로그인

창세기 33장 Eastern (Genesis Exodus Gospels)

Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 20절

  1. 1 Յակոբն աչքերը բարձրացրեց ու տեսաւ իր եղբայր Եսաւին, որ գալիս էր չորս հարիւր հոգով: Յակոբն իր երեխաներին բաժանեց Լիայի, Ռաքէլի եւ երկու աղախինների միջեւ:
  2. 2 Նա երկու աղախիններին ու նրանց որդիներին ուղարկեց առջեւից, Լիային ու նրա որդիներին՝ նրանցից յետոյ, իսկ Ռաքէլին ու Յովսէփին՝ ամենավերջում:
  3. 3 Ինքն անցաւ նրանցից առաջ եւ եօթն անգամ գետին խոնարհուեց մինչեւ իր եղբօրը մօտենալը:
  4. 4 Եսաւն ընդառաջ գնաց նրան, գրկեց եւ համբուրեց, փաթաթուեց վզին եւ համբուրեց նրան: Նրանք երկուսով լաց եղան:
  5. 5 Եսաւը վեր նայելով տեսաւ կանանց ու երեխաներին եւ հարց տուեց. «Սրանք քո ի՞նչն են»: Նա պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով Աստուած ողորմեց ինձ՝ քո ծառային»:
  6. 6 Աղախիններն ու նրանց որդիները մօտեցան ու խոնարհուեցին նրա առաջ:
  7. 7 Մօտեցան նաեւ Լիան ու իր որդիները եւ խոնարհուեցին նրա առաջ: Յետոյ մօտեցան Յովսէփն ու Ռաքէլը եւ խոնարհուեցին նրա առաջ:
  8. 8 Եսաւը հարց տուեց. «Ի՞նչ է այս մեծ շարանը, որ ինձ հանդիպեց»: Նա պատասխանեց. «Որպէսզի քո ծառան շնորհ գտնի քո առաջ»:
  9. 9 Եսաւն ասաց. «Ես էլ շատ ունեմ, եղբա՛յր, քոնը քեզ թող մնայ»:
  10. 10 Յակոբն ասաց. «Այդպէս չի լինի: Եթէ շնորհ եմ գտել քո առաջ, ուրեմն ընդունի՛ր ինձնից ընծաները. որովհետեւ քո դէմքը տեսայ այնպէս, ինչպէս մարդ Աստծու դէմքը տեսնի: Ուրախացի՛ր ինձ հետ
  11. 11 եւ ընդունի՛ր իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետեւ ողորմեց ինձ Աստուած, եւ ես ամէն ինչ ունեմ»: Յակոբն ստիպեց նրան, եւ սա ընդունեց:
  12. 12 Եսաւն ասաց. «Ելնենք գնանք ուղիղ ճանապարհով»:
  13. 13 Յակոբն ասաց նրան. «Իմ տէրն ինքը գիտի, որ երեխաներս փոքր են, իսկ ոչխարն ու արջառը արդէն ծնել են: Եթէ դրանց ստիպեմ մի օրուայ ճանապարհ գնալ, ապա բոլոր անասունները կը սատկեն:
  14. 14 Ուրեմն իմ տէրն իր ծառայի առջեւից թող գնայ, իսկ ես ըստ իմ կարողութեան ու անասունների ընթացքի, ըստ իմ երեխաների զօրութեան կը շարժուեմ, մինչեւ որ Սէիրում հասնեմ իմ տիրոջը»:
  15. 15 Եսաւը հարցրեց. «Քեզ մօտ թողնե՞մ ինձ հետ եղած մարդկանց մի մասին»: Սա պատասխանեց. «Ի՞նչ կարիք կայ: Բաւական է, որ շնորհ գտայ քո առաջ, տէ՛ր»:
  16. 16 Այդ օրը Եսաւը իր ճանապարհով վերադարձաւ Սէիր,
  17. 17 իսկ Յակոբը գնաց դէպի վրանը, այնտեղ իր համար տներ կառուցեց, իսկ իր հօտերի համար փարախ շինեց: Դրա համար էլ այդ վայրը կոչեց Վրան:
  18. 18 Վերադառնալով Ասորիների Միջագետքից՝ Յակոբն եկաւ սիկիմացիների Սաղէմ քաղաքը, որը գտնւում էր Քանանացիների երկրում, եւ բնակուեց քաղաքի դիմաց:
  19. 19 Նա Սիւքեմի հայր Եմորից հարիւր ոչխարով մի կալուածք գնեց, ուր եւ խփեց իր վրանը:
  20. 20 Նա այնտեղ զոհասեղան կառուցեց եւ երկրպագեց Իսրայէլի Աստծուն:

Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗