창세기 50장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 26절
- 1 Յովսէփն ընկնելով իր հօր երեսին՝ լաց եղաւ նրա վրայ եւ համբուրեց նրան:
- 2 Յովսէփը հրամայեց դի զմռսող իր սպասաւորներին զմռսել իր հօրը. զմռսողները զմռսեցին Իսրայէլին:
- 3 Լրացան նրա քառասուն օրերը. այդքան էր տեւում թաղելու կարգը: Եգիպտոսը եօթանասուն օր սգաց նրան:
- 4 Սգոյ օրերն անցնելուց յետոյ Յովսէփը խօսեց փարաւոնի իշխանների հետ եւ ասաց. «Եթէ շնորհ եմ գտել ձեր առաջ, ապա դիմեցէ՛ք փարաւոնին եւ ասացէ՛ք,
- 5 որ իմ հայրը երդուեցրել է ինձ ու ասել. «Ահա ես մեռնում եմ: Ինձ կը թաղես այն շիրիմում, որ ես ինձ համար փորել եմ Քանանացիների երկրում»: Արդ, թո՛յլ տուր գնամ, թաղեմ իմ հօրն ու վերադառնամ»:
- 6 Փարաւոնն ասաց. «Գնա՛, թաղի՛ր քո հօրը, ինչպէս որ նա երդուեցրել է քեզ»:
- 7 Յովսէփը գնաց, որ թաղի իր հօրը: Նրա հետ գնացին նաեւ փարաւոնի բոլոր ծառաները, նրա պալատի աւագանին, Եգիպտացիների երկրի բոլոր աւագները,
- 8 Յովսէփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները, նրա հօր ընտանիքի բոլոր անդամները: Իսկ մերձաւորներին, ոչխարներին ու արջառներին թողեցին Գեսեմ երկրում:
- 9 Նրա հետ գնացին նաեւ կառքերն ու հեծեալները եւ դարձան մի հսկայ բանակ:
- 10 Նրանք հասան Յորդանանի այն կողմը գտնուող Ատադի կալը եւ այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրայ: Նա հօր համար եօթը օր սուգ արեց:
- 11 Քանանացիների երկրի բնակիչները, տեսնելով Ատադի կալում արուած սուգը, ասացին. «Եգիպտացիները մեծ սգի մէջ են»: Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Եգիպտոսի Սուգ. այն Յորդանանի միւս կողմն է:
- 12 Իսրայէլի որդիները նրա դիակի հետ վարուեցին այնպէս, ինչպէս նա էր պատուիրել իրենց.
- 13 վերցրին նրան ու թաղեցին այնտեղ: Նրա որդիները նրան տարան Քանանացիների երկիրը եւ թաղեցին Մամբրէի կաղնու դիմաց, զոյգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր:
- 14 Յովսէփը վերադարձաւ Եգիպտոս. ինքը, իր եղբայրները եւ իր հօրը թաղելու համար իր հետ գնացած բոլոր մարդիկ:
- 15 Երբ Յովսէփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, ասացին. «Գուցէ Յովսէփը ոխ է պահել մեր դէմ եւ վրէժ կը լուծի այն բոլոր չարիքների համար, որ մենք պատճառեցինք նրան»:
- 16 Նրանք եկան Յովսէփի մօտ ու ասացին. «Քո հայրը երբ դեռ չէր մեռել, մեզ երդուեցրել էր
- 17 ու ասել. «Այսպէս կ՚ասէք Յովսէփին. նրանք չարիք գործեցին քո դէմ, բայց դու կը ներես նրանց յանցանքներն ու մեղքերը»: Արդ, ների՛ր քո հօր Աստծու ծառաների յանցանքները»: Յովսէփն իրեն ասուած այս խօսքերի համար լաց եղաւ:
- 18 Նրա եղբայրները գալով իր մօտ՝ ընկան նրա ոտքերն ու ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»:
- 19 Յովսէփը նրանց ասաց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ես էլ Աստծու մարդն եմ:
- 20 Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստուած իմ նկատմամբ բարի վարուեց, ինչպէս որ եղաւ այսօր, որովհետեւ մարդկանց մեծ բազմութիւն կերակրեցի ես»:
- 21 Նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք: Ես կը կերակրեմ ձեզ եւ ձեր ընտանիքները»: Յովսէփը մխիթարեց եւ հանգստացրեց նրանց:
- 22 Եւ Եգիպտոսում բնակուեցին Յովսէփն ինքը, իր եղբայրներն ու իր հօր ողջ գերդաստանը: Յովսէփն ապրեց հարիւր տասը տարի:
- 23 Յովսէփը տեսաւ Եփրեմի որդիների մինչեւ երրորդ սերունդը: Մանասէի որդի Մաքիրի որդիները ծնուեցին Յովսէփի ծնկներին:
- 24 Յովսէփը, դիմելով իր եղբայրներին, ասաց. «Ահա ես մեռնում եմ: Աստուած թող այցելի ձեզ, հանի այս երկրից ու տանի այն երկիրը, որ Աստուած երդուել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին»:
- 25 Յովսէփը երդուեցրեց Իսրայէլի որդիներին ու ասաց. «Այն ժամանակ, երբ Աստուած ձեզ կ՚այցելի, այստեղից կը հանէք նաեւ իմ ոսկորները եւ կը տանէք ձեզ հետ»:
- 26 Յովսէփը վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում: Թաղեցին նրան ու տապանի մէջ դրեցին Եգիպտոսում:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗