창세기 48장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 22절
- 1 Այս դէպքերից յետոյ Յովսէփին յայտնեցին, թէ՝ «Քո հայր Յակոբը հիւանդ է»: Յովսէփը վերցնելով իր երկու որդիներին՝ Մանասէին ու Եփրեմին, եկաւ Յակոբի մօտ: Այդ մասին Յակոբին տեղեակ պահեցին՝ ասելով.
- 2 «Ահա քո որդի Յովսէփը քեզ մօտ է գալիս»: Իսրայէլն ուժերը հաւաքեց ու նստեց անկողնում:
- 3 Յակոբն ասաց Յովսէփին. «Իմ Աստուածն ինձ երեւաց Լուզում՝ Քանանացիների երկրում, օրհնեց ինձ
- 4 ու ասաց. «Ահա ես կ՚աճեցնեմ ու կը բազմացնեմ քեզ, բազում ազգերի նախահայր կը դարձնեմ: Այս երկիրը քեզ կը տամ իբրեւ յաւիտենական ժառանգութիւն»:
- 5 Արդ, մինչեւ իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնուած քո երկու որդիները իմն են: Եփրեմն ու Մանասէն ինձ համար թող լինեն ինչպէս Ռուբէնն ու Շմաւոնը,
- 6 իսկ միւս զաւակները, որոնց ծնունդ կը տաս սրանցից յետոյ, թող քոնը լինեն: Նրանք իրենց ժառանգութիւնն ստանալու համար թող կոչուեն իրենց եղբայրների անուամբ:
- 7 Երբ ես գալիս էի Ասորիների Միջագետքից ու մի ասպարէզի չափ մօտեցել էի Քաբրաթա երկրին, Քանանացիների երկրում մեռաւ քո մայր Ռաքէլը: Ես նրան թաղեցի ճանապարհին, Եփրաթա չհասած. դա Բեթղեհէմն է»:
- 8 Երբ Իսրայէլը տեսաւ Յովսէփի որդիներին, հարց տուեց. «Սրանք քո ի՞նչն են»:
- 9 Յովսէփը պատասխանեց հօրը. «Իմ որդիներն են, որոնց Աստուած պարգեւեց ինձ այստեղ»: Յակոբն ասաց. «Նրանց բե՛ր ինձ մօտ, որ օրհնեմ նրանց»:
- 10 Իսրայէլի աչքերը ծերութեան պատճառով տկարացել էին, նա լաւ չէր տեսնում: Յովսէփը նրանց մօտեցրեց նրան, Յակոբը համբուրեց նրանց ու իր գիրկն առաւ:
- 11 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա ոչ միայն կարօտս առայ քեզնից, այլեւ Աստուած ինձ ցոյց տուեց նաեւ քո զաւակներին»:
- 12 Յովսէփը նրանց վերցրեց նրա ծնկներից, եւ նրանք մինչեւ գետին խոնարհուեցին նրա առաջ: Յովսէփը առաւ իր երկու որդիներին՝
- 13 Եփրեմին ունենալով իր աջ կողմում, այսինքն՝ Իսրայէլի ձախ կողմում, եւ Մանասէին իր ձախ կողմում, այսինքն՝ Իսրայէլի աջ կողմում, ու մօտեցրեց նրան:
- 14 Իսրայէլը մեկնելով իր աջ ձեռքը՝ դրեց Եփրեմի գլխին, որ կրտսերն էր, իսկ ձախը՝ Մանասէի գլխին եւ փոխեց ձեռքերի տեղը, քանի որ Մանասէն էր անդրանիկը:
- 15 Օրհնեց նրանց եւ ասաց. «Աստուած, որին հաճոյ եղան իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստուած, որ պահպանեց ինձ իմ մանկութիւնից մինչեւ այսօր,
- 16 Հրեշտակը, որ փրկեց ինձ ամէն տեսակ փորձանքներից, թող օրհնի այս մանուկներին, թող սրանց մէջ վերապրի իմ անունը եւ իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունը, նրանք օրհնեալ լինեն երկրի վրայ եւ շատ բազմանան»:
- 17 Յովսէփը տեսաւ, որ հայրն իր աջը դրել է Եփրեմի գլխին, եւ դա ծանր թուաց նրան: Յովսէփն ուզեց օգնել հօրը, որ նա իր ձեռքը հանի Եփրեմի գլխի վրայից եւ դնի Մանասէի գլխին:
- 18 Յովսէփն ասաց իր հօրը. «Կարգն այդպէս չէ, հա՛յր, որովհետեւ սա է անդրանիկը: Քո աջը դիր սրա՛ գլխին»:
- 19 Հայրը, սակայն, այդ չկամեցաւ, այլ ասաց. «Գիտեմ, որդեա՛կ, գիտեմ: Սա նոյնպէս ժողովուրդ թող դառնայ, փառաւորուի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կը լինի: Նրա որդին բազում ազգերի նախահայր կը լինի»:
- 20 Յակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայէլը թող ձեր միջոցով օրհնեալ լինի: Թող ասեն. «Աստուած քեզ հետ թող վարուի այնպէս, ինչպէս Եփրեմի ու Մանասէի հետ»: Եւ նա Եփրեմին աւելի առաջ դասեց, քան Մանասէին:
- 21 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա մեռնում եմ: Աստուած ձեզ հետ լինի եւ ձեզ վերադարձնի ձեր նախնիների երկիրը:
- 22 Ես քեզ իբրեւ սեփականութիւն տալիս եմ իմ սրով ու աղեղով ամորհացիներից գրաւած Սիկիմը, որն աւելի մեծ է, քան քո եղբայրների բաժինը»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗