창세기 32장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 32절
- 1 Յակոբն էլ գնաց իր ճանապարհով: Նա տեսաւ Աստծու հրեշտակների բանակը. նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները:
- 2 Յակոբը տեսնելով նրանց՝ ասաց. «Սա Աստծու բանակն է». եւ այդ վայրի անունը դրեց Բանակատեղի:
- 3 Յակոբն իրենից առաջ բանագնացներ ուղարկելով իր եղբայր Եսաւի մօտ, Սէիր գաւառը, Եդոմի երկիրը՝ պատուէր տուեց նրանց ու ասաց.
- 4 «Այսպէս կ՚ասէք իմ տէր Եսաւին, թէ այսպէս է ասում քո ծառայ Յակոբը. «Լաբանի մօտ ապրեցի եւ մինչեւ հիմա այնտեղ մնացի:
- 5 Ունեցայ արջառներ, ոչխարներ, էշեր, ծառաներ ու աղախիններ: Հիմա մարդ եմ ուղարկում իմ տէր Եսաւին՝ խնդրելու, որ քո ծառան շնորհ գտնի քո առաջ»:
- 6 Բանագնացները Յակոբի մօտ վերադառնալով՝ ասացին. «Գնացինք քո եղբայր Եսաւի մօտ. նա, նրա հետ նաեւ չորս հարիւր տղամարդիկ, քեզ ընդառաջ են գալիս»:
- 7 Վախեցաւ Յակոբն ու կասկածանքի մէջ ընկաւ: Նա իր հետ եղած ժողովրդին, արջառները, ոչխարները եւ ուղտերը բաժանեց երկու խմբի:
- 8 Յակոբը մտածեց. «Եթէ Եսաւը յարձակուի առաջին խմբի վրայ եւ ջարդի այն, ապա կը փրկուի երկրորդ խումբը»:
- 9 Եւ Յակոբն ասաց. «Իմ հայր Աբրահամի Աստուա՛ծ, իմ հայր Իսահակի Աստուա՛ծ, Տէ՛ր, ինձ ասացիր, թէ՝ «Գնա՛ քո ծննդավայրը եւ բարիք կ՚անեմ քեզ»:
- 10 Ես արժանի չեմ բոլոր այն արդարութիւններին ու ճշմարտութիւններին, որ արեցիր քո ծառային, որովհետեւ ցուպը ձեռքիս անցայ Յորդանանի այս կողմը, իսկ հիմա բաժանուել եմ երկու մասի:
- 11 Փրկի՛ր ինձ իմ եղբայր Եսաւի ձեռքից, որովհետեւ ես նրանից վախենում եմ. գուցէ նա գայ եւ հարուածի ինձ ու մայրերին՝ իրենց երեխաների հետ:
- 12 Դու ասացիր, թէ՝ «Բարիք կ՚անեմ քեզ եւ քո սերունդները աւազի պէս կը բազմացնեմ, այնքան, որ անթիւ ու անհամար կը լինեն նրանք»:
- 13 Եւ նա այդ գիշեր քնեց այդտեղ: Նա բերածներից իր ձեռքով, իբրեւ ընծայ, իր եղբայր Եսաւին ուղարկեց
- 14 երկու հարիւր այծ, քսան նոխազ, երկու հարիւր մաքի, քսան խոյ,
- 15 երեսուն ուղտ՝ իրենց նորածին ձագերի հետ, քառասուն կով եւ տասը ցուլ, քսան էշ եւ տասը քուռակ:
- 16 Նա իր ծառաներին յանձնեց հօտերն առանձին-առանձին եւ ասաց նրանց. «Դուք գնացէ՛ք ինձնից առաջ, հօտերն առանձին-առանձին՝ իրարից հեռու կը տանէք»:
- 17 Նա առաջինին պատուիրեց՝ ասելով. «Եթէ քեզ հանդիպի իմ եղբայր Եսաւը եւ հարցնի, թէ՝ «Ո՞վ ես եւ ո՞ւր ես գնում, ո՞ւմ է պատկանում այն, ինչ քո առջեւից է գնում»,
- 18 կ՚ասես. «Քո ծառայ Յակոբի ընծաներն են, որ նա ուղարկում է իր տէր Եսաւին, իսկ ինքը գալիս է մեր ետեւից»:
- 19 Նա պատուիրեց առաջինին, երկրորդին, երրորդին եւ բոլոր նրանց, ովքեր հօտերի հետ գնում էին առջեւից, եւ ասաց. «Երբ կը հանդիպէք Եսաւին, կ՚ասէք նրան այն, ինչ ասացի ես ձեզ:
- 20 Դուք կ՚ասէք. «Ահա քո ծառայ Յակոբը գալիս է մեր ետեւից»: Նա ինքն իրեն մտածում էր. «Նրան կը մեղմեմ այն ընծաներով, որ ուղարկում եմ ինձնից առաջ, եւ ապա անձամբ կը հանդիպեմ նրան, թերեւս բարեացակամ լինի իմ նկատմամբ»:
- 21 Ընծաներն ուղարկուեցին իրենից առաջ, իսկ ինքն այդ գիշեր քնեց այդտեղ՝ Բանակատեղիում:
- 22 Նոյն գիշերը վեր կենալով՝ նա առաւ իր երկու կանանց, երկու աղախիններին ու տասնմէկ որդիներին, անցկացրեց Յոբոկ գետի ծանծաղուտով:
- 23 Նա նրանց ու իրեն պատկանող ամէն ինչ վերցրած՝ անցկացրեց գետով:
- 24 Յակոբը մնաց միայնակ: Մի մարդ նրա հետ մարտնչեց մինչեւ առաւօտ:
- 25 Երբ մարդը տեսաւ, որ չի կարողանում յաղթել նրան, կռուի ընթացքում բռնեց Յակոբի ազդրի ջլերը եւ անզգայացրեց դրանք:
- 26 Մարդն ասաց նրան. «Թո՛յլ տուր գնամ, որովհետեւ արդէն լուսացաւ»: Յակոբը պատասխանեց. «Թոյլ չեմ տայ, որ գնաս, մինչեւ ինձ չօրհնես»:
- 27 Մարդն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»: Նա պատասխանեց նրան՝ Յակոբ:
- 28 Մարդն ասաց նրան. «Այսուհետեւ քեզ Յակոբ թող չկոչեն, այլ Իսրայէլ թող լինի քո անունը, որովհետեւ դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես»:
- 29 Յակոբը հարց տուեց. «Ասա՛ ինձ քո անունը»: Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»: Եւ նա տեղնուտեղը օրհնեց նրան:
- 30 Յակոբն այդ տեղն անուանեց Երեւումն Աստուծոյ, որովհետեւ, - ասում է, - Աստծուն տեսայ դէմ առ դէմ, եւ փրկուեց հոգիս»:
- 31 Երբ անյայտացաւ Աստծու տեսիլքը, նրա վրայ արեւ ծագեց, իսկ նա իր ազդրի պատճառով կաղալով էր գնում:
- 32 Դրա համար էլ իսրայէլացիները մինչեւ օրս կենդանիների ազդրի ջլերը չեն ուտում, քանի որ Աստուած բռնել էր Յակոբի ազդրի ջլերը եւ անզգայացրել դրանք:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗