요한복음 7장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 요한복음 (John) · 52절
- 1 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր Գալիլիայում, քանի որ չէր կամենում Հրէաստանում շրջել, որովհետեւ հրեայ առաջնորդները ուզում էին սպանել նրան:
- 2 Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր:
- 3 Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես.
- 4 որովհետեւ չկայ մէկը, որ թաքուն գործի եւ դեռ ուզենայ իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր քեզ աշխարհին».
- 5 քանի որ եղբայրներն իսկ դեռեւս չէին հաւատացել նրան:
- 6 Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է:
- 7 Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են:
- 8 Դուք գնացէ՛ք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետեւ իմ ժամանակը դեռ չի լրացել»:
- 9 Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ, Գալիլիայում:
- 10 Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տօնին, բայց ոչ յայտնապէս, այլ՝ թաքուն:
- 11 Իսկ հրեաները նրան փնտռում էին այդ տօնի ժամանակ եւ ասում էին՝ ո՞ւր է նա:
- 12 Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթմնջիւն կար. ոմանք ասում էին՝ լաւն է, ուրիշներ ասում էին՝ չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է:
- 13 Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում:
- 14 Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր:
- 15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ Գրուածքները, քանի որ բնաւ չի սովորել»:
- 16 Յիսուս նրանց պատասխան տուեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց:
- 17 Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կ՚իմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում:
- 18 Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտռում, իսկ ով փնտռում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ:
- 19 Օրէնքը ձեզ Մովսէսը չտուե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրէնքը չի կատարում:
- 20 Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»: Ժողովուրդը պատասխան տուեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ, ո՞վ է ուզում քեզ սպանել»:
- 21 Յիսուս պատասխան տուեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք:
- 22 Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից):
- 23 Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում: Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի Օրէնքը չխախտուի, իմ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի:
- 24 Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք, այլ ուղի՛ղ դատաստան արէք»:
- 25 Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել:
- 26 Իսկ ահաւասիկ բացայայտօրէն խօսում է, եւ դրան բան չեն ասում. գուցէ արդարեւ իշխանաւորներն էլ ճանաչեցին, թէ սա՛ է Քրիստոսը:
- 27 Բայց մենք սրան գիտենք, թէ որտեղից է. իսկ Քրիստոս երբ որ գայ, ոչ ոք չի գիտենայ, թէ որտեղից է»:
- 28 Յիսուս աղաղակեց տաճարի մէջ, ուսուցանում էր եւ ասում. «Ե՛ւ ինձ գիտէք, ե՛ւ գիտէք որտեղից եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չգիտէք:
- 29 Ես գիտեմ նրան, որովհետեւ նրանից իսկ եմ, եւ նա՛ ուղարկեց ինձ»:
- 30 Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, որովհետեւ նրա ժամանակը դեռ չէր հասել:
- 31 Սակայն բազմութեան միջից շատերը հաւատացին նրան եւ ասում էին. «Երբ Քրիստոսը գայ, միթէ աւելի՞ նշաններ պիտի անի, քան սա է անում»:
- 32 Եւ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մէջ եղած քրթմնջիւնները լսեցին. եւ քահանայապետներն ու փարիսեցիները սպասաւորներ ուղարկեցին, որպէսզի բռնեն նրան:
- 33 Յիսուս ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ եւ ապա գնում եմ նրա մօտ, ով ինձ ուղարկեց:
- 34 Ինձ կը փնտռէք եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»:
- 35 Հրեայ առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնայ, որ մենք դրան չգտնենք. միթէ հեթանոսների մէջ ցրուած հրեաների՞ մօտ պիտի գնայ եւ հեթանոսների՞ն պիտի ուսուցանի:
- 36 Ի՞նչ է այն խօսքը, որ նա ասաց՝ կը փնտռէք ինձ եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»:
- 37 Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի:
- 38 Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»:
- 39 Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր:
- 40 Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն.
- 41 ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու.
- 42 չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր:
- 43 Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ:
- 44 Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց:
- 45 Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»:
- 46 Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»:
- 47 Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել:
- 48 Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան,
- 49 բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»:
- 50 Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց.
- 51 «Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»:
- 52 Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗