로그인

출애굽기 2장 Eastern (Genesis Exodus Gospels)

Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 25절

  1. 1 Այնտեղ էր գտնւում Ղեւիի ցեղից մի մարդ, որն ամուսնացաւ Ղեւիի դուստրերից մէկի հետ:
  2. 2 Սա յղիացաւ ու ծնեց մի արու զաւակ: Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրին նրան:
  3. 3 Երբ այլեւս չէին կարող նրան թաքցնել, նրա մայրն առաւ եղէգից հիւսուած մի զամբիւղ, այն ծեփեց կպրաձիւթով, դրա մէջ դրեց մանկանը եւ զամբիւղը դրեց ծանծաղուտ մի տեղ, գետափին մօտիկ:
  4. 4 Մանկան քոյրը հեռուից հետեւում էր՝ տեսնելու համար, թէ ինչ կը պատահի նրան:
  5. 5 Այդ ժամանակ էր, որ փարաւոնի դուստրն եկաւ գետում լողանալու, իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով: Ծանծաղուտի մէջ զամբիւղ նկատելով՝ նա մի նաժիշտ ուղարկեց, որ վերցնի այն:
  6. 6 Նա բացեց եւ տեսաւ երեխային: Երեխան լաց էր լինում զամբիւղում: Փարաւոնի դուստրը, խղճալով նրան, ասաց. «Եբրայեցիների երեխաներից է դա»:
  7. 7 Մանկան քոյրն ասաց փարաւոնի դստերը. «Ուզո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, նա թող կերակրի այդ մանկանը»:
  8. 8 Փարաւոնի դուստրն ասաց՝ «գնա՛»: Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մօրը:
  9. 9 Փարաւոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը եւ կերակրի՛ր նրան ինձ համար: Ես կը տամ քո վարձը»: Կինը վերցրեց մանկանը եւ կերակրեց նրան: Երբ մանուկը մեծացաւ, կինը նրան բերեց փարաւոնի դստեր մօտ,
  10. 10 եւ մանուկը նրան որդեգիր դարձաւ: Նա նրան Մովսէս կոչեց ասելով՝ ջրից եմ հանել նրան:
  11. 11 Շատ օրեր յետոյ, երբ Մովսէսը մեծացաւ, գնաց իր ազգակիցների՝ իսրայէլացիների մօտ, ականատես եղաւ նրանց չարչարանքներին: Նա նկատեց, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մէկին՝ մի իսրայէլացու:
  12. 12 Մովսէսն այս ու այն կողմ նայեց եւ ոչ ոքի չտեսնելով, սպանեց եգիպտացուն եւ նրան թաղեց աւազի տակ:
  13. 13 Յաջորդ օրը նա տեսաւ իրար հետ կռուող երկու եբրայեցիների եւ անիրաւութիւն անողին ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ընկերոջդ»:
  14. 14 Սա պատասխանեց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատաւոր կարգել մեզ վրայ, թէ՞ ինձ էլ ես ուզում սպանել, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»: Մովսէսը վախեցաւ՝ մտածելով, որ եղելութիւնը յայտնի է դարձել:
  15. 15 Երբ փարաւոնը լսեց այդ դէպքի մասին, պահանջեց, որ սպանեն Մովսէսին: Մովսէսը փախաւ փարաւոնի պատճառով ու բնակուեց Մադիամի երկրում:
  16. 16 Մադիամի երկիրը գալով՝ նա նստեց մի ջրհորի մօտ: Մադիանացիների քուրմն ունէր եօթը դուստր, որոնք արածեցնում էին իրենց հօր ոչխարները: Նրանք եկել էին ջուր հանելու եւ լցնելու աւազանները, որպէսզի ջրեն իրենց հօր ոչխարները:
  17. 17 Բայց եկան ուրիշ հովիւներ եւ աղջիկներին հեռու քշեցին: Մովսէսը ոտքի ելաւ եւ պաշտպանեց նրանց, ջուր հանեց ու ջրեց նրանց ոչխարները:
  18. 18 Աղջիկներն եկան իրենց հօր՝ Հռագուէլի մօտ: Սա նրանց հարցրեց. «Ինչո՞ւ այսօր օրը ցերեկով վերադարձաք»:
  19. 19 Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի տղամարդ մեզ փրկեց այդ հովիւների ձեռքից, ջուր հանեց ու ջրեց մեր ոչխարները»:
  20. 20 Հայրը հարցրեց իր դուստրերին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ թողեցիք այդ մարդուն: Արդ, կանչեցէ՛ք նրան, որ հաց ուտի»:
  21. 21 Եւ Մովսէսը բնակուեց այդ մարդու մօտ, եւ սա իր դուստր Սեփորային Մովսէսին կնութեան տուեց:
  22. 22 Կինը յղիացաւ ու ծնեց որդի, որին Մովսէսը Գերսամ անուանեց ասելով՝ ես պանդուխտ եմ օտար երկրում:
  23. 23 Շատ օրեր անց մեռաւ եգիպտացիների թագաւորը: Իսրայէլացիները, որոնք տանջւում էին տաժանակիր աշխատանքի մէջ, աղաղակ բարձրացրին. նրանց աղաղակը հասաւ Աստծուն: Եւ Աստուած լսեց նրանց հեծութիւնը,
  24. 24 յիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ:
  25. 25 Աստուած իր հայեացքն ուղղեց իսրայէլացիներին: Նա յայտնուեց նրանց:

Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗