갈라디아서 6장 Western NT
Western NT · 아르메니아어 · 갈라디아서 (Galatians) · 18절
- 1 Եղբայրնե՛ր, եթէ մարդ մը որեւէ յանցանքի մէջ բռնուի, դուք որ հոգեւոր էք՝ այդպիսին հեզութեա՛ն հոգիով ուղղեցէք. ուշադի՛ր եղիր դուն քեզի, որ դո՛ւն ալ չփորձուիս:
- 2 Կրեցէ՛ք իրարու ծանրութիւնները, եւ ա՛յդպէս գործադրեցէք Քրիստոսի օրէնքը:
- 3 Արդարեւ եթէ մէկը՝ որ ոչի՛նչ է՝ կարծէ թէ ինք բա՛ն մըն է, ինքզինք կը խաբէ:
- 4 Բայց իւրաքանչիւրը թող քննէ իր գործը, եւ ա՛յն ատեն պարծենայ՝ միայն ինքնիր վրայ, ո՛չ թէ ուրիշի վրայ.
- 5 որովհետեւ իւրաքանչիւրը պիտի կրէ ի՛ր բեռը:
- 6 Խօսքին աշակերտը հաղորդակից թող ընէ իր վարդապետը ամէն բարի բանի:
- 7 Մի՛ խաբուիք, Աստուած չի ծաղրուիր.
- 8 որովհետեւ ի՛նչ որ մարդ կը սերմանէ, զա՛յն ալ պիտի հնձէ: Ա՛ն որ իր մարմինին համար կը սերմանէ, այդ մարմինէն ապականութիւն պիտի հնձէ. իսկ ա՛ն որ Հոգիին համար կը սերմանէ, այդ Հոգիէն յաւիտենական կեանք պիտի հնձէ:
- 9 Ուստի բարիք գործելէ չձանձրանա՛նք, քանի որ յատուկ ատենին պիտի հնձենք՝ եթէ չպարտասինք:
- 10 Ուրեմն, քանի պատեհութիւն ունինք, բարի՛ք ընենք բոլորին, մա՛նաւանդ՝ հաւատքի ընտանիքէն եղողներուն:
- 11 Նայեցէ՛ք, ո՛րքան մեծ գիրերով գրեցի ձեզի՝ ի՛մ ձեռքովս:
- 12 Բոլոր անոնք՝ որ կ՚ուզեն մարմինին համեմատ լաւ երեւնալ, կը հարկադրեն ձեզ որ թլփատուիք, միայն՝ որպէսզի չհալածուին Քրիստոսի խաչին համար:
- 13 Արդարեւ ո՛չ իսկ իրե՛նք՝ թլփատուածները կը պահեն Օրէնքը. բայց կ՚ուզեն որ դուք թլփատուիք, որպէսզի պարծենան ձեր մարմինով:
- 14 Բայց ես ամե՛նեւին պիտի չպարծենամ, այլ միայն մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի խաչով. անով աշխարհը խաչուած է ինծի համար, ես ալ՝ աշխարհի:
- 15 Որովհետեւ Քրիստոս Յիսուսով ո՛չ թլփատութիւնը որեւէ ազդեցութիւն ունի, ո՛չ անթլփատութիւնը, հապա՝ նոր արարած ըլլալը:
- 16 Խաղաղութիւն ու ողորմութիւն բոլոր անոնց վրայ՝ որ այս կանոնին համաձայն կ՚ընթանան, եւ Աստուծոյ Իսրայէլին վրայ:
- 17 Ասկէ ետք ո՛չ մէկը թող անհանգստացնէ զիս. որովհետեւ ես մարմինիս վրայ կը կրեմ Տէր Յիսուսի վէրքին սպիները:
- 18 Եղբայրնե՛ր, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր հոգիին հետ: Ամէն:
Western NT — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗