출애굽기 17장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 출애굽기 (Exodus) · 16절
- 1 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Տիրոջ կարգադրութեան համաձայն խումբ-խումբ գնաց Սին անապատից եւ կայք հաստատեց Ռափիդիմում: Այստեղ, սակայն, ջուր չկար, որ ժողովուրդը խմէր:
- 2 Ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսէսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»: Մովսէսը նրանց ասաց. «Ինչո՞ւ էք ինձ մեղադրում, ինչո՞ւ էք փորձում Տիրոջը»:
- 3 Ժողովուրդն այնտեղ ծարաւ զգալով՝ տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարաւից կոտորուե՞նք մենք եւ մեր երեխաներն ու անասունները»:
- 4 Մովսէսը պաղատագին խնդրելով Տիրոջը՝ ասաց. «Ի՞նչ անեմ ես այս ժողովրդին: Մի քիչ էլ մնայ՝ ինձ կը քարկոծեն»:
- 5 Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ ժողովրդի առջեւից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գաւազանը, որով հարուածեցիր գետին, եւ ճամփայ ընկի՛ր:
- 6 Ես քեզնից առաջ այնտեղ հասնելով՝ կը կանգնեմ Քորէբի ժայռի վրայ: Կը հարուածես ժայռին, դրանից ջուր կը բխի, եւ քո ժողովուրդը կը խմի»:
- 7 Մովսէսն իսրայէլացիների ներկայութեամբ այդպէս էլ արեց: Նա այդ վայրը կոչեց Փորձութիւն եւ Մեղադրանք, որովհետեւ իսրայէլացիները մեղադրել էին եւ Տիրոջը փորձել՝ ասելով. «Տէրը մեր մէ՞ջ է, թէ՞ ոչ»:
- 8 Ամաղէկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայէլացիների դէմ:
- 9 Մովսէսն ասաց Յեսուին. «Ուժեղ տղամարդիկ ընտրի՛ր եւ առաւօտեան վեր կենալով պատերազմի՛ր ամաղէկացիների դէմ: Ես կը գամ ու կը կանգնեմ բլրի գագաթին, եւ Աստծու գաւազանը կը լինի իմ ձեռքին»:
- 10 Յեսուն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը. նա պատերազմեց ամաղէկացիների դէմ: Մովսէսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը:
- 11 Երբ Մովսէսը բարձր էր պահում ձեռքերը, առաւելութեան էին հասնում իսրայէլացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, առաւելութեան էին հասնում ամաղէկացիները:
- 12 Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան եւ նրա տակը դրեցին: Մովսէսը նստեց դրա վրայ, իսկ Ահարոնն ու Ովրը՝ մէկն այս կողմից, միւսն այն կողմից նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում: Այսպիսով Մովսէսի ձեռքերը մինչեւ արեւի մայր մտն»լը բարձրացած մնացին:
- 13 Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը:
- 14 Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ: Հաղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի վրայ՝ երկնքի ներքոյ»:
- 15 Մովսէսը Տիրոջ համար զոհասեղան շինեց եւ դրա անունը դրեց՝ «Տէրն իմ ապաւէնն է»:
- 16 Նա ասաց. «Այսպէս կոչեցի, քանի որ Տէրն իր անտեսանելի ձեռքով պատերազմում է ամաղէկացիների դէմ սերնդից սերունդ»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗