창세기 37장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 36절
- 1 Յակոբը բնակւում էր Քանանացիների երկրում՝ այնտեղ, ուր պանդխտել էր իր հայրը:
- 2 Յակոբի սերունդը հետեւեալն է. Յովսէփը տասնեօթը տարեկան էր, երբ իր եղբայրների հետ ոչխարներ էր արածեցնում: Իր հօր կանանց՝ Բալլայի որդիներից եւ Զելփայի որդիներից փոքր էր նա: Որդիներն իրենց հայր Իսրայէլի մօտ վատաբանում էին Յովսէփին,
- 3 բայց Իսրայէլը Յովսէփին աւելի շատ էր սիրում, քան մնացած բոլոր որդիներին, որովհետեւ Յովսէփը նրա ծեր տարիքում ծնուած որդին էր: Նա նրա համար կարել էր տուել ծաղկազարդ մի պատմուճան:
- 4 Երբ նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան սիրում է իր բոլոր որդիներից աւելի, ատեցին նրան եւ նրա հետ հանգիստ խօսել չէին կարողանում:
- 5 Երազ տեսաւ Յովսէփն ու այն պատմեց իր եղբայրներին: Դրա համար եղբայրները առաւել եւս ատեցին նրան:
- 6 Նա ասաց նրանց. «Լսեցէ՛ք իմ տեսած երազը:
- 7 Թւում էր, թէ մի դաշտում հասկերի խուրձ էինք կապում: Իմ խուրձը բարձրացաւ, կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը դարձան ու երկրպագեցին իմ խրձին»:
- 8 Եղբայրներն ասացին նրան. «Միթէ որպէս թագաւո՞ր պիտի թագաւորես մեզ վրայ, կամ տէր դառնալով պիտի տիրե՞ս մեզ»: Եւ նրանք առաւել եւս ատեցին նրան այդ երազների ու խօսքերի համար:
- 9 Նա տեսաւ մի այլ երազ եւս եւ այն պատմեց իր հօրն ու եղբայրներին: Նա ասաց. «Ահա մի այլ երազ եւս տեսայ: Իբրեւ թէ արեգակն ու լուսինը եւ տասնմէկ աստղեր երկրպագում էին ինձ»:
- 10 Հայրը սաստեց նրան ու ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես: Հիմա ես, քո մայրը եւ եղբայրները պիտի գանք եւ երկրպագե՞նք քեզ»:
- 11 Վրդովուեցին նրա եղբայրները, բայց հայրը մտքում պահեց նրա պատմածը:
- 12 Նրա եղբայրները գնացին Սիւքեմ՝ իրենց հօր ոչխարներն արածեցնելու:
- 13 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Չէ՞ որ հիմա քո եղբայրները ոչխարներ են արածեցնում Սիւքեմում: Արի՛ քեզ ուղարկեմ նրանց մօտ»:
- 14 Յովսէփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»: Իսրայէլն ասաց նրան. «Գնա տե՛ս, թէ ողջ-առո՞ղջ են քո եղբայրներն ու ոչխարները, եւ ինձ լուր բեր»: Եւ Յակոբը նրան ուղարկեց այնտեղ Քեբրոնի հովտից:
- 15 Յովսէփը եկաւ Սիւքեմ եւ մի մարդ տեսաւ նրան դաշտում մոլորուած: Սա հարցրեց. «Ի՞նչ ես փնտռում»:
- 16 Նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտռում: Ասա՛ ինձ, որտե՞ղ են նրանք ոչխարներ արածեցնում»:
- 17 Մարդն ասաց նրան. «Նրանք այստեղից քոչեցին գնացին, բայց ես լսեցի, որ նրանք ասում էին. «Գնանք Դոթայիմ»: Յովսէփը գնաց իր եղբայրների ետեւից եւ նրանց գտաւ Դոթայիմում:
- 18 Նրա եղբայրները հեռուից առաջինը իրենք նկատեցին նրան, երբ նա դեռ չէր մօտեցել իրենց: Նրանք իրար մէջ չար խորհուրդ արեցին, որ սպանեն նրան:
- 19 Իւրաքանչիւրն իր եղբօրը դիմելով՝ ասում էր:
- 20 «Ահա երազատեսը գալիս է: Եկէք սպանենք նրան, նետենք այստեղի հորերից մէկի մէջ եւ ասենք, թէ՝ «Վայրի գազան է կերել նրան»: Այն ժամանակ տեսնենք, թէ ի՞նչ կը լինեն նրա երազները»:
- 21 Երբ Ռուբէնը լսեց դա, նրանց ձեռքից փրկեց նրան. նա ասաց. «Չսպանենք նրան»:
- 22 Ռուբէնն աւելացրեց. «Չթափենք նրա արիւնը, այլ նետեցէ՛ք նրան այս անապատի հորերից մէկի մէջ: Ձեռք մի՛ տուէք նրան»: Դա ասում էր, որպէսզի նրան փրկի նրանց ձեռքից եւ հասցնի իր հօրը:
- 23 Երբ Յովսէփն եկաւ իր եղբայրների մօտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկազարդ պատմուճանը
- 24 եւ նրան նետեցին հորի մէջ: Հորը դատարկ էր, մէջը ջուր չկար:
- 25 Նրանք նստեցին հաց ուտելու: Աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայէլացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից, ուղտերը խնկերով, ռետինով ու խէժով բարձած, որպէսզի դրանք տանեն Եգիպտոս:
- 26 Յուդան իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ օգուտ, եթէ սպանենք մեր եղբօրը եւ թաքցնենք նրա արիւնը:
- 27 Եկէք նրան վաճառենք իսմայէլացիներին, եւ մեր ձեռքը նրա արեամբ չպղծուի, որովհետեւ ի վերջոյ նա մեր եղբայրն է՝ նոյն միս ու արիւնից»: Եւ իր եղբայրները լսեցին նրան:
- 28 Այնտեղից անցնում էին մադիանացի վաճառականներ: Եղբայրները Յովսէփին քաշեցին-հանեցին հորից եւ քսան դահեկանով վաճառեցին իսմայէլացիներին:
- 29 Իսմայէլացիները Յովսէփին տարան Եգիպտոս: Ռուբէնը վերադարձաւ դէպի հորը եւ Յովսէփին հորի մէջ չգտաւ:
- 30 Նա պատառոտեց իր հագուստները, վերադարձաւ իր եղբայրների մօտ ու ասաց. «Պատանին այնտեղ չէ, ես այժմ ո՞ւր գնամ»:
- 31 Նրանք առան Յովսէփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին ուլի արեան մէջ,
- 32 ապա ծաղկազարդ պատմուճանն ուղարկեցին իրենց հօրն ու ասացին. «Գտել ենք սա, տե՛ս, քո՞ որդու պատմուճանն է սա, թէ՞ ոչ»:
- 33 Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանը իմ որդունն է, վայրի գազան է կերել նրան, մի գազան է յօշոտել Յովսէփին»:
- 34 Եւ նա պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մէջքին եւ երկար ժամանակ սուգ էր պահում իր որդու համար:
- 35 Հաւաքուեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարուել: Նա ասում էր. «Ես այս սգով էլ կ՚իջնեմ գերեզման՝ իմ որդու մօտ»: Եւ հայրը ողբաց նրան:
- 36 Իսկ մադիանացիները Եգիպտոսում Յովսէփին վաճառեցին փարաւոնի դահճապետին՝ ներքինի Պետափրէսին:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗