마가복음 3장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 마가복음 (Mark) · 35절
- 1 Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր:
- 2 Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան:
- 3 Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»:
- 4 Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին:
- 5 Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ:
- 6 Փարիսեցիները հերովդէսականների հետ իսկոյն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դէմ, թէ ինչպէս նրան կորստեան մատնեն:
- 7 Իսկ Յիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք: Եւ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա յետեւից.
- 8 նաեւ Հրէաստանից, Երուսաղէմից, Յորդանանի միւս կողմից, ինչպէս նաեւ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մօտ:
- 9 Եւ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նաւակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպէսզի իրեն չնեղեն:
- 10 Քանի որ շատերին բժշկեց, ուստի ամէն տեսակ հիւանդութիւններ ունեցող մարդիկ գալիս էին, խռնւում նրա շուրջը, որպէսզի դիպչեն նրան:
- 11 Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում.
- 12 «Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն:
- 13 Յիսուս լեռը բարձրացաւ եւ իր մօտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցաւ. եւ նրանք գնացին նրա մօտ:
- 14 Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, եւ նրանց քարոզելու ուղարկի,
- 15 ու նրանք իշխանութիւն ունենան ցաւեր բուժելու եւ դեւեր հանելու:
- 16 Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց
- 17 եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է՝ Որոտման որդիներ:
- 18 Նաեւ՝ Անդրէասին եւ Փիլիպպոսին եւ Բարթողոմէոսին եւ մաքսաւոր Մատթէոսին եւ Թովմասին եւ Ալփէոսի որդի Յակոբոսին եւ Թադէոսին եւ Սիմոն Կանանացուն
- 19 եւ Յուդա Իսկարիովտացուն, որը եւ նրան մատնեց:
- 20 Նրանք տուն վերադարձան. եւ ժողովուրդը նորից եկաւ նրանց հետ, այնպէս որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան:
- 21 Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է:
- 22 Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին:
- 23 Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել:
- 24 Եւ արդ, եթէ մի թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանուի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն մնալ:
- 25 Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն մնալ:
- 26 Եւ եթէ սատանան ինքն իր դէմ դուրս գայ եւ բաժանուած լինի, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է:
- 27 Ոչ ոք չի կարող հզօրի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը:
- 28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուի.
- 29 բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»:
- 30 Այսպէս խօսեց, որովհետեւ ասում էին՝ նրա մէջ պիղծ դեւ կայ:
- 31 Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան:
- 32 Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը: Եւ երբ ասացին նրան՝ ահա՛ւասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում,
- 33 նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ՝ իմ եղբայրները»:
- 34 Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահա՛ւասիկ իմ մայրը եւ իմ եղբայրները.
- 35 որովհետեւ, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗