창세기 4장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 26절
- 1 Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծու զօրութեամբ»:
- 2 Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին: Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում:
- 3 Որոշ ժամանակ անց Կայէնը երկրի բարիքներից ընծայ բերեց Աստծուն,
- 4 իսկ Աբէլը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գէրերից: Աստուած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին,
- 5 իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց: Կայէնը շատ տրտմեց, նրա դէմքը մռայլուեց:
- 6 Տէր Աստուած Կայէնին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլուեց դէմքդ:
- 7 Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատուել, դու ի վիճակի ես այն յաղթահարելու»:
- 8 Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»: Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան:
- 9 Տէր Աստուած հարցրեց Կայէնին. «Ո՞ւր է քո եղբայր Աբէլը»: Սա պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թէ ես իմ եղբօր պահակն եմ»:
- 10 Աստուած ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է ինձ:
- 11 Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար:
- 12 Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդիւնքը: Ահ ու դողի եւ երերման մէջ պիտի լինես երկրի վրայ»:
- 13 Կայէնն ասաց Աստծուն. «Գործած մեղքս մեծ է թողութեան արժանի լինելու համար:
- 14 Եթէ այսօր ինձ հանես երկրից, ես կը թաքնուեմ քեզնից, ահ ու դողի եւ երերման մէջ կը լինեմ երկրի վրայ, եւ ով հանդիպի, կը սպանի ինձ»:
- 15 Տէր Աստուած ասաց նրան. «Այդպէս չէ: Նա, ով կը սպանի Կայէնին, եօթնապատիկ վրէժի կ՚արժանանայ»: Եւ Տէր Աստուած նշան դրեց Կայէնի վրայ, որպէսզի ոչ ոք, ով հանդիպի նրան, չսպանի:
- 16 Կայէնը հեռացաւ Աստծու մօտից եւ բնակուեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց:
- 17 Կայէնը պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց Ենոքին: Կայէնը քաղաք կառուցեց եւ քաղաքը կոչեց իր որդու՝ Ենոքի անուամբ:
- 18 Ենոքը Գայերիդադ անուամբ որդի ունեցաւ: Գայերիդադը ծնեց Մայիէլին, Մայիէլը ծնեց Մաթուսաղային, Մաթուսաղան ծնեց Ղամէքին:
- 19 Ղամէքն առաւ երկու կին. մէկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սէլլա:
- 20 Ադդան ծնեց Յոբէլին: Սա խաշնարածների վրաններում բնակուողների նախահայրն է:
- 21 Նրա եղբօր անունը Յոբաղ է: Նա է յօրինել երգն ու քնարը:
- 22 Սէլլան ծնեց Թոբէլին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին էր: Թոբէլի քոյրը Նոյեման էր:
- 23 Ղամէքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սէլլային. «Լսեցէ՛ք իմ խօսքը, Ղամէքի կանայք, ակա՛նջ դրէք իմ ասածին: Ես մի երիտասարդ մարդ սպանեցի, որովհետեւ նա ինձ վիրաւորել եւ հարուածել էր:
- 24 Եթէ սպանութեան համար Կայէնից եօթն անգամ վրէժ է պահանջւում, ապա Ղամէքից՝ եօթանասունեօթն անգամ»:
- 25 Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց որդի, նրա անունը դրեց Սէթ եւ ասաց. «Կայէնի սպանած Աբէլի փոխարէն Աստուած ինձ ուրիշ զաւակ պարգեւեց»:
- 26 Սէթն ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Ենոս: Նա յուսալով կանչում էր Տէր Աստծու անունը:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗