마가복음 2장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 마가복음 (Mark) · 28절
- 1 Մի քանի օր յետոյ, երբ նա դարձեալ Կափառնայում մտաւ, լուր տարածուեց, թէ տանն է.
- 2 եւ շատեր հաւաքուեցին, այնպէս որ այլեւս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջեւ: Եւ նրանց քարոզում էր Աստծու խօսքը:
- 3 Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով:
- 4 Եւ երբ ամբոխի պատճառով Յիսուսին չկարողացան մօտենալ, քանդեցին երդիկը այն տան, ուր գտնւում էր նա. եւ բացելով առաստաղը, իջեցրին այն մահիճը, որի մէջ էր անդամալոյծը:
- 5 Եւ Յիսուս, տեսնելով նրանց հաւատը, անդամալոյծին ասաց. «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներուած են»:
- 6 Օրէնսգէտներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին.
- 7 «Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»:
- 8 Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում.
- 9 ո՞րն է աւելի դիւրին. անդամալոյծին ասե՞լ՝ քո մեղքերը քեզ ներուած են, թէ՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ եւ գնա՛ քո տունը:
- 10 Բայց որպէսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրայ իշխանութիւն ունի ներելու մեղքերը, - ասաց նա անդամալոյծին, -
- 11 քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»:
- 12 Եւ վեր կացաւ ու անմիջապէս վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելաւ, այնպէս որ ամէնքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»:
- 13 Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց:
- 14 Եւ մինչ նա անցնում էր, տեսաւ Ալփէոսի որդի Ղեւիին, որ մաքսատանը նստած գործի վրայ էր, ու նրան ասաց՝ արի՛ իմ յետեւից: Եւ Ղեւին վեր կացաւ գնաց նրա յետեւից:
- 15 Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա յետեւից գնում:
- 16 Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»:
- 17 Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին»:
- 18 Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:
- 19 Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն:
- 20 Բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կը պահեն:
- 21 Նոր, չօգտագործուած կտաւի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրայ չի կարկատի, ապա թէ ոչ նոր կտորը ամբողջութեամբ հին զգեստից կը պոկուի, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի:
- 22 Եւ ոչ ոք հին տիկերի մէջ նոր գինի չի լցնի, ապա թէ ոչ նոր գինին կը պայթեցնի տիկերը, գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան: Այլ նո՛ր գինին նո՛ր տիկերի մէջ պէտք լցուի:
- 23 Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի միջով: Եւ նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել եւ ուտել:
- 24 Եւ փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, քո աշակերտները շաբաթ օրով ի՛նչ են անում, մի բան, որ օրինաւոր չէ»:
- 25 Յիսուս նրանց ասաց. «Դուք երբեւիցէ չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ կարիք ունեցաւ եւ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին.
- 26 թէ ինչպէս Աբիաթար քահանայապետի օրով մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը՝ տալով նաեւ նրանց, որ իր հետ էին. մի բան, որ, բացի քահանաներից, ուրիշների համար օրինաւոր չէր ուտել»:
- 27 Եւ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, եւ ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար.
- 28 ապա ուրեմն՝ մարդու Որդին տէրն է եւ շաբաթ օրուայ»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗