누가복음 23장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 누가복음 (Luke) · 56절
- 1 Եւ նրանց ամբողջ բազմութիւնը, վեր կենալով, նրան տարաւ Պիղատոսի մօտ:
- 2 Եւ սկսեցին ամբաստանել նրան եւ ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ եւ ինքն իր մասին ասում էր, թէ՝ Քրիստոսն է, թագաւոր»:
- 3 Իսկ Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Հրեաների թագաւորը դո՞ւ ես»: Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Դու ասացիր»:
- 4 Պիղատոսը քահանայապետներին եւ ժողովրդին ասաց. «Այս մարդու մէջ ես որեւէ յանցանք չեմ գտնում»:
- 5 Իսկ նրանք պնդում էին եւ ասում, թէ ըմբոստութեան է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրէաստանում՝ Գալիլիայից սկսած մինչեւ այստեղ:
- 6 Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլիայի մասին, հարցրեց, թէ այդ մարդը գալիլիացի՞ է:
- 7 Եւ երբ իմացաւ, թէ Հերովդէսի իշխանութիւնից է, յանձնեց, որ նրան տանեն Հերովդէսի մօտ, որովհետեւ այդ օրերին նա էլ Երուսաղէմում էր:
- 8 Եւ երբ Հերովդէսը տեսաւ Յիսուսին, շատ ուրախացաւ, որովհետեւ երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել, քանի որ յաճախ լսում էր նրա մասին եւ ակնկալութիւն ունէր նրա ձեռքով կատարուած որեւէ նշան տեսնել:
- 9 Հերովդէսը նրան հարցաքննեց շատ խօսքերով, իսկ Յիսուս նրան ոչ մի պատասխան չտուեց:
- 10 Քահանայապետներն ու օրէնսգէտները վեր էին կենում եւ նրան բուռն կերպով ամբաստանում:
- 11 Հերոդէսն էլ, իր զօրականներով հանդերձ, արհամարհեց նրան եւ ծիծաղելով նրա վրայ՝ սպիտակ զգեստներ հագցնել տուեց նրան ու վերստին յանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մօտ:
- 12 Եւ Պիղատոսն ու Հերովդէսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետեւ առաջ իրար թշնամիներ էին:
- 13 Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանաւորներին եւ ժողովրդին ու ասաց.
- 14 «Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպէս ժողովրդին մոլորեցնողի. եւ ահաւասիկ ձեր առաջ դատաքննութիւն արեցի եւ այս մարդու մէջ չգտայ մէկն այն յանցանքներից, որոնցով դուք ամբաստանում էք նրան:
- 15 Եւ ոչ էլ՝ Հերովդէսը, որի մօտ հրամայեցի, որ Յիսուսին տանեն:
- 16 Արդ, նա մահուան արժանի ոչինչ չի արել, նրան գանահարել կը տամ եւ կ՚արձակեմ»
- 17 (որովհետեւ հարկաւոր էր իւրաքանչիւր տօնի առթիւ մի բանտարկեալ արձակել նրանց համար):
- 18 Եւ նրանք ամբողջ բազմութեամբ աղաղակում էին եւ ասում. «Նրան վերացրո՛ւ եւ արձակի՛ր մեզ համար Բարաբբային»
- 19 (որը քաղաքում պատահած մի խռովութեան եւ սպանութեան համար բանտարկուել էր):
- 20 Պիղատոսը նորից սկսեց խօսել, որովհետեւ կամենում էր Յիսուսին արձակել:
- 21 Եւ նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»:
- 22 Եւ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել սա. նրա վրայ մահուան արժանի որեւէ յանցանք չգտայ. սրան գանահարել կը տամ եւ կ՚արձակեմ»:
- 23 Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին եւ ուզում, որ նրան խաչը հանի: Եւ նրանց ու քահանայապետների ձայները աւելի ուժեղանում էին:
- 24 Եւ Պիղատոսը հաւանութիւն տուեց, որ նրանց պահանջը կատարուի:
- 25 Նա արձակեց Բարաբբային, որը խռովութեան եւ սպանութեան համար բանտ էր նետուած, եւ որին էլ հէնց ուզում էին. իսկ Յիսուսին յանձնեց նրանց կամքին:
- 26 Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կիւրենացի անունով մէկին, որը հանդից էր գալիս. նրա վրայ դրեցին խաչը, որ այն բերի Յիսուսի յետեւից:
- 27 Եւ նրա յետեւից գնում էր ժողովրդի մի մեծ բազմութիւն եւ կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան:
- 28 Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Երուսաղէմի՛ դուստրեր, ինձ վրայ լաց մի՛ եղէք, այլ լա՛ց եղէք ձեր եւ ձեր որդիների վրայ,
- 29 որովհետեւ օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ «Երանի՜ չբեր կանանց եւ նրանց, որոնք բնաւ չծնեցին եւ չդիեցրին»:
- 30 Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թէ՝ ընկէ՛ք մեր վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ,
- 31 որովհետեւ, երբ դալա՛ր փայտին այսպէս անեն, չորի՛ն ինչ կը պատահի»:
- 32 Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար:
- 33 Երբ հասան Գագաթ կոչուած տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. եւ չարագործներին էլ՝ մէկին աջ կողմը, միւսին ձախ կողմը՝ խաչեցին:
- 34 Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»: Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին:
- 35 Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանաւորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան եւ ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթէ դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրեալ Որդին»:
- 36 Զինուորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան եւ ասում.
- 37 «Եթէ դու ես հրեաների թագաւորը, փրկի՛ր ինքդ քեզ»:
- 38 Եւ նրա խաչի վրայ մի գրութիւն կար՝ գրուած յունարէն, լատիներէն եւ եբրայերէն գրերով, թէ՝ սա՛ է հրեաների արքան:
- 39 Իսկ կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նրան եւ ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»:
- 40 Նրա ընկերը նրան սաստելով՝ պատասխան տուեց եւ ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նոյն պատիժն ես կրում:
- 41 Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»:
- 42 Եւ ասաց Յիսուսին. «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո թագաւորութեամբ»:
- 43 Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»:
- 44 Եւ համարեա կէսօր էր. եւ խաւար եղաւ ամբողջ երկրի վրայ մինչեւ ժամը երեքը. արեգակը խաւարեց:
- 45 Եւ տաճարի վարագոյրը մէջտեղից պատռուեց:
- 46 Եւ Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»: Երբ այս ասաց, հոգին աւանդեց:
- 47 Եւ հարիւրապետը, տեսնելով ինչ որ պատահեց, փառաւորեց Աստծուն եւ ասաց. «Իսկապէս այս մարդը արդար էր»:
- 48 Եւ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարուածը, ծեծում էր կուրծքը եւ վերադառնում:
- 49 Նրա բոլոր ծանօթներն էլ կանգնել էին հեռւում. եւ կանայք, որոնք Գալիլիայից նրա յետեւից էին եկել, տեսնում էին այս բաները:
- 50 Եւ ահա Յովսէփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթէ քաղաքից: Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ եւ արդար մի մարդ
- 51 (սա չէր միաբանել նրանց մտադրութիւններին ու գործերին): Եւ ինքն էլ էր սպասում Աստծու թագաւորութեանը:
- 52 Սա Պիղատոսի մօտ գալով՝ ուզեց Յիսուսի մարմինը:
- 53 Եւ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մէջ, որտեղ բնաւ ոչ ոք չէր դրուած:
- 54 Եւ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը:
- 55 Եւ Յովսէփի յետեւից գնում էին կանայք, որոնք Գալիլիայից էին եկել Յիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, եւ թէ ինչպէս նրա մարմինը այնտեղ դրուեց:
- 56 Վերադարձան, խնկեր եւ իւղեր պատրաստեցին ու շաբաթ օրը, օրէնքի համաձայն, հանգիստ արեցին:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗