창세기 23장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 20절
- 1 Սառան դարձաւ հարիւր քսանեօթը տարեկան:
- 2 Նա մեռաւ կիրճի մէջ գտնուող Արբոկ քաղաքում: Սա Քանանացիների երկրում գտնուող Քեբրոնն է: Աբրահամը եկաւ, որ ողբայ ու սգայ Սառայի մահը:
- 3 Աբրահամը հեռացաւ իր հանգուցեալի մօտից եւ դիմելով Քետի որդիներին՝ ասաց.
- 4 «Ես ձեր մէջ պանդուխտ ու օտարական եմ: Արդ, որպէս սեփականութիւն ինձ մի գերեզմանի հող տուէ՛ք ձեզ մօտ, որ թաղեմ իմ հանգուցեալին»:
- 5 Քետի որդիները պատասխան տուեցին Աբրահամին՝ ասելով.
- 6 «Լսի՛ր մեզ, տէ՛ր: Դու մեր մէջ Աստծու նշանակած թագաւորն ես: Քո հանգուցեալին թաղի՛ր մեր լաւագոյն գերեզմաններից մէկում, որովհետեւ մեզնից ոչ մէկը չի հրաժարուի քեզ շիրիմի համար տեղ տրամադրելուց»:
- 7 Աբրահամը ելաւ եւ գլուխ տուեց այդ երկրի ժողովրդին՝ Քետի որդիներին:
- 8 Աբրահամը նրանց դիմելով՝ ասաց. «Եթէ դուք յօժար էք, որ իմ հանգուցեալին ես անձամբ թաղեմ, լսեցէ՛ք ինձ եւ իմ մասին բարեխօսեցէ՛ք Սահառի որդի Եփրոնին,
- 9 որ ինձ տայ իր ագարակի սահմաններում գտնուող զոյգ քարայրը այնքան արծաթով, որքան արժէ այն: Թող այն ձեր ներկայութեամբ ինձ տայ որպէս շիրմավայր»:
- 10 Եփրոնը քետացիների հետ նստած էր ժողովատեղում: Եփրոն քետացին պատասխան տուեց Աբրահամին եւ ի լուր Քետի որդիների ու բոլոր նրանց, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով,
- 11 ասաց. «Նայի՛ր ինձ, տէ՛ր, եւ լսի՛ր ինձ: Ագարակը տալիս եմ քեզ, քեզ եմ տալիս նաեւ այնտեղ գտնուող քարայրը: Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայութեամբ այն քեզ եմ յանձնում: Թաղի՛ր քո հանգուցեալին»:
- 12 Աբրահամը գլուխ տուեց երկրի ժողովրդի առաջ,
- 13 Եփրոնի հետ խօսեց ի լուր երկրի ժողովրդի եւ ասաց. «Քանի որ անսացիր ինձ, ուրեմն լսի՛ր ինձ: Ես քեզ կը տամ ագարակի փոխարժէքը: Վերցրո՛ւ այն ինձնից, եւ ես այնտեղ կը թաղեմ իմ հանգուցեալին»:
- 14 Եփրոնն Աբրահամին պատասխանեց եւ ասաց.
- 15 «Ո՛չ, տէ՛ր իմ, լսել եմ, որ հողամասը չորս հարիւր սատեր արծաթ արժէ: Դա ի՞նչ է որ իմ ու քո միջեւ: Դու թաղի՛ր քո հանգուցեալին»:
- 16 Աբրահամը Եփրոնին լսելուց յետոյ կշռեց եւ նրան վճարեց չորս հարիւր սատեր արծաթը, ինչպէս խոստացել էր ի լուր Քետի որդիների, վաճառականների մօտ ընդունուած գնով:
- 17 Եփրոնի ագարակը, որ Մամբրէի կաղնու հանդիպակաց զոյգ քարայրի մօտն էր, այսինքն՝ ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը, ագարակի եւ նրա շրջակայքի բոլոր ծառերը դարձան Աբրահամի սեփականութիւնը,
- 18 Քետի որդիների ներկայութեամբ, որոնք մտնում էին քաղաքի դարպասով:
- 19 Դրանից յետոյ Աբրահամն իր կին Սառային թաղեց ագարակի զոյգ քարայրում, որ Մամբրէի կաղնու դիմաց էր գտնւում, այսինքն՝ Քեբրոնում՝ Քանանացիների երկրում:
- 20 Ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը Քետի որդիների կողմից տրուեցին Աբրահամին իբրեւ նրա սեփական գերեզմանոց:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗