출애굽기 19장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 25절
- 1 Եգիպտացիների երկրից իսրայէլացիների դուրս գալուց երեք ամիս անց, առաջին իսկ օրը նրանք հասան Սինայի անապատը:
- 2 Նրանք դուրս գալով Ռափիդիմից, եկան Սինայի անապատը եւ կայք հաստատեցին այնտեղ, անապատում: Իսրայէլացիները կայք հաստատեցին այնտեղ, լերան դիմաց:
- 3 Մովսէսը բարձրացաւ Աստծու լեռը: Աստուած լերան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպէս կ՚ասես Յակոբի յետնորդներին եւ կը յայտնես Իսրայէլի որդիներին.
- 4 «Դուք ինքներդ տեսաք, թէ ինչեր բերեցի եգիպտացիների գլխին, իսկ ձեզ, ինչպէս արծիւն է իր թեւերի վրայ առնում, բարձրացրի ինձ մօտ:
- 5 Արդ, եթէ ուշադիր լսէք իմ ասածը եւ պահէք իմ դրած ուխտը, դուք բոլոր ազգերի մէջ կը լինէք իմ ընտրեալ ժողովուրդը, որովհետեւ իմն է ամբողջ երկիրը:
- 6 Դուք կը լինէք ինձ համար որպէս թագաւորութիւն, որպէս քահանայութիւն եւ որպէս սուրբ ազգ: Իմ այս ասածները դու կը հաղորդես իսրայէլացիներին»:
- 7 Մովսէսը վերադարձաւ, կանչեց ժողովրդի ծերերին եւ նրանց հաղորդեց բոլոր այն խօսքերը, որ նրան պատուիրել էր Աստուած:
- 8 Ժողովուրդը միահամուռ պատասխան տուեց ու ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Աստուած, կը կատարենք ու կը հնազանդուենք»: Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն:
- 9 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ մօտ պիտի գամ ամպի սեան մէջ, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, եւ նա յաւիտեան պիտի հաւատայ քեզ»: Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն:
- 10 Տէրն ասաց Մովսէսին. «Իջի՛ր, կարգադրի՛ր ժողովրդին, մաքրի՛ր նրանց այսօր եւ վաղը, նաեւ թող լուանան իրենց զգեստները,
- 11 որպէսզի երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տէրը ողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լերան վրայ:
- 12 Ժողովրդի ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ կ՚ասես. «Զգո՛յշ եղէք, լերան վրայ մարդ չբարձրանայ ու դրան չմօտենայ, որովհետեւ ով մօտենայ լերան, մահուամբ պիտի պատժուի:
- 13 Լերան մօտեցողին որեւէ ձեռք չդիպչի, որովհետեւ դրան դիպչողը կը քարկոծուի կամ նետահար կը լինի. անասուն լինի, թէ մարդ՝ չի ապրի: Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտները, շեփորահարութիւնն ու ամպը վերանան լերան վրայից»:
- 14 Մովսէսը լեռից իջաւ ժողովրդի մօտ ու մաքրեց նրանց: Նրանք լուացին իրենց զգեստները: Մովսէսն ասաց ժողովրդին.
- 15 «Պատրա՛ստ եղէք, երեք օր կանանց չմերձենաք»:
- 16 Երրորդ օրն առաւօտեան Սինա լերան վրայ որոտներ լսուեցին, փայլատակումներ ու միգախառն ամպ երեւաց. եւ շեփորի ձայնը ուժգին հնչում էր: Բանակատեղում գտնուող ողջ ժողովուրդը զարհուրեց:
- 17 Մովսէսը ժողովրդին բանակատեղիից տարաւ Աստծուն ընդառաջ եւ կանգնեցրեց Սինա լերան ստորոտի շուրջը:
- 18 Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր: Նրա ծուխը բարձրանում էր ինչպէս հնոցի ծուխ: Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին,
- 19 որովհետեւ շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հնչում էր չափազանց ուժեղ: Մովսէսը խօսում էր, իսկ Աստուած որոտաձայն պատասխանում էր նրան:
- 20 Տէրն իջաւ Սինա լերան վրայ, լերան կատարին: Տէրը Մովսէսին կանչեց լերան գագաթը, եւ Մովսէսը բարձրացաւ այնտեղ:
- 21 Աստուած խօսեց Մովսէսի հետ՝ ասելով. «Իջի՛ր, կարգադրի՛ր քո ժողովրդին. Աստծուն տեսնելու համար չմերձենան եւ այդ պատճառով նրանցից շատերը չկորչեն:
- 22 Աստծուն մօտեցող քահանաներն էլ թող մաքրուեն, որպէսզի Տէրը կորստեան չմատնի նրանց»:
- 23 Մովսէսն ասաց Աստծուն. «Ժողովուրդը չի կարող Սինա լեռը բարձրանալ, որովհետեւ դու ինքդ ես մեզ պատուիրել եւ ասել, թէ՝ «Մարդկանց ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ լեռը սուրբ կը հռչակես»:
- 24 Տէրն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու յետոյ այստեղ բարձրացի՛ր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չյանդգնեն բարձրանալ Աստծու մօտ, որպէսզի Տէրը նրանց կորստեան չմատնի»:
- 25 Մովսէսն իջաւ ժողովրդի մօտ եւ ասաց նրանց.
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗