누가복음 20장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 누가복음 (Luke) · 47절
- 1 Եւ այն օրերից մէկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ աւետարանում, վրայ հասան քահանայապետներն ու օրէնսգէտները՝ ծերերով հանդերձ,
- 2 եւ ասացին նրան. «Ասա՛ մեզ, ի՞նչ իշխանութեամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տուեց այդ իշխանութիւնը»:
- 3 Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացէ՛ք.
- 4 Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից»:
- 5 Եւ նրանք իրենց մտքում խորհեցին եւ ասացին.
- 6 «Եթէ ասենք՝ երկնքից էր, կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. եւ եթէ ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կը քարկոծի, որովհետեւ իրենց մտքում Յովհաննէսի մասին հաստատ համոզում կայ, թէ նա մարգարէ է»:
- 7 Եւ պատասխան տուեցին, թէ չգիտեն որտեղից է:
- 8 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ անում այս»:
- 9 Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց:
- 10 Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան ու ձեռնունայն արձակեցին:
- 11 Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամբու դրին:
- 12 Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին:
- 13 Այգու տէրն ասաց. «Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից կը պատկառեն»:
- 14 Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արին եւ ասացին. «Սա՛ է ժառանգը, սպանենք սրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի»:
- 15 Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին: Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կ՚անի:
- 16 Չէ՞ որ կը գայ ու կորստեան կը մատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կը տայ»:
- 17 Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛ւ լիցի»: Եւ Յիսուս նրանց նայելով՝ ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ «Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա՛ է, որ անկիւնաքար եղաւ»:
- 18 Ով որ այս վէմին բախուի, կը խորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կը ճզմի նրան»:
- 19 Եւ օրէնսգէտներն ու քահանայապետները նոյն պահին ուզում էին նրա վրայ ձեռք դնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, թէ այն առակը իրենց մասին ասաց:
- 20 Եւ ապա յարմար առիթի սպասեցին եւ ուղարկեցին խաբեբաներ, որոնք իրենք իրենց, կեղծաւորութեամբ, արդար էին ձեւացնում, որպէսզի նրան խօսքերով բռնեն՝ մատնելու համար պետութեան եւ իշխանութեան կուսակալին:
- 21 Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճիշտ ես խօսում ու ուսուցանում եւ աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես սովորեցնում:
- 22 Օրինաւո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թէ՝ ոչ»:
- 23 Եւ նկատելով նրանց խորամանկութիւնը՝ ասաց նրանց.
- 24 «Ցո՛յց տուէք ինձ դահեկանը»: Եւ նրանք ցոյց տուին:
- 25 Եւ նա ասաց. «Ո՞ւմ պատկերը եւ գիրը ունի դա»: Պատասխանեցին եւ ասացին՝ կայսրինը: Եւ նա նրանց ասաց. «Արդ, գնացէ՛ք տուէք կայսրինը՝ կայսեր, իսկ Աստծունը՝ Աստծուն»:
- 26 Եւ չկարողացան նրան խօսքերով բռնել ժողովրդի առաջ ու զարմանալով նրա պատասխանի վրայ՝ լռեցին:
- 27 Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակում էին, թէ յարութիւն չկայ, մօտենալով հարցրին նրան եւ ասացին.
- 28 «Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը, որը կին ունի, մեռնի, եւ նա անժառանգ լինի, թող նրա եղբայրը առնի այդ կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»:
- 29 Արդ, եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ անժառանգ մեռաւ:
- 30 Նրան առաւ նաեւ երկրորդը. եւ նա էլ անժառանգ մեռաւ:
- 31 Նրան առաւ նաեւ երրորդը. եւ նոյն ձեւով՝ եօթն էլ... Եւ ժառանգներ չթողեցին:
- 32 Մեռաւ եւ կինը:
- 33 Արդ, յարութեան ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կը լինի, որովհետեւ եօթն էլ նրան կին առան»:
- 34 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդու են գնում.
- 35 իսկ նրանք, որոնք արժանի կը լինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու են գնում,
- 36 քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծու որդիներ, քանի որ յարութեան որդիներ են:
- 37 Իսկ թէ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին՝ «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»:
- 38 Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»:
- 39 Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»:
- 40 Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել:
- 41 Յիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպէ՞ս են ասում, թէ Դաւթի որդին է.
- 42 քանի որ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. «Տէրն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմում,
- 43 մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դնեմ»:
- 44 Իսկ արդ, եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, Նա ինչպէ՞ս նրա որդին կը լինի»:
- 45 Եւ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին.
- 46 «Զգուշացէ՛ք օրէնսգէտներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել եւ սիրում են ողջոյններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրաւել ժողովարաններում եւ պատուոյ տեղերը նստել ընթրիքների ժամանակ,
- 47 որոնք իւրացնում են այրիների տները եւ ձեւականօրէն երկարում են իրենց աղօթքները: Նրանք աւելի խիստ դատավճիռ պիտի ստանան»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗