ այդ մասին ազդարարեց, եւ նա վերակացու կարգուեց Եգիպտացիների երկրի վրայ:
- 44 Փարաւոնն ասաց Յովսէփին. «Ահա ես փարաւոնն եմ: Ամբողջ Եգիպտացիների երկրում ոչ ոք իրաւունք չունի նոյնիսկ իր ոտքը կամ ձեռքը բարձրացնելու առանց քո հրամանի»:
- 45 Եւ փարաւոնը Յովսէփի անունը դրեց Փսոմփթոմբանէ, իսկ Արեգ քաղաքի քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթին նրան տուեց կնութեան: Եւ Յովսէփը գնաց փարաւոնի մօտից:
- 46 Յովսէփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացաւ եգիպտացիների փարաւոն արքային: Յովսէփը, գնալով փարաւոնի մօտից, շրջեց ողջ Եգիպտոսում:
- 47 Երկիրը առատութեան եօթը տարիների ընթացքում հարուստ բերք տուեց:
- 48 Յովսէփը հաւաքեց Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիների ողջ բերքը՝ ամէն մի քաղաքի շուրջը գտնուող դաշտերի բերքը ամբարելով այդ քաղաքում:
- 49 Յովսէփը ծովի աւազի չափ շատ ցորեն հաւաքեց ու ամբարեց այնտեղ այնքան, որ հնարաւոր չէր հաշուել, քանի որ անթիւ-անհամար էր:
- 50 Երբ դեռ չէր եկել եօթը տարուայ սովը, Յովսէփն ունեցաւ երկու որդի, որոնց ծնել էր Արեգ քաղաքի քուրմ Պետափրէսի դուստր Ասանէթը նրա համար:
- 51 Յովսէփն անդրանիկ որդու անունը դրեց Մանասէ, «Որովհետեւ, - ասում է, - Աստուած ինձ մոռացնել տուեց իմ ու իմ հօր բոլոր վշտերը»:
- 52 Երկրորդ որդու անունը դրեց Եփրեմ, «Որովհետեւ, - ասում է, - Աստուած ինձ բազմացրեց իմ տառապանքների երկրում»:
- 53 Անցան Եգիպտացիների երկրի առատութեան եօթը տարիները,
- 54 եւ վրայ հասան սովի եօթը տարիները, ինչպէս ասել էր Յովսէփը: Սով եղաւ ամբողջ երկրում, որովհետեւ ողջ Եգիպտացիների երկրում հաց չէր գտնւում:
- 55 Սովի մատնուեց համայն Եգիպտացիների երկիրը, եւ ամբողջ ժողովուրդը հացի համար աղաղակ բարձրացրեց փարաւոնի առաջ: Փարաւոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացէ՛ք Յովսէփի մօտ, եւ ինչ որ ասի նա ձեզ, կատարեցէ՛ք»:
- 56 Սով էր ամբողջ երկրում: Յովսէփը բացեց ցորենի բոլոր շտեմարանները եւ ցորեն էր վաճառում բոլոր եգիպտացիներին: Սովը սաստկացաւ Եգիպտացիների երկրում:
- 57 Եւ բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Յովսէփից հաց գնելու, որովհետեւ սովը սաստկանում էր ամբողջ աշխարհում:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗