로그인

창세기 30장 Eastern (Genesis Exodus Gospels)

Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 43절

  1. 1 Երբ Ռաքէլը տեսաւ, որ ինքը Յակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը եւ Յակոբին ասաց. «Ինձ զաւակներ պարգեւի՛ր, այլապէս կը մեռնեմ»:
  2. 2 Բարկացաւ Յակոբը Ռաքէլի վրայ ու ասաց նրան. «Մի՞թէ Աստծու փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց»:
  3. 3 Ռաքէլն ասաց Յակոբին. «Ահա իմ աղախին Բալլան: Մտի՛ր նրա ծոցը, նա թող ծննդաբերի իմ ծնկների վրայ, որ ես նրա միջոցով որդիներ ունենամ»:
  4. 4 Եւ նա իր աղախին Բալլային տուեց նրան կնութեան: Յակոբը մտաւ նրա ծոցը:
  5. 5 Յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ որդի ծնեց Յակոբի համար:
  6. 6 Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ արդար դատեց, լսեց իմ ձայնը եւ ինձ որդի պարգեւեց»: Դրա համար էլ նրա անունը դրեց Դան:
  7. 7 Դարձեալ յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ երկրորդ որդի ծնեց Յակոբի համար:
  8. 8 Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ օգնեց, որովհետեւ ընդհարուեցի քրոջս հետ եւ յաղթեցի»: Եւ որդու անունը դրեց Նեփթաղիմ:
  9. 9 Երբ Լիան տեսաւ, որ ինքը դադարել է ծնելուց, իր նաժիշտ Զելփային տուեց Յակոբին կնութեան:
  10. 10 Լիայի նաժիշտ Զելփան յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի:
  11. 11 Նա ասաց. «Ես երջանիկ եմ»: Եւ նրա անունը դրեց Գադ:
  12. 12 Յղիացաւ Լիայի նաժիշտ Զելփան եւ երկրորդ որդի էլ ծնեց Յակոբի համար:
  13. 13 Լիան ասաց. «Ես բախտաւոր եմ, որովհետեւ կանայք ինձ երանի են տալու»: Եւ որդու անունը դրեց Ասեր՝ Մեծութիւն:
  14. 14 Ռուբէնը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորի խնձոր գտաւ եւ այն բերեց իր մայր Լիային: Ռաքէլը դիմելով իր քոյր Լիային՝ ասաց. «Քո որդու մանրագորներից մի քիչ տո՛ւր ինձ»:
  15. 15 Լիան պատասխանեց. «Բաւական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու մանրագո՞րն ես ուզում առնել»: Ռաքէլն ասաց. «Այդպէս չէ: Քո որդու մանրագորների փոխարէն թող նա այս գիշեր պառկի քեզ հետ»:
  16. 16 Երբ երեկոյեան Յակոբը դաշտից վերադարձաւ տուն, նրան ընդառաջ գնաց Լիան ու ասաց. «Այսօր իմ ծոցը պիտի մտնես, որովհետեւ իմ որդու մանրագորների փոխարէն վարձել եմ քեզ»: Եւ նա գիշերը պառկեց նրա հետ: Աստուած անսաց Լիային:
  17. 17 Սա յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց հինգերորդ որդի:
  18. 18 Լիան ասաց. «Աստուած տուեց իմ վարձը այն բանի համար, որ իմ աղախնին տուեցի իմ ամուսնուն»: Եւ նա նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է վարձ:
  19. 19 Մի անգամ էլ յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց վեցերորդ որդի:
  20. 20 Լիան ասաց. «Աստուած ինձ լաւ նուէր պարգեւեց. սրանից յետոյ ամուսինս ինձ կը սիրի, որովհետեւ նրա համար վեց որդի ծնեցի: Եւ նա նրա անունը դրեց Զաբուղոն:
  21. 21 Դրանից յետոյ նա աղջիկ ծնեց եւ նրա անունը դրեց Դինա:
  22. 22 Աստուած յիշեց Ռաքէլին, անսաց նրան եւ բեղմնաւոր դարձրեց նրա արգանդը:
  23. 23 Սա յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի: Ռաքէլն ասաց. «Աստուած ինձնից վերացրեց իմ ամլութեան նախատինքը»:
  24. 24 Եւ նրա անունը դրեց Յովսէփ: Նա ասաց. «Աստուած թող ինձ պարգեւի մի որդի եւս»:
  25. 25 Երբ Ռաքէլը ծնեց Յովսէփին, Յակոբն ասաց Լաբանին. «Ինձ թո՛յլ տուր, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը:
  26. 26 Տո՛ւր կանանց, որոնց համար ծառայեցի քեզ, ու իմ որդիներին, որպէսզի գնամ: Դու ինքդ էլ գիտես, թէ ինչ ծառայութիւն մատուցեցի քեզ»:
  27. 27 Լաբանը պատասխանեց նրան. «Քանի որ արժանացայ քո բարեհաճութեանը, փորձով համոզուեցի, որ Աստուած ինձ օրհնեց իմ տուն քո ոտք դնելու առթիւ»:
  28. 28 Լաբանն աւելացրեց. «Ասա՛ ինձ քո վարձը, եւ ես կը տամ»:
  29. 29 Յակոբն ասաց նրան. «Դու գիտես, թէ որքան ծառայեցի քեզ, եւ թէ որքան ոչխար էիր յանձնել ինձ: Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիւ էին,
  30. 30 իսկ այժմ դրանք անչափ աճել են: Տէր Աստուած քեզ օրհնեց քո տուն իմ ոտք դնելու առթիւ: Արդ, ե՞րբ եմ ես տուն-տեղ ունենալու»:
  31. 31 Լաբանը հարցրեց նրան. «Ի՞նչ տամ քեզ»: Յակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր, բայց միայն հետեւեալն արա՛. ես դարձեալ արածեցնեմ ու պահպանեմ քո ոչխարները:
  32. 32 Այսօր թող քո առաջով անցնի քո ամբողջ հօտը, եւ դու ջոկի՛ր իրարից բոլոր խատուտիկ ու գորշ ոչխարները եւ արածող բոլոր թուխ ոչխարները: Բոլոր խատուտիկ ոչխարներն ու պտաւոր այծերը թող լինեն իմ վարձը:
  33. 33 Իմ արդար լինելը կ՚երեւայ վաղը, որ ես վարձ ունեմ քեզնից ստանալիք: Այն բոլոր այծերը, որոնք բծաւոր ու պտաւոր չեն, եւ ոչխարները, որոնք խայտաճամուկ չեն, թող ինձ գողօն համարուեն»:
  34. 34 Լաբանն ասաց նրան. «Թող քո ասածը լինի»:
  35. 35 Լաբանն այդ օրը առանձնացրեց մոխրագոյն ու պտաւոր նոխազները, բոլոր մոխրագոյն ու պտաւոր այծերը, սպիտակ ու թուխ ոչխարները,
  36. 36 տուեց իր որդիներին եւ նրանց ուղարկեց Յակոբից հեռու երեք օրուայ ճանապարհ: Յակոբն արածեցնում էր Լաբանի մնացած հօտերը:
  37. 37 Յակոբն առաւ խնկենու, ընկուզենու եւ սօսու դալար ճիւղեր, հանեց դրանց կեղեւը, եւ երեւաց սպիտակը: Գաւազաններից կանաչ մասը քերծելուց յետոյ գաւազանների քերծուած սպիտակը գունագեղ էր երեւում:
  38. 38 Քերծած գաւազանները նա դրեց ջրի գուռերի մէջ, որ երբ հօտերը գան ջուր խմելու, այդ գաւազանների մօտ բեղմնաւորուեն:
  39. 39 Մաքիները գաւազանների մօտ բեղմնաւորւում էին եւ ծնում խայտաճամուկ, պտաւոր ու խատուտիկ գառներ:
  40. 40 Յակոբը էգ գառներն առանձնացնում էր ու դնում մաքիների դիմաց, նաեւ՝ մոխրագոյն խոյերը եւ բոլոր խայտաճամուկ ոչխարները: Նա իր հօտն առանձնացնում էր, չէր խառնում Լաբանի հօտերին:
  41. 41 Երբ գալիս էր մաքիների զուգաւորուելով յղիանալու ժամանակը, Յակոբը գաւազանները դնում էր մաքիների դիմաց, գուռերի մէջ, որպէսզի նրանք բեղմնաւորուեն գաւազանների մօտ,
  42. 42 իսկ երբ մաքիները ծնում էին, այլեւս չէր դնում: Նշան չունեցողները լինում էին Լաբանի սեփականութիւնը, իսկ նշան ունեցողները՝ Յակոբի:
  43. 43 Այսպիսով Յակոբը չափազանց շատ հարստացաւ. նա ունեցաւ շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր:

Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗