출애굽기 6장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 30절
- 1 Տէրն ասաց Մովսէսին. «Հիմա կը տեսնես, թէ ինչ եմ անելու փարաւոնին: Նա հզօր ձեռքի միջոցով պիտի արձակի նրանց, եւ բարձրացուած բազուկով նրանց պիտի հանի նաեւ իր երկրից»:
- 2 Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը:
- 3 Ես երեւացի Աբրահամին, Իսահակին ու Յակոբին: Նրանց Աստուածը ես եմ, իմ անունը Տէր է, բայց ես դա նրանց չյայտնեցի:
- 4 Ես նրանց հետ ուխտ եմ կնքել, որ նրանց տամ Քանանացիների երկիրը, ուր նրանք պանդխտեցին:
- 5 Ես լսեցի հեծեծանքը իսրայէլացիների, որոնց եգիպտացիները ստրկացրել են, եւ յիշեցի ձեզ տուած իմ ուխտը:
- 6 Գնա՛ իսրայէլացիների մօտ ու ասա՛ նրանց. «Ե՛ս եմ Տէրը: Ես ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից, ձեզ փրկելու եմ նրանց ծառայելուց, ձեզ ազատելու եմ իմ հզօր բազկով ու նրանց գլխին մեծամեծ պատիժներ հասցնելով:
- 7 Ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը եւ պիտի լինեմ ձեր Աստուածը: Դուք պիտի գիտենաք, որ ե՛ս եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից
- 8 եւ ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդուեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին: Այն ձեզ եմ տալու որպէս ժառանգութիւն, որովհետեւ ե՛ս եմ Տէրը»:
- 9 Մովսէսը այս բանը հաղորդեց իսրայէլացիներին, բայց նրանք չլսեցին նրան վհատութեան եւ տաժանակիր աշխատանքի պատճառով:
- 10 Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. «Մտի՛ր ու խօսի՛ր եգիպտացիների արքայ փարաւոնի հետ,
- 11 որ նա իսրայէլացիներին արձակի Եգիպտացիների երկրից»:
- 12 Մովսէսը, Տիրոջը դիմելով, ասաց. «Իսրայէլացիներն իսկ ինձ չլսեցին, փարաւոնն ինձ ինչո՞ւ պիտի լսի: Ես ճարտարախօս չեմ»:
- 13 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ իսրայէլացիներին ու եգիպտացիների արքայ փարաւոնին ուղղուած հրաման տուեց՝ հանելու իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից:
- 14 Ահա Մովսէսի ու Ահարոնի ընտանիքների առաջնորդների անունները. Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի որդիներն են՝ Ենոքն ու Փալլուսը, Ասրոնն ու Քարմին: Սա Ռուբէնի ազգատոհմն է:
- 15 Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու Սաւուղը, որը փիւնիկեցի կնոջից էր ծնուել: Սրանք Շմաւոնի որդիների տոհմերն են:
- 16 Ղեւիի որդիների անունները, ըստ իրենց ընտանիքների, հետեւեալն են. Գեթսոն, Կահաթ եւ Մերարի: Ղեւին ապրեց հարիւր երեսունեօթը տարի:
- 17 Գեթսոնի որդիներն են՝ Լոբենին եւ Սեմէին՝ իրենց նահապետների ընտանիքներով:
- 18 Կահաթի որդիներն են՝ Ամրամը, Սահառը, Քեբրոնն ու Ոզիէլը: Կահաթն ապրեց հարիւր երեսուներեք տարի:
- 19 Մերարիի որդիներն են՝ Մոոլին ու Մուսին: Սրանք Ղեւիի ընտանիքներն են ըստ իրենց ցեղերի:
- 20 Ամրամն ամուսնացաւ իր հօրեղբօր դուստր Յոքաբեէթի հետ, եւ սա նրանից ունեցաւ Ահարոնին, Մովսէսին ու նրանց քոյր Մարիամին: Ամրամն ապրեց հարիւր երեսունեօթը տարի:
- 21 Սահառի որդիներն են՝ Կորխը, Նափեգն ու Զեքրին:
- 22 Ոզիէլի որդիներն են՝ Միսայէլը, Ելիսափանն ու Սեթրին:
- 23 Ահարոնն ամուսնացաւ Ամինադաբի դուստր, Նաասոնի քոյր Եղիսաբէթի հետ: Սա նրանից ունեցաւ Նաբադին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին:
- 24 Կորխի որդիներն են՝ Ասիրը, Եղկանան ու Բիասափը: Սրանք Կորխի յետնորդներն են:
- 25 Ահարոնի որդի Եղիազարը ամուսնացաւ Փուտիէլի դուստրերից մէկի հետ, եւ սա նրանից ունեցաւ Փենեէսին: Սրանք են ղեւտացիների ընտանիքների առաջնորդները ըստ իրենց ցեղերի:
- 26 Այս Ահարոնին ու Մովսէսին էր, որ Աստուած ասաց՝ իսրայէլացիներին հանել իրենց զօրքով հանդերձ Եգիպտացիների երկրից:
- 27 Եւ սրանք էին, որ դիմեցին եգիպտացիների արքայ փարաւոնին՝ դուրս հանելու Եգիպտոսից իսրայէլացիներին:
- 28 Սրանք այն Մովսէսն ու Ահարոնն են, որոնց օրօք Տէրը Եգիպտացիների երկրում խօսելով Մովսէսի հետ՝
- 29 ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը: Եգիպտացիների արքայ փարաւոնին հաղորդի՛ր այն ամէնը, ինչ ասում եմ քեզ»:
- 30 Եւ Մովսէսը, դիմելով Տիրոջը, ասաց. «Չէ՞ որ ես անվարժ եմ խօսում, փարաւոնն ինձ ինչպէ՞ս կը լսի»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗