창세기 35장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 29절
- 1 Աստուած ասաց Յակոբին. «Վե՛ր կաց գնա՛ բնակավայրդ՝ Բեթէլ, բնակուի՛ր այդ վայրում եւ այնտեղ զոհասեղան կառուցի՛ր Աստծուն, որ երեւաց քեզ քո եղբայր Եսաւից փախչելու ժամանակ»:
- 2 Յակոբն ասաց իր տնեցիներին ու իր հետ եղած բոլոր մարդկանց. «Վերացրէ՛ք ձեր միջից ձեզ մօտ եղած օտար աստուածները, մաքրուեցէ՛ք, փոխեցէ՛ք ձեր զգեստները,
- 3 որ վեր կենանք գնանք Բեթէլ, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծուն, որը լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղաւ եւ ինձ պահպանեց իմ ուղեւորութեան ընթացքում»:
- 4 Նրանք Յակոբին յանձնեցին իրենց մօտ եղած օտար աստուածներն ու իրենց ականջօղերը: Յակոբը դրանք թաղեց բեւեկնի ծառի տակ, Սիկիմում, այնպէս, որ դրանք կորած են մինչեւ այսօր:
- 5 Իսրայէլը չուեց Սիկիմից: Աստծու երկիւղը պատեց դրա շուրջը գտնուող քաղաքները, եւ նրանց բնակիչները չհետապնդեցին Իսրայէլի որդիներին:
- 6 Յակոբն ինքը եւ իր հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթէլ, որը գտնւում է Քանանացիների երկրում:
- 7 Նա այնտեղ զոհասեղան շինեց, եւ այդ վայրը կոչեց Բեթէլ, որովհետեւ այնտեղ էր, որ Աստուած երեւացել էր նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսաւից:
- 8 Մեռաւ Դեբորան՝ Ռեբեկայի դայեակը, եւ թաղուեց Բեթէլից ներքեւ, կաղնու տակ: Յակոբն այդ վայրի անունը դրեց Սգոյ կաղնի:
- 9 Աստուած երեւաց Յակոբին, երբ սա Լուզում էր: Երբ Յակոբը Ասորիների Միջագետքից եկաւ Լուզ, Աստուած օրհնելով նրան՝
- 10 ասաց. «Քո անունը Յակոբ է, բայց այլեւս Յակոբ չես կոչուելու, այլ Իսրայէլ կը լինի քո անունը»: Եւ նա կոչուեց Իսրայէլ:
- 11 Աստուած ասաց նրան. «Ես եմ քո ամենակարող Աստուածը: Աճի՛ր եւ բազմացի՛ր: Ցեղեր ու ցեղախմբեր պիտի ծնուեն քեզնից, եւ թագաւորներ պիտի ելնեն քո կողից:
- 12 Այն երկիրը, որ տուել եմ Աբրահամին ու Իսահակին, քեզ եմ տալու, քոնը թող լինի: Քեզնից յետոյ քո սերնդին եմ տալու այդ երկիրը»:
- 13 Եւ Աստուած վերացաւ նրանից, այն վայրից, որտեղ խօսել էր նրա հետ,
- 14 իսկ Յակոբը կոթող կանգնեցրեց այն տեղում, որտեղ խօսել էր նրա հետ, քարէ կոթող, նրա վրայ գինի թափեց, իւղով օծեց կոթողը
- 15 եւ այն տեղը, որտեղ Աստուած խօսել էր իր հետ, կոչեց Բեթէլ:
- 16 Նա գնաց Բեթէլից, եւ երբ մօտեցաւ Քաբրաթա երկրին, որ մտնի Եփրաթա, Ռաքէլը ծննդաբերեց:
- 17 Նրա ծննդաբերութիւնը դժուարին եղաւ, եւ երկունքի ժամանակ մանկաբարձն ասաց նրան. «Արիացի՛ր, որովհետեւ էլի տղայ ես ունենում»:
- 18 Հոգին աւանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտերի որդի, իսկ հայրը նրան կոչեց Բենիամին:
- 19 Մեռաւ Ռաքէլն ու թաղուեց Եփրաթայի՝ նոյն ինքը Բեթղեհէմի ճանապարհի վրայ:
- 20 Յակոբը նրա շիրիմի վրայ կոթող կանգնեցրեց: Դա մինչեւ այսօր էլ յայտնի է իբրեւ Ռաքէլի շիրիմի կոթող:
- 21 Իսրայէլը գնաց եւ իր վրանը խփեց Գադերի աշտարակից այն կողմ:
- 22 Երբ Իսրայէլը բնակուեց այդ երկրում, Ռուբէնը գնաց ու պառկեց իր հօր հարճի՝ Բալլայի հետ: Իսրայէլն իմացաւ, եւ այդ բանը վատ թուաց նրան: Յակոբն ունէր տասներկու որդի:
- 23 Լիայից ծնուած որդիներն էին՝ Յակոբի անդրանիկ որդին՝ Ռուբէնը, Շմաւոնը, Ղեւին, Յուդան, Իսաքարը, Զաբուղոնը:
- 24 Ռաքէլից ծնուած որդիներն էին՝ Յովսէփն ու Բենիամինը: Ռաքէլի նաժիշտ Բալլայից ծնուած որդիներն էին՝ Դանն ու Նեփթաղիմը:
- 25 Լիայի նաժիշտ Զելփայից ծնուած որդիներն էին՝ Գադն ու Ասերը:
- 26 Ահա սրանք են Յակոբի որդիները, որ նա ունեցաւ Ասորիների Միջագետքում:
- 27 Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ, Մամբրէի կողմերում դաշտային մի քաղաք, այսինքն՝ Քեբրոն, որ գտնւում է Քանանացիների երկրում, ուր պանդխտեցին Աբրահամն ու Իսահակը:
- 28 Իսահակն ապրեց հարիւր ութսուն տարի:
- 29 Իսահակը հոգին աւանդեց ու մեռաւ տարիքն առած, խոր ծերութեան մէջ, նա գնաց միացաւ իր նախնիներին: Նրան թաղեցին իր որդիները՝ Եսաւն ու Յակոբը:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗