창세기 46장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 34절
- 1 Իսրայէլն իր ամբողջ ունեցուածքով ճանապարհ ընկաւ եւ եկաւ Երդման ջրհորի մօտ: Նա զոհ մատուցեց իր հայր Իսահակի Աստծուն:
- 2 Գիշերը Աստուած տեսիլքի մէջ Իսրայէլին ասաց. «Յակո՛բ, Յակո՛բ»: Սա հարցրեց. «Դու ո՞վ ես»:
- 3 Նա պատասխանեց. «Ես քո հայրերի Աստուածն եմ: Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետեւ քեզ այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու:
- 4 Ես քեզ հետ կ՚իջնեմ Եգիպտոս, եւ ինքս էլ քեզ ընդմիշտ կը հանեմ այնտեղից: Եւ Յովսէփն իր ձեռքով կը փակի քո աչքերը»:
- 5 Յակոբը Երդման ջրհորի մօտից ելաւ, եւ Իսրայէլի որդիներն իրենց հայր Յակոբին, կահկարասին ու կանանց տեղաւորեցին այն սայլերի վրայ, որ Յովսէփն էր ուղարկել՝ նրան բերելու համար: Վերցնելով իրենց ունեցուածքն
- 6 ու Քանանացիների երկրում ձեռք բերած ամէն ինչ, Եգիպտոս մտան Յակոբն ու նրա ողջ սերունդը՝
- 7 իր որդիներն ու որդիների որդիները, իր դուստրերն ու դուստրերի դուստրերը: Նա իր ողջ սերունդը բերեց Եգիպտոս:
- 8 Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք Եգիպտոս մտան. այն է՝ Յակոբն ու իր որդիները: Յակոբի անդրանիկ որդին էր Ռուբէնը:
- 9 Ռուբէնի որդիներն են՝ Ենոքը, Փալլուսը, Ասրոնն ու Քարմին:
- 10 Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու քանանացի կնոջից ծնուած Սաւուղը:
- 11 Ղեւիի որդիներն են՝ Գերսոնը, Կահաթն ու Մերարին:
- 12 Յուդայի որդիներն են՝ Էրը, Օնանը, Սելոմը, Փարէսն ու Զարան: Էրն ու Օնանը մեռան Քանանացիների երկրում: Փարէսի որդիները եղան Ասրոմն ու Յամուէլը:
- 13 Իսաքարի որդիներն են՝ Թողան, Փուդը, Յասուբն ու Զամամը:
- 14 Զաբուղոնի որդիներն են՝ Սերեդը, Ալլոնն ու Էէլը:
- 15 Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաեւ իր դուստր Դինային, նա ծնեց Յակոբի համար՝ Ասորիների Միջագետքում. բոլորը՝ որդիներն ու դուստրերը, երեսուներեք հոգի էին:
- 16 Գադի որդիներն են՝ Սափոնը, Մեդիսը, Սաւնիան, Թաւսոբամը, Այեդիսը, Արոյէլիսը եւ Արիէլիսը:
- 17 Ասերի որդիներն են՝ Յեմնան, Յեսուան, Յէուլը, Բարիան եւ նրանց քոյր Սարան: Բարիայի որդիներն են՝ Քոբորը եւ Մելքիէլը:
- 18 Սրանք որդիներն են Զելփայի, որին Լաբանը տուել էր իր դուստր Լիային: Սա Յակոբի համար ունեցաւ այս տասնվեց որդիներին:
- 19 Ռաքէլի՝ Յակոբի կնոջ որդիներն են՝ Յովսէփն ու Բենիամինը:
- 20 Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետրափրեսի դուստր Ասանէթից Յովսէփն ունեցաւ իր Մանասէ ու Եփրեմ որդիներին: Մանասէն ասորի հարճից ունեցաւ որդիներ, որոնցից մէկն էր Մաքիրը: Մաքիրը ծնեց Գաղաադին: Եփրեմի՝ Մանասէի եղբօր որդիներն են՝ Սուտաղաամն ու Տաամը: Սուտաղաամի որդին է Եդ»մը:
- 21 Բենիամինի որդիներն են՝ Բաղան, Բոքորն ու Ասբեէն: Բաղան ծնեց որդիներ՝ Գէերային, Նէեմանին, Անաքիսին, Ռոսին, Մամփիմին ու Ոփիմինին: Գէերան ծնեց Արադին:
- 22 Սրանք Ռաքէլի որդիներն են, որոնց նա ծնեց Յակոբի համար. բոլորը՝ տասնութ հոգի:
- 23 Դանի որդիներից մէկն է Ասոմը:
- 24 Նեփթաղիմի որդիներն են՝ Ասիէլը, Գոնին, Ասարն ու Սիլլեմը:
- 25 Սրանք որդիներն են Բալայի, որին Լաբանը տուեց իր դուստր Ռաքէլին. Բալլան ծնեց սրանց Յակոբի համար. բոլորը՝ եօթը հոգի:
- 26 Յակոբի կողից ծնուած եւ նրա հետ Եգիպտոս մտած բոլոր մարդկանց թիւը, չհաշուած Յակոբի որդիների կանանց, վաթսունվեց է:
- 27 Յովսէփը Եգիպտոսում ունեցաւ երկու որդի: Այսպիսով Յակոբի ընտանիքի՝ Եգիպտոս մտած բոլոր տղամարդկանց թիւը եօթանասունհինգ է:
- 28 Յակոբը իրենից առաջ Յուդային ուղարկեց Յովսէփի մօտ, որպէսզի սա ընդառաջ գայ նրան Քաջաց քաղաքի մօտ՝ Ռամէսի երկրում, իսկ ինքն եկաւ Գեսեմ երկիրը:
- 29 Յովսէփը լծեց իր կառքը եւ Քաջաց քաղաքի մօտ ընդառաջ գնաց իր հայր Իսրայէլին: Երբ Յովսէփը հանդիպեց նրան, փաթաթուեց նրա վզին եւ հեկեկալով լաց եղաւ:
- 30 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Այսուհետեւ կարող եմ մեռնել, որովհետեւ տեսայ քո երեսը, եւ դու տակաւին կենդանի ես»:
- 31 Յովսէփն ասաց իր եղբայրներին ու իր հօր ընտանիքին. «Գնամ յայտնեմ փարաւոնին, որ Քանանացիների երկրում բնակուող իմ եղբայրներն ու հօրս ընտանիքը եկել են ինձ մօտ:
- 32 Նրանք խաշնարածներ են եւ իրենց անասունները, արջառներն ու ողջ ունեցուածքը բերել են այստեղ:
- 33 Արդ, եթէ փարաւոնը կանչի ձեզ ու հարցնի, թէ՝ «Ի՞նչ է ձեր գործը»,
- 34 կ՚ասէք, որ «Մենք՝ քո ծառաները, մանուկ հասակից մինչեւ այժմ խաշնարածներ ենք, մենք եւ մեր հայրը», որպէսզի նա թոյլ տայ ձեզ բնակուել Գեսեմ երկրում, որովհետեւ եգիպտացիները խորշում են ոչխարների հովիւներից»:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗