창세기 15장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 21절
- 1 Այս դէպքերից յետոյ Աբրամը երազում լսեց Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ հովանաւոր պիտի լինեմ, եւ քո վարձը չափազանց շատ պիտի լինի»:
- 2 Աբրամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ի՞նչ ես անելու ինձ, չէ՞ որ ես անորդի եմ կորչում, եւ ինձ ժառանգելու է Եղիազար Դամասկացին՝ իմ ընդոծին Մասեկի որդին»:
- 3 Աբրամն աւելացրեց. «Քանի որ ինձ զաւակ չտուեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգելու»:
- 4 Նրան իսկոյն հասաւ Աստծու ձայնը, որն ասում էր. «Նա չէ, որ ժառանգելու է քեզ, այլ քեզնից ծնուածն է ժառանգելու քեզ»:
- 5 Աստուած դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշուի՛ր աստղերը, եթէ կարող ես հաշուել դրանք»: Նա աւելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»:
- 6 Աբրամը հաւատաց Աստծուն, եւ այդ հաւատը իր համար արդարութիւն համարուեց:
- 7 Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս հանեցի Քաղդէացւոց երկրից, որպէսզի այս երկիրը քեզ տամ որպէս ժառանգութիւն»:
- 8 Աբրամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ինչի՞ց գիտենամ, որ ժառանգելու եմ այն»:
- 9 Աստուած ասաց նրան. «Դու ինձ համար ա՛ռ երեք տարեկան երինջ, երեք տարեկան նոխազ, երեք տարեկան խոյ, տատրակ եւ աղաւնի»:
- 10 Աբրամն առաւ այդ ամէնը, կտրեց մէջտեղից ու կտորները դրեց իրար դիմաց, իսկ թռչունները չկտրատեց:
- 11 Գիշակեր թռչուններ էին իջնում դրանց կտրտուած մարմինների վրայ, բայց Աբրամը հսկում էր կտրտուած մարմինները:
- 12 Արեւի մայր մտնելու ժամանակ Աբրամը թմբիրի մէջ ընկաւ, սարսափելի վախ համակեց նրա սիրտը:
- 13 Տէրն ասաց Աբրամին. «Լա՛ւ իմացիր, որ քո յետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում: Նրանց պիտի ստրկացնեն, պիտի չարչարեն, պիտի տանջեն չորս հարիւր տարի,
- 14 բայց ես դատաստան պիտի տեսնեմ այն ազգի հետ, որը պիտի ստրկացնի նրանց: Դրանից յետոյ նրանք այստեղ պիտի վերադառնան բազում հարստութեամբ:
- 15 Դու խաղաղ հոգով պիտի գնաս քո նախնիների գիրկը՝ խոր ծերութեան հասնելով:
- 16 Չորրորդ սերունդը պիտի վերադառնայ այստեղ, որովհետեւ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել»:
- 17 Երբ արեւը մայր մտնելու մօտ էր, կրակ բոցավառուեց, երեւաց ծխացող մի հնոց, եւ կրակի լեզուները անցան անասունների կտրտուած մարմինների միջով:
- 18 Այդ օրը Տէրն ուխտ դրեց Աբրամի հետ եւ ասաց. «Քո յետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչեւ Եփրատ մեծ գետը,
- 19 նրանց պիտի ենթարկուեն կինեցիները, կենեզացիները, կեդմոնացիները,
- 20 քետացիները, փերեզացիները, ռափիմացիները,
- 21 ամորհացիները, քանանացիները եւ յեբուսացիները»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗