누가복음 21장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 누가복음 (Luke) · 38절
- 1 Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում:
- 2 Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ:
- 3 Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը:
- 4 Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»:
- 5 Եւ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թէ գեղեցիկ քարերով եւ աշտարակներով է զարդարուած, նա ասաց.
- 6 «Այդ բոլորը, որ տեսնում էք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնուի քար քարի վրայ, որ չքանդուի»:
- 7 Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կը լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ այդ պատահելու լինի»:
- 8 Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն թէ՝ ես եմ Քրիստոսը, եւ թէ՝ ժամանակը մօտեցաւ. նրանց յետեւից չգնաք:
- 9 Եւ երբ լսէք պատերազմների եւ խռովութիւնների մասին, չզարհուրէք. որովհետեւ պէտք է, որ նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»:
- 10 Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ.
- 11 եւ մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից:
- 12 Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար:
- 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան:
- 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար,
- 15 որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները:
- 16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն:
- 17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար:
- 18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի:
- 19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»:
- 20 «Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է:
- 21 Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն,
- 22 որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները:
- 23 Բայց այն օրերին վա՜յ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ:
- 24 Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները»:
- 25 «Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ: Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով,
- 26 աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն:
- 27 Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով:
- 28 Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»:
- 29 Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի.
- 30 երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը:
- 31 Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծու արքայութիւնը մօտ է:
- 32 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի:
- 33 Երկինքը եւ երկիրը կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»:
- 34 «Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը.
- 35 որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին:
- 36 Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»:
- 37 Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարի մէջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լերան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց:
- 38 Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ՝ տաճարում նրան լսելու համար:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗