출애굽기 30장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 38절
- 1 «Խնկարկութեան սեղան կը պատրաստես կարծր փայտից:
- 2 Այն կը շինես մէկ կանգուն երկարութեամբ եւ մէկ կանգուն լայնութեամբ. քառակուսի թող լինի: Երկու կանգուն թող լինի դրա բարձրութիւնը: Դրա եղջիւրաւոր անկիւնները սեղանի հետ միաձոյլ թող լինեն:
- 3 Մաքուր ոսկով կը պատես այն, ինչպէս նաեւ դրա կասկարան, չորս եզերքներն ու եղջիւրաւոր անկիւնները: Դրա շուրջբոլորը ոսկէ պսակ կը պատրաստես:
- 4 Պսակի ներքեւի մասում, երկու կողմերին մաքուր ոսկուց երկուական օղակներ կը պատրաստես:
- 5 Դրանք կ՚ամրացնես նրա երկու կողմերին, որպէսզի լծակները օղակների մէջ անցկացնելով կարելի լինի բարձրացնել խնկարկութեան սեղանը:
- 6 Լծակները կը պատրաստես կարծր փայտից ու դրանք կը պատես ոսկով:
- 7 Խնկարկութեան սեղանը կը դնես վկայութեան տապանակի առջեւ գտնուող վարագոյրի դիմաց (վկայութեան վրայ գտնուող քաւութեան դիմաց), ուր ես երեւալու եմ քեզ:
- 8 Ահարոնը դրա վրայ, իբրեւ կարգ, ամէն առաւօտ մանր աղացած խունկ թող ծխի. թող խունկ ծխի դրա վրայ երբ կանթեղներն է պատրաստում:
- 9 Երբ Ահարոնը երեկոյեան վառի կանթեղները, Տիրոջ առաջ, խնկարկութեան սեղանի վրայ միշտ խունկ թող ծխի: Դա նրանց ազգի մէջ խնկարկութեան մշտնջենական կարգ թող լինի:
- 10 Խնկարկութեան սեղանի վրայ օտար խունկ մի՛ ծխէք, ողջակէզներ, ուտուելիք ու խմուելիք ընծաներ մի՛ մատուցէք:
- 11 Ահարոնը տարին մէկ անգամ խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւնների վրայ քաւութեան ծէս պէտք է անի. նա այն պէտք է մաքրի մեղքերի քաւութեան համար զոհուող կենդանու արեամբ: Նրա սերունդները տարին մէկ անգամ թող սրբագործեն այն, որովհետեւ դա Տիրոջ սրբութիւնների սրբութիւնն է»:
- 12 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Երբ Իսրայէլի որդիների թիւն իմանալու համար մարդահամար կը կատարես, նրանք Տիրոջը պէտք է տան իրենց հոգու փրկագինը՝ ըստ իրենց անձերի թուի: Մարդահամարի ժամանակ մահացութեան դէպքեր չպիտի լինեն:
- 13 Մարդահամարի ենթարկուողները պէտք է փրկագին վճարեն սրբարանի երկդրամեանի կէսը: Երկդրամեանը քսան դանգի է հաւասար: Երկդրամեանի կէսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը:
- 14 Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կ՚անցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պէտք է վճարեն:
- 15 Մեծահարուստը թող չաւելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի իսրայէլացիների՝ Տիրոջը որպէս տուրք հասանելիք կէսդրամեանը, որպէսզի դա ձեզ համար քաւութիւն լինի:
- 16 Որպէս տուրք Տիրոջ հասանելիք դրամը կը վերցնես Իսրայէլի որդիներից եւ այն կը յատկացնես վկայութեան խորանի սպասաւորութեանը: Դա Տիրոջ առաջ Իսրայէլի որդիների համար յիշատակ կը լինի ի քաւութիւն նրանց»:
- 17 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
- 18 «Պղնձէ լուացարան պատրաստի՛ր: Պղնձից շինի՛ր նրա պատուանդանը, որպէսզի լուացուեն նրա մէջ: Այն կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ: Դրա մէջ ջուր կը լցնես:
- 19 Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով կը լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը.
- 20 երբ մտնեն վկայութեան խորանը, ջրով թող լուացուեն, որպէսզի չմեռնեն: Կամ երբ պաշտամունք կատարելու եւ Տիրոջը ողջակէզներ մատուցելու համար մօտենան զոհասեղանին,
- 21 թող լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպէսզի չմեռնեն: Դա նրանց համար, նրա եւ նրանից յետոյ գալիք նրա յետնորդների համար յաւիտենական կարգ թող լինի»:
- 22 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
- 23 «Վերցրո՛ւ անուշահոտ համեմունքներ. զմռնենու հինգ հարիւր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կէսի չափ՝ երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր կինամոն, երկու հարիւր յիսուն սիկղ անուշաբոյր խնկեղէգ,
- 24 հինգ հարիւր սիկղ սրբարանի հիրիկ եւ ձիթապտղի շուրջ վեց լիտր ձէթ:
- 25 Դրանցից կը պատրաստես սուրբ օծութեան համար իւղ այնպէս, ինչպէս վարպետ իւղագործները ձէթ են պատրաստում: Այն սուրբ օծութեան համար իւղ թող լինի:
- 26 Դրանով կ՚օծես վկայութեան խորանը, վկայութեան տապանակը,
- 27 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկութեան սեղանը,
- 28 ողջակէզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, աւազանն ու նրա պատուանդանը:
- 29 Կը սրբագործես դրանք, եւ դրանք կը լինեն սրբութիւնների սրբութիւն: Ամէն ոք, որ դիպչի դրան, կը մաքրուի:
- 30 Կ՚օծես Ահարոնին ու նրա որդիներին, կը սրբագործես նրանց, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն:
- 31 Կը խօսես Իսրայէլի որդիների հետ ու կ՚ասես. «Այս իւղը ձեր սերունդների մէջ ձեր սուրբ օծութեան համար թող լինի:
- 32 Մարդու մարմնին թող չքսուի այն: Ձեզ համար նոյն բաղադրութեամբ նման բան չպատրաստէք, որովհետեւ դա սրբութիւն է եւ ձեզ համար սրբութիւն էլ թող մնայ:
- 33 Ով այդպիսի բան պատրաստի, եւ ով դրանից օտարականի տայ, թող վերանայ իր ժողովրդի միջից»:
- 34 Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ անուշաբոյր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, անուշաբոյր քաղբան եւ մաքուր կնդրուկ: Դրանք թող քաշով իրար հաւասար լինեն:
- 35 Դրանք իրար խառնելով՝ մաքուր, սուրբ խունկ կը պատրաստես, ինչպէս վարպետ իւղագործներն են պատրաստում:
- 36 Դրանք մանր կ՚աղաս եւ կը դնես վկայութեան դիմաց՝ վկայութեան խորանի մէջ, ուր պիտի երեւամ քեզ: Ձեր պատրաստած այդ խունկը ձեզ համար սրբութիւնների սրբութիւն թող լինի:
- 37 Ձեզ համար նոյն բաղադրութեամբ խունկ մի՛ պատրաստէք, որովհետեւ դա ձեզ համար սրբութիւն պիտի լինի Տիրոջ առաջ:
- 38 Այն մարդը, որ հոտոտելու համար այս բաղադրութեամբ խունկ կը պատրաստի, կը վերանայ իր ժողովրդի միջից»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗