창세기 20장 Eastern (Genesis Exodus Gospels)
Eastern (Genesis Exodus Gospels) · 아르메니아어 · 창세기 (Genesis) · 18절
- 1 Աբրահամն այդտեղից գնաց երկրի հարաւը, բնակուեց Կադէսի ու Սուրի միջեւ, ապա տարաբնակուեց Գերարայում:
- 2 Աբրահամն իր կին Սառայի մասին ասում էր, թէ նա իր քոյրն է: Գերարացիների արքայ Աբիմելէքն ուղարկեց իր մարդկանց եւ կին առաւ Սառային:
- 3 Գիշերն Աստուած Աբիմելէքին երեւաց երազում եւ ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետեւ այդ կինը ամուսին ունի»:
- 4 Սակայն Աբիմելէքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տէ՛ր, մի՞թէ դու կը սպանես բանից անտեղեակ ու արդար մարդկանց:
- 5 Չէ՞ որ նա ասաց ինձ՝ «Իմ քոյրն է», իսկ սա ասաց ինձ՝ «Իմ եղբայրն է»: Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»:
- 6 Աստուած երազի մէջ ասաց նրան. «Գիտեմ, որ դու մաքուր սրտով ես արել այդ, դրա համար էլ ես խնայեցի քեզ, որ չմեղանչես իմ դէմ: Այդ պատճառով էլ թոյլ չտուեցի, որ մերձենաս նրան:
- 7 Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետեւ նա մարգարէ է, աղօթք կ՚անի քեզ համար, եւ դու կենդանի կը մնաս: Եթէ չվերադարձնես, իմացի՛ր, որ դու եւ բոլոր նրանք, ովքեր քո իւրայիններն են, կը մեռնէք»:
- 8 Աբիմելէքն առաւօտեան վաղ վեր կացաւ, կանչեց իր բոլոր ստրուկներին եւ նրանց պատմեց այս բոլոր բաները: Ամէնքը խիստ վախեցան:
- 9 Աբիմելէքը կանչեց Աբրահամին ու ասաց նրան. «Այդ ի՞նչ փորձանք բերեցիր դու մեր գլխին: Մենք ի՞նչ մեղք էինք գործել քո դէմ, որ իմ ու իմ թագաւորութեան վրայ այդպիսի մեծամեծ մեղքեր բարդեցիր: Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չէր արել»:
- 10 Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ի՞նչ մտածեցիր, որ նման բան արեցիր»:
- 11 Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թէ գուցէ այս վայրում էլ աստուածապաշտութիւն չկայ, եւ հնարաւոր է, որ ինձ սպանեն իմ կնոջ պատճառով:
- 12 Բայց նա, արդարեւ, իմ քոյրն է իմ հօր եւ ոչ թէ մօր կողմից, եւ դարձաւ իմ կինը:
- 13 Երբ Աստուած ինձ հանեց իմ հօր տնից, ես կնոջս ասացի. «Այս արդար քայլն արա՛ ինձ համար. ուր էլ գնանք, իմ մասին կ՚ասես, թէ՝ իմ եղբայրն է»:
- 14 Աբիմելէքն առաւ հազար սատեր, արջառ ու ոչխար, ստրուկներ ու ստրկուհիներ եւ տուեց Աբրահամին: Նրան վերադարձրեց նաեւ նրա կին Սառային:
- 15 Աբիմելէքն ասաց Աբրահամին. «Ահա քո դիմաց փռուած է իմ երկիրը, ուր հաճելի է քեզ, այնտեղ էլ բնակուի՛ր»:
- 16 Իսկ Սառային դիմելով՝ ասաց. «Ահա հազար սատեր եմ տալիս քո եղբօրը: Այն թող պատուի վկայութիւն լինի քեզ եւ քեզ հետ գտնուող բոլոր կանանց համար: Այսուհետեւ կը պատմես ամբողջ ճշմարտութիւնը»:
- 17 Աբրահամն աղօթեց Աստծուն, որը բուժեց Աբիմելէքին, ինչպէս նաեւ նրա կնոջն ու նրա աղախիններին: Նրանք արդէն կարողանում էին երեխայ ունենալ:
- 18 Մինչ այդ Տէրը Աբրահամի կին Սառայի պատճառով Աբիմելէքի ողջ տան կանանց զրկել էր երեխայ ունենալու կարողութիւնից:
- 📚 Eastern (Genesis Exodus Gospels) 책 목록
- 개역개정판 (1998)로
- 개역한글판 (1961)로
- 표준새번역 (1993)로
- King James Version로
- KJV 와 나란히
- 🌐 다른 언어·판
Eastern (Genesis Exodus Gospels) — getbible.net(CrossWire SWORD 모듈)에서 가져옴 · 라이선스: 공개 도메인 (Public Domain) · 출처 ↗