마가복음 16장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 마가복음 (Mark) · 20절
- 1 Եւ երբ շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին, Յակոբոսի մայր Մարիամը եւ Սաղոմէն գնացին խնկի պատրաստութիւն տեսան, որպէսզի գան եւ օծեն նրա մարմինը:
- 2 Եւ կիրակի օրը, առաւօտեան, արեւածագին եկան գերեզման:
- 3 Եւ ասում էին միմեանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ո՞վ պիտի գլորի»:
- 4 Եւ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորուած էր. եւ այն շատ մեծ էր:
- 5 Եւ ներս, գերեզման մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագած. եւ զարհուրեցին:
- 6 Եւ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, դուք Յիսուսին էք փնտռում՝ խաչուած Նազովրեցուն. նա յարութիւն առաւ, այստեղ չէ: Ահաւասիկ այն տեղը, ուր նրան դրել էին:
- 7 Բայց գնացէք ասացէ՛ք նրա աշակերտներին եւ Պետրոսին, թէ՝ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտե՛ղ կը տեսնէք նրան, ինչպէս ձեզ ասել էր»:
- 8 Եւ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել. եւ ոչ ոքի բան չասացին, որովհետեւ վախենում էին:
- 9 Կիրակի առաւօտեան յարութիւն առած լինելով՝ Յիսուս նախ երեւաց Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել:
- 10 Եւ սա գնաց ու պատմեց նրանց, որ Յիսուսի հետ էին եւ դեռեւս սգում ու լաց էին լինում:
- 11 Երբ նրանք լսեցին, թէ նա կենդանի է եւ երեւացել է Մարիամին, չհաւատացին:
- 12 Յետոյ Յիսուս այլ կերպարանքով երեւաց նրանց, որոնք հանդ էին գնում:
- 13 Սրանք էլ եկան ու պատմեցին ուրիշների. բայց նրանք էլ չհաւատացին:
- 14 Յետոյ, մինչ Տասնմէկը սեղան էին նստել, Յիսուս նրանց երեւաց եւ յանդիմանեց նրանց իրենց անհաւատութեան եւ խստասրտութեան համար, որովհետեւ չէին հաւատացել նրանց, որոնց ինքը երեւացել էր՝ մեռելներից յարութիւն առած:
- 15 Եւ նրանց ասաց. «Գնացէ՛ք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէ՛ք Աւետարանը բոլոր մարդկանց:
- 16 Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, եւ ով չհաւատայ, պիտի դատապարտուի:
- 17 Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հաւատում են. իմ անունով դեւեր պիտի հանեն, լեզուներ պիտի խօսեն,
- 18 իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, եւ եթէ մահացու թոյն խմեն, դա նրանց չպիտի վնասի. հիւանդների վրայ ձեռք պիտի դնեն եւ բժշկեն»:
- 19 Եւ ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խօսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջ կողմը:
- 20 Իսկ նրանք ելան ու քարոզեցին Աւետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցութեամբ. եւ իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խօսքը:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗