로그인

창세기 25장 Eastern (Genesis Exodus Gospels)

Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 34절

  1. 1 Աբրահամն առաւ մի կին էլ, որի անունը Քետտուրա էր:
  2. 2 Սա նրա համար ծնեց Զեմրանին, Յեկսանին, Մադանին, Մադիանին, Յեսբոկին եւ Սովիւէին:
  3. 3 Յեկսանը ծնեց Սաբային, Թեմանին եւ Դադանին: Դադանի որդիներն էին Ռագուէլը, Նաբդեէլը, Ասուրիիմը, Լատուսիիմը եւ Լովովմիմը:
  4. 4 Մադիամի որդիներն էին Գեփարը, Ափերը, Ենոքը, Աբիդան եւ Եդրագան: Սրանք բոլորը Քետտուրայի որդիներն էին:
  5. 5 Աբրահամն իր ողջ ունեցուածքը տուեց իր որդի Իսահակին,
  6. 6 իսկ իր հարճերի որդիներին, որոնք Աբրահամից էին, պարգեւներ տուեց եւ, քանի դեռ կենդանի էր, նրանց հեռացրեց իր որդի Իսահակի մօտից դէպի արեւելք՝ արեւելեան երկիրը:
  7. 7 Աբրահամն ապրեց հարիւր եօթանասունհինգ տարի:
  8. 8 Աբրահամը հոգին աւանդեց ու մեռաւ երջանիկ ծերութեան մէջ, զառամեալ, ալեւորած տարիքում, եւ գնաց միացաւ իր նախնիներին:
  9. 9 Նրա որդիներ Իսահակն ու Իսմայէլը նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զոյգ քարայրում,
  10. 10 որը գտնւում է Մամբրէի կաղնու դիմաց: Աբրահամին ու նրա կին Սառային թաղեցին այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը Քետի որդիներից էր գնել:
  11. 11 Աբրահամի մահից յետոյ Աստուած օրհնեց նրա որդի Իսահակին, եւ Իսահակը բնակուեց Տեսիլքի ջրհորի մօտ:
  12. 12 Սրանք են սերուդները Աբրահամի որդի Իսմայէլի, որին ծնեց եգիպտուհի Ագարը՝ Սառայի աղախինը, Աբրահամի համար:
  13. 13 Ահա Իսմայէլի որդիների անուններն ըստ նրանց ցեղերի. Իսմայէլի անդրանիկը՝ Նաբեոթ, ապա Կեդար, Աբդեէլ, Մաբսամ,
  14. 14 Մասմա, Իդումա, Մասէ,
  15. 15 Քոլդադ, Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա:
  16. 16 Սրանք են Իսմայէլի որդիները, եւ սրանք են նրանց անուններն ըստ իրենց բնակավայրերի եւ իրենց վրանների, նրանց տասներկու իշխաններն ըստ իրենց ցեղերի:
  17. 17 Իսմայէլն ապրեց հարիւր երեսունեօթը տարի: Նա հոգին աւանդեց ու մեռաւ եւ գնաց միացաւ իր նախնիներին:
  18. 18 Նա բնակութիւն հաստատեց Եւիլայից մինչեւ Սուր, որը գտնւում է Եգիպտոսի դիմաց, մինչեւ Ասորեստանի սահմանները: Նա բնակուեց իր բոլոր եղբայրների դէմ յանդիման:
  19. 19 Սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին:
  20. 20 Իսահակը քառասուն տարեկան էր, երբ ամուսնացաւ Ասորական Միջագետքում ապրող ասորի Բաթուէլի դուստր Ռեբեկայի հետ, որը ասորի Լաբանի քոյրն էր:
  21. 21 Իսահակն աղաչեց Տիրոջը իր կին Ռեբեկայի համար, որովհետեւ սա ամուլ էր: Աստուած լսեց նրան, եւ նրա կին Ռեբեկան յղիացաւ:
  22. 22 Նրա արգանդում իրար էին բախւում երեխաները: Նա ասաց. «Եթէ այսպէս էր լինելու ինձ, հապա ինչո՞ւ յղիացայ»: Եւ նա գնաց այդ մասին Տիրոջը հարցնելու:
  23. 23 Տէրը նրան ասաց. «Քո արգանդում երկու ցեղ կայ, քո արգանդից երկու ժողովուրդ պիտի ծնուի: Մի ժողովուրդը միւս ժողովրդին պիտի գերիշխի, եւ աւագը կրտսերին պիտի ենթարկուի»:
  24. 24 Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա որովայնում երկու երեխաներ կային:
  25. 25 Անդրանիկ որդին ծնուեց բոլորովին շէկ, թաւամազ մորթով, եւ հայրը նրան կոչեց Եսաւ: Ապա Եսաւի գարշապարից բռնած ծնուեց նրա եղբայրը: Սրան էլ կոչեց Յակոբ:
  26. 26 Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց: Մանուկները մեծացան:
  27. 27 Եսաւը հմուտ որսորդ էր եւ վայրենաբարոյ, իսկ Յակոբը մեղմաբարոյ էր ու տնակեաց:
  28. 28 Իսահակը սիրեց Եսաւին, որովհետեւ նրա որսը կերակուր էր իր համար, իսկ Ռեբեկան սիրեց Յակոբին:
  29. 29 Յակոբը մի անգամ ապուր էր եփել, երբ Եսաւը դաշտից եկաւ քաղցից թուլացած:
  30. 30 Եսաւն ասաց Յակոբին. «Այդ կարմրաւուն ապուրից տուր ուտեմ, որովհետեւ քաղցից թուլացած եմ» (դրա համար էլ նրան Եդոմ կոչեցին):
  31. 31 Յակոբն ասաց Եսաւին. «Կը տամ, եթէ այսօր ինձ վաճառես քո անդրանկութիւնը»:
  32. 32 Եսաւը պատասխանեց. «Ես մեռնելու վրայ եմ, էլ ինչի՞ս է պէտք անդրանկութիւնը»:
  33. 33 Յակոբն ասաց նրան. «Հէնց այսօր երդուի՛ր ինձ»: Եւ նա երդուեց նրան: Եսաւն իր անդրանկութիւնը վաճառեց Յակոբին,
  34. 34 իսկ Յակոբը Եսաւին տուեց հաց ու ոսպապուր: Սա կերաւ, խմեց ու վեր կացաւ գնաց: Այսպիսով Եսաւն արհամարհեց իր անդրանկութիւնը:

Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗