창세기 26장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 35절
- 1 Սով եղաւ երկրում. ոչ այն սովը, որ եղել էր Աբրահամի ժամանակ:
- 2 Իսահակը գնաց փղշտացիների արքայ Աբիմելէքի մօտ, Գերարա: Նրան երեւաց Տէրն ու ասաց. «Եգիպտոս մի՛ իջիր, այլ բնակուի՛ր այն երկրում, որտեղ ասացի քեզ.
- 3 իբրեւ պանդուխտ ապրի՛ր այս երկրում, որ ես լինեմ քեզ հետ եւ օրհնեմ քեզ, որովհետեւ քեզ ու քո սերունդներին եմ տալու այս ողջ երկիրը: Ես հաստատ կը պահեմ այն երդումը, որ տուեցի քո հայր Աբրահամին:
- 4 Ես բազմացնելու եմ քո սերունդները երկնքի աստղերի չափ, քո զաւակներին եմ տալու այս ամբողջ երկիրը, եւ քո սերունդների միջոցով օրհնուելու են երկրի բոլոր ազգերը
- 5 ի հատուցումն այն բանի, որ քո հայր Աբրահամը լսեց իմ խօսքը, պահեց իմ հրամանները, իմ պատուիրանները, իմ կանոններն ու օրէնքները»:
- 6 Իսահակը բնակուեց գերարացիների հետ:
- 7 Տեղի մարդիկ հարցրին նրա կին Ռեբեկայի մասին, եւ նա ասաց. «Իմ քոյրն է»: Նա վախեցաւ ասել «Իմ կինն է». գուցէ Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանէին իրեն, որովհետեւ Ռեբեկան դէմքով գեղեցիկ էր:
- 8 Նա այնտեղ մնաց երկար ժամանակ: Փղշտացիների արքայ Աբիմելէքը պատուհանից դուրս ձգուեց ու տեսաւ, որ Իսահակը կատակում է իր կին Ռեբեկայի հետ:
- 9 Աբիմելէքը կանչեց Իսահակին եւ ասաց նրան. «Ուրեմն նա քո կինն է: Ինչո՞ւ, սակայն, ասացիր, թէ՝ «Իմ քոյրն է»: Իսահակն ասաց նրան. «Որովհետեւ մտածեցի, թէ գուցէ նրա պատճառով սպանուեմ»:
- 10 Աբիմելէքը նրան ասաց. «Ինչո՞ւ այդ բանն արեցիր մեզ հետ: Քիչ էր մնում, որ իմ ազգակիցներից մէկը պառկէր քո կնոջ հետ եւ մեզ մեղքի մէջ գցէիր»: Եւ Աբիմելէքը հրաման արձակեց իր ողջ ժողովրդին՝ ասելով.
- 11 «Բոլոր նրանք, ովքեր կը դիպչեն այդ մարդուն կամ նրա կնոջը, մահուան կը դատապարտուեն»:
- 12 Իսահակը գարի ցանեց այդ երկրում եւ նոյն տարում էլ հարիւրապատիկ բերք ստացաւ: Տէրն օրհնեց նրան,
- 13 եւ սա հարստացաւ: Նա առաջադիմում էր, հարստանում այն աստիճան, որ մեծահարուստ դարձաւ:
- 14 Նա ունեցաւ ոչխարի ու արջառի հօտեր, բազում կալուածքներ:
- 15 Փղշտացիները նախանձեցին նրան եւ խցանեցին այն բոլոր ջրհորները, որ նրա հօր՝ Աբրահամի օրօք փորել էին նրա ծառաները. փղշտացիները
- 16 դրանք լցրին հողով: Աբիմելէքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մօտից, որովհետեւ մեզնից շատ աւելի զօրաւոր եղար»:
- 17 Իսահակն այդտեղից գնաց ու վրան խփեց գերարացիների ձորում: Նա բնակուեց այնտեղ:
- 18 Իսահակը դարձեալ փորեց այն ջրհորները, որ փորել էին նրա հօր՝ Աբրահամի ծառաները, իսկ փղշտացիները նրա հայր Աբրահամի մահից յետոյ խցանել էին: Իսահակն այդ ջրհորները կոչեց այն անուններով, որ տուել էր դրա նց իր հայր Աբրահամը:
- 19 Իսահակի ծառաները հող փորեցին գերարացիների ձորում եւ այնտեղ գտան ըմպելի ջրի աղբիւր:
- 20 Գերարացիների հովիւները կռուեցին Իսահակի հովիւների հետ՝ ասելով, թէ իրենցն է այդ ջրհորը: Նրանք ջրհորը կոչեցին Անիրաւութիւն, քանի որ նրա հանդէպ անիրաւութիւն էին գործել:
- 21 Իսահակը գնաց այդտեղից ու փորեց մի այլ ջրհոր եւս: Վէճ ծագեց սրա համար էլ: Իսահակը այն կոչեց Թշնամութիւն:
- 22 Նա գնաց այդտեղից եւ փորեց մի այլ ջրհոր եւս: Դրա շուրջ վէճ չառաջացաւ, եւ այդ պատճառով այն կոչեց Անդորրութիւն՝ ասելով, թէ՝ «Այժմ մեզ ընդարձակ տեղ տուեց Տէրը եւ բազմացրեց մեզ երկրի վրայ»:
- 23 Իսահակն այդտեղից գնաց Երդման ջրհորի մօտ: Տէրն այդ գիշեր երեւաց նրան ու ասաց.
- 24 «Ես քո հօր Աստուածն եմ: Մի՛ վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ, ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո սերունդները ի սէր քո հայր Աբրահամի»:
- 25 Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու երկրպագեց Տիրոջը: Նա այդտեղ խփեց իր վրանը: Իսահակի ծառաները այդտեղ ջրհոր փորեցին:
- 26 Գերարայից նրա մօտ գնացին Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթը եւ նրա զօրքերի սպարապետ Փիքողը:
- 27 Իսահակը նրանց ասաց. «Ինչո՞ւ եկաք ինձ մօտ, չէ՞ որ դուք ատեցիք ինձ եւ հալածեցիք ձեր մօտից»:
- 28 Նրանք պատասխանեցին. «Մենք պարզիպարզոյ տեսանք, որ Տէրը քեզ հետ է, ուստի ասացինք. «Հաշտութիւն թող լինի մեր եւ քո միջեւ: Մենք պայման թող դնենք քեզ հետ.
- 29 մեր նկատմամբ որեւէ վատ բան չանես, քանի որ մենք չենք մեղանչել քո դէմ, քեզ բարերարութիւն ենք արել եւ քեզ խաղաղութեամբ ճանապարհ դրել, որովհետեւ դու Տիրոջ օրհնած մարդն ես»:
- 30 Իսահակը նրանց պատուին խնջոյք սարքեց, նրանք կերան, խմեցին
- 31 եւ առաւօտեան վաղ վեր կենալով՝ երդուեցին միմեանց: Իսահակը ճանապարհ դրեց նրանց, եւ նրանք իր մօտից հաշտ ու խաղաղ գնացին:
- 32 Այդ օրը եկան Իսահակի ծառաները եւ յայտնեցին նրան իրենց փորած ջրհորի մասին, թէ՝ «Ջուր չենք գտել»:
- 33 Իսահակն այդ ջրհորն անուանեց Երդումն: Դրա համար էլ այդ քաղաքը մինչեւ այսօր կոչւում է Երդման ջրհոր:
- 34 Եսաւը քառասուն տարեկան հասակում կին առաւ քետացի Բէերի դուստր Յուդիթին եւ խեւացի Ելոմի դուստր Մասեմաթին,
- 35 որոնք վշտացնում էին Իսահակին եւ Ռեբեկային:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗