창세기 14장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 24절
- 1 Սենաարի արքայ Ամարփաղի թագաւորութեան ժամանակ Սելլասարի արքայ Արիոքը, Ելամի արքայ Քոդողագոմորը եւ ազգերի արքայ Թարգաղը
- 2 պատերազմեցին սոդոմացիների արքայ Բաղակի, գոմորացիների արքայ Բարսայի, ադամաացիների արքայ Սենայի, սեբոյիմացիների արքայ Սիմոբորի, ինչպէս նաեւ Բաղակի՝ նոյն ինքը Սեգոր թագաւորի դէմ:
- 3 Սրանք բոլորը հաւաքուեցին Աղի ձորում, որ Աղի ծովն է:
- 4 Նրանք տասներկու տարի ենթարկուել էին Քոդողագոմորին եւ տասներեքերորդ տարում ապստամբեցին:
- 5 Տասնչորսերորդ տարում եկան Քոդողագոմորն ու նրա հետ եղած թագաւորները եւ կոտորեցին Աստարոթ Կառնայիմում գտնուող հսկաներին ու նրանց հետ եղած հզօր ցեղերին, ինչպէս նաեւ սոմացիներին՝ նրանց Շաւէ քաղաքում,
- 6 կոտորեցին նաեւ Սէիրի լեռներում բնակուող քոռացիներին եւ հասան մինչեւ անապատում գտնուող Բեւեկնի ձորը:
- 7 Նրանք վերադարձան Դատաստանի աղբիւրը, այսինքն՝ Կադէս, եւ կոտորեցին Ամաղէկի բոլոր իշխաններին ու Ասասանթամարում բնակուող ամորհացիներին:
- 8 Սոդոմացիների արքան, գոմորացիների արքան, ադամաացիների արքան, սեբոյիմացիների արքան ու Բաղակի՝ այսինքն Սեգորի արքան ելան եւ Աղի ձորում ճակատամարտ տուեցին
- 9 Ելամի արքայ Քոդողագոմորի, ազգերի արքայ Թարգաղի, Սենաարի արքայ Ամարփաղի, Սելլասարի արքայ Արիոքի դէմ. չորս թագաւոր՝ հնգի դէմ:
- 10 Աղի ձորում հորեր կային՝ կուպրի հորեր: Սոդոմացիների արքան ու գոմորացիների արքան փախուստի դիմելիս ընկան դրանց մէջ, իսկ մնացածները փախան լերան կողմը:
- 11 Նրանք բռնագրաւեցին սոդոմացիների ու գոմորացիների ողջ աւարն ու բոլոր պաշարները եւ գնացին:
- 12 Նրանք գերեցին նաեւ Սոդոմում բնակուող Ղովտին՝ Աբրամի եղբօրորդուն, բռնագրաւեցին նրա ունեցուածքը եւ գնացին:
- 13 Ճողոպրածներից մէկն եկաւ ու այդ մասին պատմեց միւս կողմում գտնուող Աբրամին: Նա բնակւում էր Աբրամի դաշնակիցներ Եսքողի եղբօր եւ Օնանի եղբօր՝ ամորհացի Մամբրէի կաղնու մօտ:
- 14 Երբ Աբրամն իմացաւ, թէ գերեվարուել է իր եղբօրորդի Ղովտը, հաւաքեց իր երեք հարիւր տասնութ ընդոծիններին,
- 15 ինքն ու իր ծառաները գիշերով հարուածեցին նրանց, քշեցին մինչեւ Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնւում:
- 16 Աբրամը ետ առաւ սոդոմացիների ամբողջ աւարը, ազատեց իր եղբօրորդի Ղովտին, նրա ամբողջ ունեցուածքը, ինչպէս նաեւ կանանց ու ժողովրդին:
- 17 Երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին եւ նրա հետ եղած թագաւորներին կոտորելուց, Շաւէի ձորում, այսինքն՝ Թագաւորների դաշտում նրան ընդառաջ գնաց սոդոմացիների արքան:
- 18 Շաղէմի արքայ Մելքիսեդեկը հաց ու գինի հիւրասիրեց նրան, որովհետեւ ինքը բարձրեալ Աստծու քահանան էր:
- 19 Նա օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնեալ է Աբրամը բարձրեալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը:
- 20 Օրհնեալ է բարձրեալն Աստուած, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»: Աբրամը նրան տասանորդ տուեց ամէն ինչից:
- 21 Սոդոմացիների արքան, սակայն, ասաց Աբրամին. «Դու ինձ տուր այդ մարդկանց, իսկ աւարը թող մնայ քեզ»:
- 22 Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդւում եմ երկինքն ու երկիրը ստեղծած բարձրեալ Աստուծով,
- 23 որ քեզ պատկանող ոչ մի բանից՝ թելից մինչեւ կօշիկի կապն անգամ ես չեմ վերցնի, որպէսզի չասես, թէ՝ «ես հարստացրի Աբրամին»,
- 24 բացի ծառաների կերածից: Իսկ ինձ հետ եկած մարդիկ՝ Օնանը, Եսքողն ու Մամբրէն, իրենք թող ստանան իրենց բաժինը»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗