마가복음 15장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 마가복음 (Mark) · 47절
- 1 Եւ իսկոյն, վաղ առաւօտեան, ծերերի եւ օրէնսգէտների հետ միասին, քահանայապետները եւ ամբողջ ատեանը խորհուրդ անելով՝ կապեցին Յիսուսին եւ տարան յանձնեցին Պիղատոսին:
- 2 Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»: Յիսուս պատասխան տուեց նրան եւ ասաց. «Դու ասում ես»:
- 3 Եւ քահանայապետները նրան շատ էին ամբաստանում, բայց նա ոչինչ չէր պատասխանում:
- 4 Իսկ Պիղատոսը դարձեալ հարցրեց նրան. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տե՛ս, ինչքա՜ն են քեզ ամբաստանում»:
- 5 Եւ Յիսուս, այնուհետեւ, էլ ոչինչ չպատասխանեց, այնպէս որ Պիղատոսը շատ զարմացաւ:
- 6 Սակայն տօնի առիթով Պիղատոսը նրանց համար արձակում էր մի կալանաւոր, ում որ նրանք ուզում էին:
- 7 Եւ Բարաբբա անունով մէկը կար՝ բանտարկուած այն խռովարարների հետ, որոնք խռովութեան ժամանակ մի մարդ էին սպանել:
- 8 Ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել եւ պահանջել, որ, ինչպէս սովորութիւն էր անել, Բարաբբայի՛ն արձակի:
- 9 Պիղատոսը պատասխանեց եւ ասաց նրանց. «Ուզո՞ւմ էք, որ հրեաների արքային արձակեմ ձեզ համար».
- 10 քանի որ նա գիտէր, թէ նախանձի՛ց մատնեցին նրան քահանայապետները,
- 11 որոնք եւ ամբոխին համոզեցին, որ Բարաբբայի՛ն արձակի իրենց համար:
- 12 Պիղատոսը դարձեալ խօսք առաւ եւ ասաց նրանց. «Իսկ ի՞նչ էք ուզում, որ անեմ հրեաների արքային»:
- 13 Եւ նրանք, քահանայապետներից դրդուած, դարձեալ աղաղակեցին. «Խա՛չը հանիր դրան»:
- 14 Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել նա»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր դրան»:
- 15 Իսկ Պիղատոսը, որովհետեւ ուզեց ամբոխին գոհացնել, նրանց համար Բարաբբային արձակեց: Իսկ Յիսուսին ծեծել տալով՝ նրանց ձեռքը յանձնեց, որպէսզի խաչը հանուի:
- 16 Եւ զինուորները նրան ներսի գաւիթը տարան, ուր պալատի բակն էր. մէկտեղ կանչեցին ամբողջ գունդը,
- 17 եւ նրան հագցրին կարմիր քղամիդ եւ ծիրանի ու նրա գլխին փշերից պատրաստուած պսակ դրեցին
- 18 եւ սկսեցին նրան ողջոյն տալ ու ասել. «Ողջո՜յն քեզ, հրեաների թագաւո՛րդ»:
- 19 Եւ եղէգով հարուածում էին նրա գլխին, թքում էին երեսին ու ծնկի գալով՝ երկրպագում էին նրան:
- 20 Եւ նրան ծաղրուծանակի ենթարկելուց յետոյ, քղամիդն ու ծիրանին հանեցին եւ նրան իր զգեստները հագցրին ու դուրս տարան, որ խաչը հանեն նրան:
- 21 Եւ ստիպեցին Սիմոն Կիւրենացուն՝ Ալեքսանդրի եւ Ռուփոսի հօրը, որը ագարակից էր գալիս ու այդ տեղով էր անցնում, որ Յիսուսի խաչափայտը կրի:
- 22 Եւ նրան տարան Գողգոթա, մի տեղ, որ թարգմանւում է կառափնատեղի:
- 23 Զմուռսով խառնուած գինի տուին նրան, բայց նա չվերցրեց:
- 24 Եւ նրան խաչը հանեցին: Եւ նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրայ վիճակ գցելով, թէ ով ի՛նչ պիտի վերցնի:
- 25 Առաւօտեան ժամը ինն էր, երբ նրան խաչեցին:
- 26 Եւ կար նրա դատապարտութեան մասին գրութիւն՝ գրուած այսպէս. «Հրեաների թագաւորն է»:
- 27 Եւ նրա հետ խաչեցին երկու աւազակներ, մէկը՝ նրա աջում եւ միւսը՝ ձախում:
- 28 Եւ կատարուեց գրուածը, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց»:
- 29 Եւ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները եւ ասում. «Վա՛հ, որ քանդում էիր տաճարը եւ երեք օրում շինում,
- 30 ազատի՛ր ինքդ քեզ եւ իջի՛ր այդ խաչից»:
- 31 Նոյնպէս եւ քահանայապետները, իրենք իրենց մէջ, օրէնսգէտների հետ միասին, ծաղր էին անում ու ասում. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել:
- 32 Այդ Քրիստոսը՝ Իսրայէլի այդ թագաւորը, թող այժմ իջնի խաչից, որպէսզի տեսնենք եւ հաւատանք դրան»: Եւ նրա հետ խաչուածներն էլ նախատում էին նրան:
- 33 Երբ կէսօր եղաւ, խաւար պատեց ամբողջ երկիրը, մինչեւ ժամը երեքը:
- 34 Եւ ժամը երեքին Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանւում է՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ:
- 35 Եւ նրանցից ոմանք, որ նրա շուրջն էին կանգնել, երբ լսեցին այդ, ասացին. «Եղիային է կանչում»:
- 36 Եւ մէկը առաջ վազելով՝ սպունգը թաթախեց քացախի մէջ, անցկացրեց եղէգի ծայրին, տուեց նրան, որ խմի, ու ասաց. «Թողէ՛ք տեսնենք, արդեօք Եղիան կը գա՞յ նրան իջեցնելու»:
- 37 Եւ Յիսուս բարձր ձայն արձակեց ու հոգին աւանդեց:
- 38 Եւ տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց:
- 39 Եւ այնտեղ կանգնած հարիւրապետը տեսնելով, թէ ինչպէս նա աղաղակեց եւ հոգին աւանդեց, ասաց. «Իրօք այս մարդը Աստծու Որդի էր»:
- 40 Կային եւ կանայք, որոնք դիտում էին հեռուից: Նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Կրտսեր Յակոբոսի եւ Յովսէի մայրը՝ Մարիամը, ինչպէս եւ Սաղոմէն,
- 41 որոնք, երբ Յիսուս Գալիլիայում էր, նրա յետեւից էին գնում եւ ծառայում նրան. կային նաեւ շատ այլ կանայք, որոնք նրա հետ Երուսաղէմ էին ելել:
- 42 Եւ երբ երեկոյ եղաւ, - քանի որ ուրբաթ էր, եւ շաբաթամուտն էր սկսւում, -
- 43 արիմաթիացի Յովսէփը, որ մի պարկեշտ մարդ էր ու հրեաների ժողովի անդամ եւ որ ինքն էլ Աստծու արքայութեանն էր սպասում, համարձակուեց մտնել Պիղատոսի մօտ եւ ուզեց Յիսուսի մարմինը:
- 44 Եւ Պիղատոսը զարմացաւ, որ Յիսուս այդչափ շուտ էր մեռել. եւ իր մօտ կանչելով հարիւրապետին՝ հարցրեց նրան ու ասաց. «Իրօք այդչափ շո՞ւտ մեռաւ»:
- 45 Երբ այդ ստուգեց հարիւրապետից, մարմինը շնորհեց Յովսէփին:
- 46 Եւ Յովսէփը կտաւ գնեց ու նրան իջեցնելով՝ պատեց այդ կտաւով ու դրեց մի գերեզմանի մէջ, որ փորուած էր ժայռի մէջ: Եւ մի քար գլորեց գերեզմանի դռան առաջ:
- 47 Իսկ Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբոսի ու Յովսէի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրուեց:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗