로그인

창세기 44장 Eastern (Genesis Exodus Gospels)

Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 34절

  1. 1 Յովսէփն իր պալատի կառավարչին հրաման տուեց եւ ասաց. «Այդ մարդկանց պարկերը լցրէ՛ք պարէնով այնքան, որքան կարող են տանել, եւ իւրաքանչիւրի արծաթը դրէ՛ք իր պարկի բերանին:
  2. 2 Իմ արծաթէ սկիհը դրէ՛ք կրտսեր եղբօր պարկի մէջ: Այնտեղ դրէ՛ք նաեւ նրա ցորենի գինը»: Եւ արուեց ըստ Յովսէփի ասածի:
  3. 3 Առաւօտեան թոյլ տուեցին, որ նրանք գնան իրենց էշերով:
  4. 4 Երբ նրանք քաղաքից դուրս ելան, բայց դեռ հեռու չէին գնացել, Յովսէփն ասաց իր պալատի կառավարիչին. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այդ մարդկանց, հասի՛ր նրանց ու ասա՛. «Ինչո՞ւ էք լաւութեան դիմաց վատութիւն անում:
  5. 5 Ինչո՞ւ գողացաք արծաթէ սկիհը: Չէ՞ որ դրանով էր խմում իմ տէրը եւ դրանով էր գուշակութիւն անում: Արդ, ձեր արածը չար գործ է»:
  6. 6 Երբ նա հասաւ նրանց, այդպէս էլ ասաց:
  7. 7 Նրանք պատասխանեցին նրան. «Ինչո՞ւ է տէրը այդպիսի բաներ ասում: Քա՛ւ լիցի, որ քո ծառաները նման բան արած լինեն:
  8. 8 Եթէ մեր պարկերում գտնուած արծաթը Քանանացիների երկրից մենք վերադարձրել ենք ձեզ, էլ ինչո՞ւ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի պիտի գողանայինք:
  9. 9 Արդ, քո ծառաներից ում մօտ որ գտնուի սկիհը, թող մահուան դատապարտուի, իսկ մենք՝ մնացածներս, լինենք մեր տիրոջ ստրուկները»:
  10. 10 Նա ասաց. «Թող լինի այնպէս, ինչպէս ասացիք. ում մօտ որ գտնուի սկիհը, թող նա դառնայ իմ ստրուկը, իսկ մնացածներդ համարուէք անպարտ»:
  11. 11 Եւ նրանցից իւրաքանչիւրն շտապ իջեցնելով իր բեռը՝ բացեց իր պարկը:
  12. 12 Կառավարիչը, աւագից սկսած մինչեւ կրտսերը, խուզարկեց եւ սկիհը գտաւ Բենիամինի պարկի մէջ:
  13. 13 Նրանք պատառոտեցին իրենց զգեստները, եւ իւրաքանչիւրն իր բեռը բարձելով իր էշի վրայ՝ վերադարձաւ քաղաք:
  14. 14 Յուդան ու իր եղբայրները ներկայացան Յովսէփին, երբ նա դեռ տանն էր, եւ նրա առաջ երեսի վրայ ընկան գետին:
  15. 15 Յովսէփն ասաց նրանց. «Այս ի՞նչ է ձեր արածը, մի՞թէ չգիտէք, որ այնպիսի մի մարդ, ինչպիսին ես եմ, գուշակելու կարողութիւն ունի»:
  16. 16 Յուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպէ՞ս արդարանանք: Աստուած բռնեց քո ծառաների գործած յանցանքը: Արդ, ահա մեր տիրոջ ստրուկներն ենք ե՛ւ մենք, ե՛ւ նա, ում մօտ գտնուեց սկիհը»:
  17. 17 Նա ասաց. «Քա՛ւ լիցի, ես այդպիսի բան չեմ անի: Այն մարդը, որի մօտ գտնուել է սկիհը, նա՛ թող լինի իմ ստրուկը, իսկ դուք ողջ ու անվնաս գնացէ՛ք ձեր հօր մօտ»:
  18. 18 Յուդան, մօտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տէ՛ր, թո՛յլ տուր, որ քո ծառան մի բան ասի քո առաջ: Մի՛ բարկացիր քո ծառայի վրայ, որովհետեւ փարաւոնից յետոյ դո՛ւ ես:
  19. 19 Տէ՛ր, դու հարցրեցիր քո ծառաներին եւ ասացիր, թէ՝ «Հայր կամ եղբայր ունէ՞ք»:
  20. 20 Եւ մենք պատասխանեցինք մեր տիրոջը. «Ունենք տարիքն առած մի հայր եւ մի կրտսեր եղբայր, որ նա ունեցել է ծեր տարիքում: Սրա եղբայրը մեռել է, եւ սա մնացել է իր մօր միակ որդին, եւ հայրը սիրում է նրան»:
  21. 21 Դու քո ծառաներին ասացիր. «Նրան բերէ՛ք ինձ մօտ, եւ ես կը հոգամ նրա մասին«:
  22. 22 Մենք ասացինք մեր տիրոջը. «Երեխան չի կարող բաժանուել իր հօրից, որովհետեւ եթէ բաժանուի իր հօրից, հայրը կը մեռնի»:
  23. 23 Դու ասացիր քո ծառաներին. «Եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, չհամարձակուէք երեւալ իմ աչքին»:
  24. 24 Երբ մենք գնացինք քո ծառայի՝ մեր հօր մօտ եւ յայտնեցինք նրան մեր տիրոջ խօսքերը,
  25. 25 մեր հայրն ասաց. «Նորից գնացէ՛ք եւ մի քիչ պարէն գնեցէ՛ք»:
  26. 26 Մենք ասացինք. «Չենք կարող այնտեղ իջնել, եթէ մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չիջնի: Մենք միայն այդ պայմանով կ՚իջնենք: Եթէ մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չլինի, ապա այդ մարդուն ներկայանալ չենք կարող»:
  27. 27 Քո ծառան՝ մեր հայրը, մեզ ասաց. «Դուք ինքներդ էլ գիտէք, որ իմ կին Ռաքէլն ինձ համար երկու որդի ծնեց:
  28. 28 Մէկը տնից հեռացաւ, եւ դուք ասացիք, թէ նա գազանի բաժին դարձաւ: Նրան այլեւս չեմ տեսել մինչեւ հիմա:
  29. 29 Արդ, եթէ սրան էլ տանէք իմ մօտից, եւ ճանապարհին նա հիւանդանայ, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կ՚իջեցնէք»:
  30. 30 Արդ, եթէ մենք գնանք քո ծառայի՝ մեր հօր մօտ, եւ պատանին մեզ հետ չլինի, ապա մեր հօր կեանքը կախուած կը լինի սրա կեանքից:
  31. 31 Այնպէս որ, եթէ նա այդ երեխային մեզ հետ չտեսնի, կը մեռնի, եւ մենք՝ քո ծառաները, քո ծառային՝ մեր հօրը, ծեր հասակում խոցուած սրտով գերեզման կ՚իջեցնենք:
  32. 32 Ես՝ քո ծառան, այդ մանկանն իր հօրից ստացել եմ իմ երաշխաւորութեամբ: Ես ասել եմ. «Եթէ նրան չվերադարձնեմ ու չներկայացնեմ քեզ, ապա իմ ամբողջ կեանքում թող յանցաւոր լինեմ հօրս առաջ»:
  33. 33 Արդ, այս մանկան փոխարէն ես՝ քո ծառան, լինեմ իմ տիրոջ ստրուկը, իսկ պատանին թող գնայ իր եղբայրների հետ:
  34. 34 Որովհետեւ ինչպէ՞ս կարող եմ իմ հօրը ներկայանալ, եթէ այս պատանին մեզ հետ չլինի: Թող ես չտեսնեմ այն դժբախտութիւնը, որ հօրս է վիճակուելու»:

Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗