고린도전서 16장 Western NT
Western NT · 아르메니아어 · 고린도전서 (1 Corinthians) · 24절
- 1 Ինչ կը վերաբերի սուրբերուն համար ըլլալիք հանգանակութեան, ինչպէս պատուիրեցի Գաղատացիներու եկեղեցիներուն, դո՛ւք ալ այնպէս ըրէք:
- 2 Ամէն Մէկշաբթի՝ ձեզմէ իւրաքանչիւրը թող մէկդի դնէ իր քով ինչ որ յաջողած է խնայել,
- 3 որպէսզի հանգանակութիւններ չըլլան երբ ես գամ: Ու երբ գամ, անոնք որ զատորոշէք՝ զիրենք պիտի ղրկեմ նամակներով՝՝, որպէսզի Երուսաղէմ տանին ձեր պարգեւները:
- 4 Եթէ իմ երթալս ալ արժանավայել ըլլայ, անոնք պիտի երթան ինծի հետ:
- 5 Ուրեմն ես պիտի գամ ձեզի՝ երբ անցնիմ Մակեդոնիայէն. (քանի որ պիտի անցնիմ Մակեդոնիայէն.)
- 6 եւ թերեւս մնամ ձեր քով ու ձմերեմ ալ ձեզի հետ. որպէսզի դո՛ւք ուղարկէք զիս՝ ո՛ւր որ երթամ:
- 7 Որովհետեւ չեմ ուզեր տեսնել ձեզ հիմա՝ անցած ատենս, բայց կը յուսամ որ ժամանակ մը մնամ ձեր քով, եթէ Տէրը արտօնէ:
- 8 Սակայն Եփեսոս պիտի մնամ մինչեւ Պենտեկոստէ.
- 9 որովհետեւ մեծ եւ արդիւնաւոր դուռ մը բացուած է ինծի, ու բազմաթիւ հակառակորդներ կան:
- 10 Ուրեմն եթէ Տիմոթէոս գայ, ուշադի՛ր եղէք որ մնայ ձեր քով առանց վախի. քանի որ ան կ՚ընէ Տէրոջ գործը, ինչպէս ե՛ս ալ:
- 11 Ուստի ո՛չ մէկը թող անարգէ զայն. հապա խաղաղութեա՛մբ ուղարկեցէք զայն՝ որ ինծի գայ, որովհետեւ անոր կը սպասեմ եղբայրներուն հետ:
- 12 Իսկ ինչ կը վերաբերի Ապողոս եղբօր, շատ աղաչեցի անոր՝ որ ձեզի գայ եղբայրներուն հետ, բայց բնաւ փափաք չունեցաւ որ հիմա գայ. սակայն պիտի գայ՝ երբ պատեհութիւն ունենայ:
- 13 Արթո՛ւն մնացէք, հաւատքի մէջ հաստատո՛ւն կեցէք, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք:
- 14 Ձեր բոլոր բաները սիրո՛վ ըլլան:
- 15 Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, (դուք կը ճանչնաք Ստեփանասի ընտանիքը, որ Աքայիայի երախայրիքն է, եւ իրենք զիրենք նուիրեցին սուրբերուն սպասարկութեան,)
- 16 որ հպատակիք այդպիսիներուն եւ բոլորին՝ որ կը գործակցին մեզի ու կ՚աշխատին:
- 17 Ուրախ եմ Ստեփանասի, Փորտունատոսի եւ Աքայիկոսի գալուստին համար, որովհետեւ իրե՛նք լրացուցին ձեր պակասը,
- 18 քանի որ հանգստացուցին իմ հոգիս ու ձերը. ուրեմն ճանչցէ՛ք այդպիսիները:
- 19 Ասիայի եկեղեցիները կը բարեւեն ձեզ. Տէրոջմով շատ կը բարեւեն ձեզ Ակիւղաս եւ Պրիսկիղա՝ իրենց տան մէջ եղող եկեղեցիին հետ:
- 20 Բոլոր եղբայրները կը բարեւեն ձեզ. բարեւեցէ՛ք զիրար սուրբ համբոյրով:
- 21 Ես՝ Պօղոս, ի՛մ ձեռքովս կը գրեմ այս բարեւը:
- 22 Եթէ մէկը չի սիրեր Տէր Յիսուս Քրիստոսը, նզովեա՛լ ըլլայ երբ մեր Տէրը գայ՝՝:
- 23 Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ:
- 24 Իմ սէրս ձեր բոլորին հետ՝ Քրիստոս Յիսուսով: Ամէն:
Western NT — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗